
«Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իշխող ՀՀԿ-ի կարծիքն ամփոփոխ է` մենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների կողմնակից ենք»,- այսօր «Հայելի» ակումբում, ի պատասխան ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի, ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ Ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերը չեն կարող դիտարկվել որպես նախապայման. «Շահնազարյանը խոսեց պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին, իշխանությունները բազմաթիվ անգամ ասել են, որ որեւէ պատմաբանների հանձնաժողովի մասին խոսք լինել չի կարող: Դա մինչկառավարական հանձնաժողովի մասին է խոսքը, եւ մեզ համար Ցեղասպանության հարցը սակարկման առարկա չի կարող լինել»: Շարմազանովը համոզված է, որ ուշ, թե շուտ Թուրքիան էլ կճանաչի Ցեղասպանությունը:
Իսկ այն, որ Թուրքիան հավակնում է միջնորդի դեր ստանձնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, Շարմազանովը մեկնաբանեց. «Կարող են տարբեր երկրներ տարբեր բաներ ցանկանալ, տարբեր բաների հավակնել, մենք պետք է մեր քաղաքական օրակարգով առաջնորդվենք` ելնելով մեր ազգային շահերից: Թուրքիան չի կարող դիտվել որպես միջնորդ, որովհետեւ ունի կողմնակալ մոտեցում»:
Ըստ բանախոսի` գործընթացը դեռեւս չի ավարտվել, սակայն ավելի կարեւոր է այն, որ Սերժ Սարգսյանը ապացուցեց, որ ինքը 21-րդ դարի քաղաքական գործիչ է, «բաց եւ հրապարակային մի մարդ է, որ խոսում է երկխոսության լեզվով, որի քաղաքականությունը բարձր գնահատեցին թե՛ ԱՄՆ պետդեպարտամենտը, թե՛ Բայդենը, թե՛ նախագահ Օբաման, թե՛ միջազգային հանրությունը»:
Քանի որ բանախոսը ֆուտբոլից «քիչ թե շատ հասկացող մարդ է», ինչպես ինքը նշեց, ապա, «երբ գնդակին երկու հոգի են հարվածում, այն աուտ է լինում: Ուրեմն պետք է, որ թուրքական կողմը ճիշտ փոխանցի գնդակը»:
Իսկ Վրաստանի քայլերը Շարմազանովը կոռեկտ չհամարեց մեկնաբանել, քանի որ նախագահ Սահակաշվիլին գալիս է Երեւան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել