HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Շուշիում ազատ բնակարան չկա

23_06-shenq Այս տարվա աշնանը ողջ հայության ուշադրությունը կփորձեն սեւեռել Շուշիի վրա. արդեն մի քանի անգամ հայտարարվել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի` այս տարի կազմակերպվելիք հեռուստամարաթոնի արդյունքում հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի վերականգնմանը: Քաղաքի վերականգնման անհրաժեշտության մասին խոսում են այն ազատագրելուց մինչ օրս, սակայն արդյունքում ունենք այսօրվա Շուշին` իր կիսակառույց ու կիսաքանդ վիճակով: Շուշիի նկատմամբ վերաբերմունքը վերջին մեկուկես տարում փոխվել է. այստեղ սկսել են շենքեր կառուցել, վերանորոգել, տարբեր ծրագրեր իրականացնել: Կառավարությունը նախատեսել է Շուշի տեղափոխել հանրապետության մի շարք պետական կառույցներ: Խոսվում է, որ այստեղ են տեղափոխվելու Գերագույն եւ Վերաքննիչ դատարանները, Կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղը, Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը: Վերջերս էլ կառավարության որոշմամբ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Գեորգի Հայրիյանը: Եթե նախկինում մարդկանց խրախուսում էին տեղափոխվել ու բնակվել Շուշիում` նրանց տրամադրելով բնակարան, բայց վերանորոգման պայմանով, այսօր ցանկացողների համար ազատ բնակարան պարզապես չկա: Շուշեցիները կատակով ասում են` ցանկացած ավերակ, ավտոտնակ ու նկուղ զբաղեցված է: Տարիներ առաջ եղել են դեպքեր, երբ բազմաբնակարանային շենքը մասնավորեցվել է ինչ-որ ընկերության կամ անձի կողմից, բայց ոչինչ չի արվել այն վերականգնելու համար: Արդյունքում այսօր Շուշիում բնակություն հաստատելու ցանկություն ունեցողների համար պարզապես բնակարան չկա: Իսկ ցանկացողների թիվն այժմ ավելի մեծ է: Քաղաքը շատ մոտ է Ստեփանակերտին, եւ այնտեղ աշխատող քաղաքացին նույնպես կարող է ապրել Շուշիում (այստեղ կարելի է ավելի մատչելի գներով բնակարան գնել կամ վարձել): Կան ընտանիքներ, որոնք հենց բնակարանի վարձակալության վճարի պատճառով են տեղափոխվում Շուշի: Մանասյանների ընտանիքը երեք ամիս առաջ տեղափոխվել է Շուշի եւ բնակարան վարձակալել: Ընտանիքի հայրը` Կամո Մանասյանը, պատմում է, որ Ստեփանակերտում ամսական 50 հազար դրամ տան վարձ էին տալիս, իսկ Շուշիում վճարում են 15 հազար դրամ: Այդ տարբերությունը նրանց ընտանիքի համար զգալի է, քանի որ կայուն եկամուտ չունեն: 23_06-KamoԿամո Մանասյանը 10-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողների հետ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից տեղափոխվել է Բաքու, որտեղ էլ մի քանի տարի հետո ամուսնացել է ազգությամբ ռուս Նինա Կարապետովայի հետ: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Բաքվում հայտնի դեպքերի պատճառով ամուսիններն իրենց երկու երեխաների հետ տեղափոխվեցին Ռուսաստան, որտեղ մեկ տարի բնակվելուց հետո վերադարձավ Ղարաբաղ: Իսկ վերադարձի ճանապարհին ծնվեց նրանց երրորդ զավակը: Այնուհետեւ սկսվեց Արցախյան պատերազմը, որի ընթացքում ընտանիքը գյուղում էր ապրում, իսկ Կամոն ընկերների հետ պաշտպանում էր հայրենիքը: Պատերազմի ավարտից հետո արդեն 5 երեխաների հայր Կամոն դերձակ էր աշխատում, սակայն 1995 թվականին որոշեց տեղափոխվել Ռուսաստան: 10 տարի այնտեղ բնակվելուց հետո որոշեց կրկին վերադառնալ հայրենիք: Կրտսեր որդու հետ վերադարձավ Ստեփանակերտ, որտեղ վարձով էին ապրում: Որոշ ժամանակ անց եկան նաեւ կինն ու մյուս որդին: Կամոյի երեք երեխաներն այժմ էլ Ռուսաստանում են ապրում: Աղջիկն արդեն ամուսնացել է ու երեխա ունի: 23_06-NinaԿամոյի կինը` Նինան, դժվար է համակերպվում, որ երեխաներից հեռու է, բայց, ինչպես ինքն է ասում, ամուսինը որտեղ որոշի մնալ` ինքն էլ կմնա: Ավելին, նրանք որոշել են Արցախ բերել նաեւ աղջկա ընտանիքը, սակայն բնակարանի հարցը լուծելուց հետո միայն: Այժմ Կամոն շինարարությունում է աշխատում: «Մի կերպ յոլա ենք գնում: Գոնե որ բնակարան ունենանք, էն տան վարձով էլ կոմունալ վճարները կմուծենք: Մեծ ցանկություն ունեմ աշխատելու, բայց քանի որ կրթությունս ռուսական է եւ հայերեն չեմ հասկանում`աշխատանք գտնելը շատ դժվար է: Գոնե եթե աշխատեմ, ինչ-որ չափով կօգնեմ տան տղամարդկանց, բայց չկա: Ոչ մի գործից էլ չեմ ամաչում` միայն թե լինի»,-ասում է Նինան: Նա հավաստիացնում է, որ եթե Շուշիում մի ավերական բնակարան էլ տան, ամուսինը կվերանորոգի ու կարգի կբերի: Կա, արդյոք, Շուշիում ազատ բնակարան: Հարցի պատասխանը փորձեցինք ճշտել Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանից, սակայն նա մեզ հայտնեց, որ ազատ բնակարան ընդհանրապես չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter