HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչներին առայժմ թույլ չեն տվել գալ Հայաստան

Վիրահայոց թեմի առաջնորդարանից «Հետքին» տեղեկացրին, որ Հայաստան վերապատրաստման ուղարկվող ուսուցիչների համար թույլտվություն դեռեւս չեն ստացել: Մինչդեռ նախատեսվում էր երկուշաբթի հարցը կարգավորել: Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը տեղեկացրեց, որ սպասում են Վրաստանի կրթության նախարարությունից գրավոր թույլտվության, որպեսզի ուսուցիչներին ուղարկեն Երևան: Այն պատրաստ լինելու դեպքում Վրաստանի ԱԳ-ն տեղեկացնելու է Վրաստանում Հայաստանի դեսպանատանը: «Բոլոր տեղերից դրական արձագանքներ կան, տեսնենք, բայց առայժմ ոչ մի պատասխան չկա: Եթե մինչև հաջորդ երկուշաբթի ստանանք գրավոր արտոնագիրը, երկուշաբթի օրը հնարավոր է արդեն ուսուցիչներին ուղարկենք Երևան»,-ասաց Սրբազանը: Հիշեցնենք, որ հունիսի 15-ին նախատեսվում էր Վրաստանից թվով 90 ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ սկսել Հայաստանում: Սակայն հունիսի 12-ին Վրաստանի ազգային անվտանգության ներկայացուցիչներն ուսուցիչներին թույլ չէին տվել մեկնել: Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հայր Վարդանը, ով նույնպես ընդգրկված էր ծրագրում, տեղեկացրեց, որ Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը դիմել է կառավարությանը Հայ եկեղեցու պատմություն առարկայի շրջանակներում հայ ուսուցիչների վերապատրաստում կազմակերպելու խնդրանքով, որտեղից ՀՀ ԿԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը հանձնարարվել է կազմակերպել վերապատրաստման դասընթացները: Ծրագիրը 64 դասաժամից է բաղկացած: Անցկացնում է Մայր Աթոռը և Կրթության ազգային ինստիտուտը: «Երկամսյա դասընթացը պետք է մատուցվեր խտացված` երկու շաբաթվա ընթացքում»,-ասաց Հայր Վարդանը: ՀՀ ԿԳՆ Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանի հավաստմամբ, պայմանավորվածություն կար, սակայն հունիսի 12-ին ԿԳՆ տեղեկացվել է, որ խումբը չի կարող գալ, քանի որ Վրաստանի Կրթության նախարարությունը պետք է թույլտվություն տա: «Քանի որ ուսումնական տարին իրենց մոտ չի ավարտվել, ուսուցիչների բացակայությունը  նախարարությունը թույլ չի տվել: Առայժմ այդ հարցը քննարկվում է: Տեղյակ է նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա փորձել է կապվել Վրաստանի Կրթության նախարարի հետ, սակայն առայժմ հարցը կարգավորված չէ, ուսուցիչները չեն եկել, բայց կարծում ենք, ուսուցիչները կգան»,-վստահեցրեց Նունե Վարդանյանը: «Հետքի» հարցին, թե ինչ պատճառներով կարող էր այս կրթական հարցին միջամտել Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, Նունե Վարդանյանը պատասխանեց. «Վրաստանից մեզ էլ ասացին, որ նման խնդիր եղել է, բայց չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը: Մեզ պարզաբանեցին, որ ռեսուրս կենտրոնների թույլտվությունն ու համաձայնությունն իրենք ունեցել են, բայց վերջին պահին, երբ երկուշաբթի  մարդիկ պետք է գային, նրանց ասվել է, որ առանց նախարարության թույլտվության իրենք չեն կարող մեկնել Հայաստան»: Սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների հետ կապերի վարչության պետ Գևորգ Ներսիսյանը տեղյակ չէր, որ ջավախահայ ուսուցիչներին ազգային անվտանգության աշխատակիցները կանչել ու հարցաքննել են. «Մենք հաղորդելու բան չունենք: Երբ որ հայտնի կլինի նրանց գալու օրը, մենք կհայտնենք»,-ասաց նախարարության ներկայացուցիչը: Հարցին, թե ինչու է նման խնդիր առաջացել, Գ. Ներսիսյանը պատասխանեց. «Ինչ իմանամ, ես այստեղ, նրանք` այնտեղ»: Մեր երկրորդ անգամ հնչեցրած ճշգրտող հարցին, թե արդյոք Սփյուռքի նախարարությունը տեղյակ չէր, որ ուսուցիչներին տարել են Ազգային անվտանգության ծառայություն, Գևորգ Ներսիսյանը պատասխանեց. «Չէ: Ամեն ինչ նորմալ է, գալու են»: Սակայն թե երբ են գալու, Գ. Ներսիսյանը չգիտեր. «Անորոշ վիճակ է, ինչ ասեմ, ես վստահ եմ, որ գալու են»,-ամփոփեց Գևորգ Ներսիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter