
Այսօր, ժամը 16.30-ի սահմաններում, Արթիկի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց ևս մեկ քաղբանտարկյալի` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Հիշեցնենք, որ նա Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, Շիրակի ԵԿՄ մարզային կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի և ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի հետ միասին դատապարտվել էր Գյումրիի թիվ 41 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրական գործընթացը խանգարելու, հանձնաժողովի անդամներին սպառնալու ու հայհոյելու մեղադրանքով:
Եվ չնայած Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հանձնաժողովի բոլոր ինը անդամները միաբերան պնդեցին, որ ամբաստանյալները ոչ մի հանցանք չեն կատարել, դատարանը Պետրոս Մակեյանին դատապարտեց 3, Աշոտ Զաքարյանին` 2,5 տարվա ազատազրկման, իսկ Շոթա Սաղաթելյանին պայմանական ազատ արձակեց:

Այսօր հորդառատ անձրևի տակ գաղութից դուրս գալով ու հավաքվածների հետ ողջագուրվելով` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը լրագրողներին ասաց, որ տխուր է, քանի որ գաղութում է թողնում իր գաղափարակից ընկերոջը` Հարություն Ուռուտյանին` ՀՀՇ Անիի տարածքային կառույցի ղեկավարին:
«Տխուր եմ, որ տղերքի մի մասը մնում են, գումարած դրան, որ երեք միլիոնս պատանդ ենք այս երկրում, պայքարը պետք է շարունակենք, որպեսզի ազատագրենք մեր քաղբանտարկյալ մնացած ընկերներին և մնացած ժողովրդին Սերժի և Քոչարյան Ռոբերտի ստեղծած համակարգից»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել