HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյանն այցելել է «Վանաձոր-Քիմպրոմ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մեկնել է Լոռու մարզ, այցելել է «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ, շրջել արտադրամասերում, ծանոթացել նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։  Կառավարության ղեկավարը եղել է ընկերության ջերմաէլեկտրակայանում եւ քիմկոմբինատում, որտեղ նրան ներկայացվել են արդեն իսկ կյանքի կոչված ծրագրերը։ Այնուհետեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի, ՀՀ գյուղատնտեսության, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարների, Լոռու մարզպետի, մի շարք գործարարների, քիմկոմբինատի գլխավոր տնօրենի մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են քիմկոմբինատի վերագործարկման հետ կապված հիմնախնդիրներն ու ռազմավարական ծրագրերը։ Կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն խորհրդակցության ընթացքում ձեռք են բերվել մի շարք նոր պայմանավորվածություններ, ըստ որի գյուղատնտեսության նախարարությունը պետք է մշակի համալիր ծրագիր պարարտանյութերի արտադրության վերաբերյալ։ Նշվել է, որ Վանաձորի քիմիական համալիրը կարող է արտադրել պարարտանյութեր, որոնք խիստ անհրաժեշտ են Հայաստանի  գյուղատնտեսության համար։ Այդ ծրագրի իրագործումը հնարավորություն կտա պլանավորել գյուղատնտեսության ոլորտի զարգացումը սեփական արտադրության պարարտանյութերի հիմքի վրա։ Գործարանի առջեւ խնդիր է դրվել մշակել համալիր ծրագիր չորս հիմնական ուղղություններով, որոնցով կարող է զարգանալ պարարտանյութերի, շինանյութերի, կարբիտի եւ արտահանման մեծ ներուժ ունեցող մի շարք այլ նյութերի արտադրությունը։ «Այս բոլոր ուղղություններով մենք պետք է ունենանք համալիր ծրագրեր, պետք է լինի ֆինանսական հոսքերի ներկայացում, շահութաբերության մակարդակ։ Բոլոր ծրագրերը պետք է արժանանան կառավարության հավանությանը։ Բնականաբար, դա գործարանի սեփականատերերի մոտ ավելի մեծ վստահություն կառաջացնի, եւ նրանք ներդրումներ կկատարեն զարգացման ուղղությամբ, ուստի վարկային միջոցների ներգրավման անհրաժեշտություն այլեւս չի լինի։ Այսօր գործարանի ֆինանսական վիճակը բարվոք չէ, ունի պարտքեր աշխատավարձերի եւ գույքահարկի գծով եւ, բնականաբար, անհրաժեշտ է, որ գործարանն սկսի աշխատել իր ողջ հզորություններով, որպեսզի ի վիճակի լինի շահույթ ունենալ»,-ասել է  Տիգրան Սարգսյանը։ Այստեղ արտադրվող շինանյութը կօգտագործվի աղետի գոտում, եւ կառուցվող արտադրամասը մեծ հզորություն կունենա։  Վարչապետը նշել է, որ արդեն պայմանավորվածություն կա աղետի գոտում շինարարություն իրականացնող ընկերությունների հետ, որպեսզի նրանք անհրաժեշտ շինանյութը գնեն հենց այստեղից։ Ինչ վերաբերում է արտադրվող պարարտանյութերին, ապա, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն բավականին առաջ են գնացել, եւ այդ արտադրությունը կսկսվի արդեն այս տարի։  Վարչապետի գնահատմամբ, որպեսզի գործարանն ունենա շահութաբերություն, անհրաժեշտ է շուրջ 6 մլն դոլար ներդրում։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Վանաձորի քիմկոմբինատի ծրագրերի իրականացմանը՝ մասնավորապես, արտադրանքի իրացմանն ու մրցունակության ապահովմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի հանձնարարականներ է տվել խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի ու խնդիրների արագ եւ արդյունավետ լուծման նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter