Իշխանությունը կփոշմանի՞
«Համաներում հայտարարելու մասին» խորհրդարանում ընդունված որոշման համաձայն, երեկ ազատ արձակվեց ևս 4 քաղբանտարկյալ, այդ թվում` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Նա կալանավորվել էր 2008թ. փետրվարի 25-ին` նախագահական ընտրությունների ժամանակ «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» մեղադրանքով և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Արդեն ազատության մեջ հայտնվելով` ինչպես այլ` արդեն նախկին քաղբանտարկյալները, նա ևս հայտարարեց, թե շարունակելու է պայքարել գործող իշխանությունների օր առաջ հեռացման համար:
Ի պատասխան «Առավոտի» հարցին, թե` հնարավո՞ր է, որ իշխանությունները զղջան իրենց` համաներում հայտարարելու և դրա արդյունքում ընդդիմության շարքերը համալրելուն «գործուն աջակցություն» ցուցաբերելու համար, Պետրոս Մակեյանը նկատեց. «Կարծում եմ` կփոշմանեն սպասվող պրոցեսների ֆոնի վրա և արդեն առաջիկա հանրահավաքից հետո: Հիմա իրենք դեռ «տաք» են` մտածում են եվրոպացիներին հաշվետվություն տալու մասին»:
Համաներվածնե՛ր, ի զեն` ընդդեմ համաներողների
Եվ այսպես, եղավ այն, ինչ լինելու էր: Չհասցրինք ուշքի գալ` համաներման տակ ընկած մեկուկես տասնյակ «քաղբանտրակյալներ», այդ թվում «մարտի 1-ի» միջին տրամաչափի կազմակերպիչների քառյակը, ի դեմս դատարանի դահլիճից ազատ արձակված Հակոբ Հակոբյանի, Ալիկ Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի և Մյասնիկ Մալխասյանի, դաժան բռնապետության շղթաները թոթափելուն պես հայտնվեցին հարազատ տարերքի մեջ` հավերժական պայքարի առաջին գծում:
Իշխանությունների ներողամտության գնահատականը չուշացավ: Ձախողված հեղաշրջման ակտիվիստները լիուլի վարձահատույց եղան իրենց նկատմամբ դրսևորված գթասրտության համար. «Պայքար, պայքար մինչև վերջ, հաղթելու ենք»,- գոչեցին ու վերադարձան սիրելի զբաղմունքին` հարձակվելու հանրապետության նախագահի վրա, նզովելու և մեղադրելու բոլոր հնարավոր և անհնար մեղքերի մեջ:
Մասնավորապես նրա համար, որ համաներումը հայտարարել է «աններելի ուշացումով»` չարամտորեն խուսափելով այն բոլոր «քաղբանտարկյալների» վրա տարածելու «եվրապարտավորությունից»:
Չեն կարող թելադրել
Ոմանք այսօր հայտարարում են, թե պետք չէ թաքցնել, որ համաներման մասին որոշումը ընդունվեց Եվրախորհրդի պահանջով: «Համոզված եմ, որ այդ տեսակետը իրավական տեսակետից հիմնազուրկ է: Որևէ միջազգային կառույց չի կարող երկրի նախագահին այդպիսի պահանջ առաջադրել:
Ի դեպ, քաղաքական գործելաոճում, ցավոք, անհարկի լայն տարածում է ստացել այն, որ ոմանք միաժամանակ հայհոյում են միջազգային կառույցներին, մյուս կողմից` նրանց անգամ փորձագետների դիրքորոշումը, համարելով անբեկանելի, փորձում են յուրովի ներկայացնել»,- գտնում է Արդարադատութան նախարար Գևորգ Դանիելյանը:
Կրկին «մեծ ճատրակ»` մեր խաղատախտակին
Եվ այսպես, Ստրասբուրգում այս անգամ Հայաստանի վերաբերյալ ոչ մի հայհոյախառն բանաձև չընդունվեց: Ընդհակառակը, «եվրաբյուրոկրատները» գոհունակութամբ արձանագրեցին համաներման իրողությունը, ինչի պատճառով «Կոնգրեսի» կողմից արժանացան «ծախվածների» պատվավոր տիտղոսի, իսկ համաներումը` որպես այդպիսին, որակվեց «կապիկություն»:
Ինչևէ, եթե Հայաստանը հասել է այնպիսի բարձունքի, որ ամբողջական եվրակառույցներ են ծախվում ՀՀ իշխանություններին, դա, անշուշտ, կարող է միայն ուրախալի լինել, սակայն, ցավոք, տվյալ դեպքում ՀՀՇ-ականների ասածը հեռու է իրական լինելուց: Պարզապես այս պահի դրությամբ Եվրոպան ունի ԱՄՆ-ից տարբերվող հեռահար նպատակներ: Իսկ ընդհանուր առմամբ` ԵԽԽՎ-ն էլի մեզ թողեց մոնիթորինգի տակ, որպեսզի իր ուզած պահին կրկին քիթը խոթի մեր գործերի մեջ:
ԱՄՆ-ում Իսրայելի նոր դեսպանը չի ժխտում Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ-ում Իսրայելի նոր դեսպան Մայքլ Օրենը ցեղասպանություն է անվանել հայերի զանգվածային սպանություններն Առաջին աշխարհամարտի տարիներին, անկախ նրանից, որ Իսրայելը ժխտում է այդ փաստը: Ինչպես գրում է «The California Courier»-ի խմբագիր ու հրատարակիչ Հարութ Սասունյանը, դեսպան Օրենը կրկին հաստատել է 2007-ի մայիսի իր հայտարարությունը, որով արվել էր որպես Թաներ Աքչամի «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական ինքնության հարցը» գրքի մեկնաբանություն:
«Թեև Մայքլ Օրենն իր գիրքը հրապարակել է մինչև Վաշինգտոնում դեսպան նշանակվելը, հուսանք, որ նրա հստակ դիրքորոշումը հայոց ցեղասպանության հարցւոմ կստիպի նրան ձեռնպահ մնալ իր նախորդների քայլերից, որոնք խայտառակ կերպով ընդդիմանում էին ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը»,- գրում է Սասունյանը:
Պատրաստվել զիջումների՞
«Հայաստանը պետք է զիջումների գնա Ադրբեջանին»,- նախօրեին նման հայտարարություն է արել Հայաստանում գտնվող` ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Ըստ նրա` Հայաստանում հասարակական կարծիքը պետք է նախապատրաստել նրան, որ զիջումներ են անհրաժեշտ: «Որոշակի զիջումներ պետք է անեն թե' հայկական և թե' ադրբեջանական կողմերը»,- ընդգծել է դիվանագետը:
Կազիմիրովը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հայերը պետք է շահագրգռված լինեն հակամարտության կարգավորմամբ: «Ես չեմ կարծում, որ ռազմական գործողությունների ընթացքում գրաված տարածքների պահումը ճիշտ ուղի է»,- շեշտել է նա: Ի դեպ, շաբաթներ առաջ Կազիմիրովը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում, հակամարտող կողմերին պետք է խաղաղությունը պարտադրվի:
Մինչև տարեվերջ-2
«Ադրբեջանը ցանկանում է մինչև տարեվերջ հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագրի ստորագրման»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա չի բացառել, որ մինչև տարեվերջ նման համաձայնագիր ստորագրվի: «Եթե համաձայնագրի ստորագրում տեղի չունենա, դրանում ադրբեջանական կողմը չէ, որ մեղավոր կլինի: Դա միայն մեզանից չէ կախված»,- ընդգծել է Մամեդյարովը: Նա հիշեցրել է, որ հունիսի 26-ին Փարիզում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին ներկա են լինելու նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Հիշեցնենք, որ նախօրեին «Reuters»-ին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել էր. «Համանախագահները փորձում են մինչև տարեվերջ ԼՂ հիմնախնդրի շուրջ հասնել ամբողջական շրջանակային համաձայնագրի ստորագրման»:
Դավիթ Հարությունյանը առաջարկել է «Ա1+»-ի հարցը հանել ԵԽԽՎ զեկույցի նախագծից
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ առաջարկել է ԵԽԽՎ զեկույցի նախագծից հանել «Ա1+»-ի անունն ընդհնարապես:
Դավիթ Հարությունյանն ասել է. «Մեր առաջարկությունը վերաբերում է նրան, որ Եվրախորհրդարանի վճիռն ուղղակիորեն կապ չունի մրցույթի անցկացման հետ, ուստիև մենք առաջարկում ենք` պահպանելով պահանջը, որ պետք է անհետաձգելի հսմարվի տենդերի անցկացումը, այն հատվածը, որն ուղղակիորեն վերաբերում է «Ա1+»-ին հանել, որովհետև մեր հիմնական պարտավորությունը վերաբերում է բաց, թափանցիկ տենդերի անցկացմանը և կապ չունի այս կամ այն հեռուստաընկերության հետ, իսկ «Ա1+»-ը պետք է ունենա նույն հնարավորությունները, ինչ ցանկացած հեռուստաընկերություն: Քննարկման ընթացքում մենք կգտնենք առավել հաջողված տարբերակը այս տեքստի և բաց ենք նաև այդ քննարկման համար»:
Իսկ թե ինչո՞ւ տենդեր չի հայտարարվում և ինչո՞ւ է ԱԺ-ն օրենք ընդունել տենդերը հետաձգելու մասին, Դավիթ Հարությունյանն ասել է, թե սխալ հասցեատիրոջն են հարցն ուղղում, և ինքը դրա հետ կապ չունի:
Սիրով հրավիրում ենք
Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է «Տոյոտա-Երևան» ավտոցուցասրահի և սպասարկման կենտրոնի բացման արարողությանը:
«ՉԻ» - Սերժ Սարգսյանը շատ էլ ճիշտ է վարվել: Եթե իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որոնց համաձայն` Տոյոտայի «բիզնեսը» Հայաստանում Քոչարյանների ընտանիքի մենաշնորհն է, ուրեմն ` Սերժ Սարգսյանն իր այդ քայլով պարզապես բարոյական աջակցություն է ցուցաբերել «ամենաերիտասարդ թոշակառուին»: Հակառակ դեպքում` անհասկանալի է, թե ինչու պիտի երկրի նախագահը մասնակցի ավտոսրահի բացմանը:
Հրդեհվել է Մուսկուլ Գագոյի բենզալցակայանը
Երեկ գիշեր հանկարծակի հրդեհվել է Մուսկուլ Գագո մականունով հայտնի Գագիկ Մաթևոսյանի փոքրիկ բենզալցակայանը, որը գտնվում է Երևանի Եզնիկ Կողբացի փողոցում, Մարգարյանի անվան ծննդատան հարևանությամբ: Մուսկուլ Գագոն ազատամարտիկ է, 1992-97 թթ. ներքին զորքերի «Չղջիկներ» ջոկատի հրամանատարի տեղակալն է եղել:
Հիշեցնենք, որ նա ձերբակալվեց պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իրականացված մահափորձի քրգործի շրջանակներում: Մուսկուլի բնակարանից, ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էին պայթուցիկ նյութեր, հեռակառավարվող պայթուցիկ սարքեր, մեծ քանակությամբ զենք-զինամթերք, իսկ տանը կից կառույցում` պայթուցիկ և թունավոր նյութեր պատրաստելու ընդհատակյա քիմիական լաբորատորիա:
Ժամը 23:30-ի դրությամբ ԱԻՎ փրկարար ջոկատն արդեն հրդեհը մարել էր, պայթյուներ և զոհեր չեն եղել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել