HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբոնենտը պետք է վճարի կրկնակի՞

Հարգարժան խմբագրություն, Ուզում եմ բարձրացնել մի խնդիր, որն այժմ հրատապ է և առնչվում է շատ-շատերին: Կուզենայի, որ ձեր ընթերցողները, միգուցե նաև թղթակիցները, միանային խնդրո առակայի քննարկմանը: Ես ճշգրիտ տվյալներ չունեմ Հայաստանի գազաֆիկացման վերաբերյալ, սակայն ըստ Հայաստանի Հանրապետություն օրաթերթի 2008թ. սեպտեմբերի 24-ի № 063 (632) համարում բերված տվյալների, կապույտ վառելիքից օգտվող աբոնենտների թիվն ավելի քան 550 հազար է: Անհատ աբոնենտները գազաֆիկացման համար վճարել են տարբեր, երբեմն ոչ փոքր գումարներ, սակայն արդյունքում ջերմությունն ու տաք ջուրը վերադարձել են մեր բնակարանները: 2007թ. գազը հասավ նաև այն շենք, ու ես ապրում եմ: Աչքիս առաջ է իմ բնակարանի գազաֆիկացման հատակագիծը, նաև բոլոր աշխատանքներն և օգտագործված նյութերն ամփոփող ցուցակը, այդ թվում խողովակաշարի անցկացումը մետաղական ճկուն խողովակներով: Երբ քննարկվում էր իմ բնակարանի գազաֆիկացումը, ես փորձում էի համոզել ինժեներ-նախագծողին, որ առաջին հարկում ավելի նպատակահարմար է սովորական մետաղե խողովակների օգտագործումը, որոնք ավելի ամուր են: Սակայն նա ներկայացրեց, որ ճկուն խողովակներն ավելի ամուր են, հարմար աշխատանքների անցկացման համար և այլն:  Չնայած, այդ ժամանակ քաղաքի տարբեր հատվածներում օգտագործվում էին սովորական խողովակներ: Ավելի քան 100 հազար դրամ վճարելով (ի դեպ ասեմ, որ դա 30 տոկոսով ավել էր , քան մետաղական սովորական խողովակների օգտագործման դեպքում), ես դարձա «երջանիկ» աբոնենտներից մեկը: Սակայն, երջանկությունը տևեց ընդամենը 3 տարի, որոնց ընթացքում գազսպասարկման աշխատակցին մի 3 անգամ եմ տեսել, չնայած, որ ներտնային սպասարկման համար կանոնավորապես մուծում եմ 5500 դրամ տարեկան (բազմապատկեք այդ թիվը աբոնենտների թվով. ձեր մոտ հարցեր չե՞ն առաջանում): Իսկ վերջերս գազսպասարկման աշխատակիցը եկավ ու ասաց, որ խողովակաշարի` հաշվիչից մինչև բնակարան մտնող հատվածը պետք է լինի սովորական մետաղական խողովակներով, որովհետև դա ավելի անվտանգ է: Ես դեմ չեմ!!!  Եթե իրազեկ մարդիկ պնդում են (իսկ դրանք նույն մարդիկ են, որոնք ժամանակին կողմ էին Ճկուն խողովակներ օգտագործելուն), որ այդպես ավելի անվտանգ է, ապա հարկավոր է փոխել: Բայց, դա պետք է լինի  Հայռուսգազարդի հաշվին: Եվ միայն այդպես: Որովհետև ժամանակին մենք արդեն վճարել ենք իրենց աշխատակիցների կազմած հատակագծի հիման վրա և  իրենց լիազորված աշխատակիցների կողմից անցկացրած համակարգի համար: Ինչու՞ պետք է աբոնենտը երկու անգամ վճարի նույն բանի համար: Չէ որ միանգամայն հավանական ե, որ վաղը-մյուս օրը ինչ-որ մեկը մեծ քանակով մի այլ տեսակ` օրինակ, պլաստիկից խողովակ կբերի, ու մենք «բախտ կունենանք» ևս մի անգամ տեսնելու մեր գազսպասարկման աշխատակցին, որը կառաջարկի այդ ամգամ էլ վճարել պլատիկ հաճույքի համար: Հարգելի խմբագրություն, սարկազմի պատճառը սովորական մի բնակչի վրդովմունքն է. Ամեն ինչ թանկանում է` էլեկտրականությունը, ջուրը, գազը: Մենք ստիպված ենք օգտվել այդ ամենից, և վճարել, այլապես կանջատեն, կզրկեն: Այս դեպքում էլ ակտ են ներկայացնում և սպառնում են զրկել գազից, եթե մեր հաշվին իրենց սխալը չուղղենք: Բայց սահման պիտի լինի, չէ՞: Մի խնդրանք ունեմ, թող ձեր թղթակիցները պարզեն Հայռուսգազարդից, թե որն է այդ սահմանը, և ինչու՞ է վերջինս կարծում, որ աբոնենտը պետք է կրկնակի անգամ վճարի գազից օգտվելու համար: Ամալյա Պողոսյան, ք. Երևան, Հալաբյան 22Ա, բն, 1

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter