«Թմրամիջոցները վերահսկո՞ւմ են Ձեր կյանքը...»
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կողմից հունիսի 26-ը հռչակվել է որպես թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր: Այս օրը աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են քարոզարշավներ` նպատակաուղղված ապօրինի թմրամիջոցների պատճառած վանսների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացմանը:
Միավորված ազգերի թմրամիջոցների և հանցավորության գրասենյակի կողմից 2009 թվականի հունիսի 26-ի քարոզարշավի նախատեսված կարգախոսը հայերեն հնչում է հետևյալ կերպ. «Թմրամիջոցները վերահսկո՞ւմ են Ձեր կյանքը: Ձեր կյանքը: Ձեր համայնքը: Թմրամիջոցները տեղ չունե՛ն»:
Հունիսի 26-ին նվիրված քարոզարշավը, այսպիսով, նպատակաուղղված է հանրության, և, հատկապես, երիտասարդների վրա ապօրինի թմրամիջոցների առաջացրած կործանարար հետևանքների և անհանգստությունների մասին բարձրաձայնելը: Թմրամիջոցները վնաս են հասցնում անհատներին, ընտանիքներին, և, վերջին հաշվով, ամբողջ հասարակությանը:
Թմրամիջոց գործածող մարդկանց կյանքը աստիճանաբար, սկզբից` թաքնված ձևով, սակայն կայուն կերպով սկսում է առկախ դառնալ այդ մարդու կողմից գործածվող թմրամիջոցներով: Թմրամիջոցները սկսում են «վերահսկել» թմրամիջոց գործածող անձի մարմինը և ուղեղը: Իսկ համայնքում ի հայտ են գալիս ապօրինի թմրամիջոցների վաճառքով զբաղվող մարդիկ, բարձրանում է հանցավորության մակարդակը:
Թմրամիջոցները եւ Հայաստանի աշխարհագրական դիրքը
Հայաստանը, գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, ունի թմրամիջոցների միջազգային շրջանառության տարանցիկ օղակ դառնալու տեսական հնարավորություն: Տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատած` Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված քրեական համեմատաբար մեղմ պատժամիջոցները հնարավոր է, որ երկիրը գայթակղիչ դարձնեն թմրաբիզնեսով զբաղվողների համար:
Հայաստանի և հարևան երկրների միջև ներկայիս սահմանափակ տրանսպորտային շարժը երկիրը վերածում են թմրամիջոցների տեղափոխման երկրորդական ճանապարհի:
Հիմնական երկրները, որտեղից ապօրինի թմրամիջոցները Հայաստան են ներկրվում, հանդիսանում են Հայաստանի սահմանակից երկրները` Իրանը, Վրաստանը և Թուրքիան: Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանները դեռ շարունակում են մնալ փակ, սակայն, համաձայն մեր տվյալների, Թուրքիայից Հայաստան հասնող օփիատները և հերոինը երկիր են ներմուծվում հայ-վրացական սահմանային անցակետով` ցամաքային տրանսպորտով, իսկ Իրանից` Մեղրիի անցակետով, նույնպես ցամաքային տրանսպորտով:
Սինթետիկ թմրամիջոցները Հայաստան ներմուծվում են հիմնականում Ռուսաստանից, Միջին Ասիական հանրապետություններից և Եվրոպայից: Թմրամիջոցները հիմնականում ներմուծվում են ապօրինի իրացման նպատակով, իսկ ոչ զգալի մասը` անձնական օգտագործման:
Թմրամիջոցների առգրավումներ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, 2008 թ. ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել է հանցագործությունների 763 դեպք (ՀՀ Քրեական օրենսգրքի 266-274-րդ հոդվածներ) և թմրամիջոցների հետ կապված վարչական իրավախախտումների 22 դեպք:
Մինչդեռ 2007 թ. թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը կազմել է 1084 դեպք և իրավախախտումների 6 դեպք: Այս նվազման պատճառը թերևս հեշտությամբ կարելի է բացատրել այն հանգամանքով, որ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի գործածումն ապաքրեականացվեց 2008 թ. մայիսի 15-ին և 333 դեպք, որը նախկինում որակվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 271-րդ հոդվածով` որպես քրեածին արարք, այլևս համարվեց վարչական խախտում (Վարչական իրավախախտումների 442 հոդվածով):
ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2008 թ. ընթացքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 24 կգ 395 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց (2007-ին կազմել է 43 կգ 379 գրամ): Օփիոիդային խմբի թմրամիջոցների առգրավումը կազմել է 7586 գրամ` 2007 թ. 3.185 գրամի դիմաց, մինչդեռ մարիխուանայի առգրավումը կազմել է 16.651 գրամ 2007 թ-ի 39.305 գրամի դիմաց: Գործածողների շուրջ 43,7 տոկոսը նախընտրել է օփիոիդային խմբի թմրամիջոցները, իսկ 50,1 տոկոսը` կաննաբիս:
Բացի վերը նշվածից, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից առգրավվել է 319,5 հատ հոգեմետ և թմրամիջոց պարունակող հաբ, 736 միլիլիտր քացախաթթվի անհիդրիդ:
Պատասխանատվություն` թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
2008 թ. թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության են ենթարկվել 495 անձ, որոնցից 15-ը` կին, 8 անչափահաս և 12 օտարերկյա քաղաքացի: Ընդ որում` նրանցից 337-ը եղել են 31-ից 49 տարեկան անձիք, այսինքն` ընդհանուրի շուրջ 68 տոկոսը:
Թմրամոլության բուժում
Հայաստանում թմրամիջոցներից կախվածության բուժում տրամադրվում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (ՓԲԸ) նարկոլոգիական կլինիկայում, Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում, Վանաձորի նյարդահոգեբուժական դիսպանսերում, Կապանի նյարդահոգեբուժական դիսպանսերում և Սևանի հանրապետական հոգեբուժական կենտրոնում:
Նարկոլոգիական կլինիկա ընդունված հիվանդների թիվը խիստ աճել է վերջին տարիների ընթացքում: Եթե 2002 թ. թմրամոլության բուժման է դիմել ընդամենը 7 հիվանդ, 2007 թ. արդեն 166 հիվանդ է ենթարկվել ապաթունավորման (դետոքսիկացիա), իսկ 2008-ին հիվանդների թիվը հասել է 466-ի:
Այս դրական միտումը բժշկական անձնակազմը բացատրում է երկրում թմրամոլների թվի ընդհանուր աճով և նարկոլոգիական կլինիկայում նորաստեղծ անհետաձգելի նարկոլոգիայի բաժանմունքի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմամբ: Բաժանմունքը վերանորոգվել է Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի (ՀԿԹՀԾ-5) և ՀՀ առողջապահության նախարարության համաֆինանսավորմամբ:
ՀԿԹՀԾ-5-ն օժանդակել է նաև նարկոլոգիական կլինիկայի վերականգնողական բաժանմունքի հիմնադրմանը, վերանորոգմանը, կահավորմանը և համակարգչային սարքավորումներով ապահովմանը:
Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, մոտավորապես 20 թմրամոլից միայն 1-ն է դիմում նարկոլոգիական ծառայության:
2009 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներից սկսած նարկոլոգիական կլինիկայում կնախաձեռնվի մեթադոնային փոխարինող բուժման փորձնական ծրագիր 100 օփիոիդային թմրամոլի շրջանում:
Թմրամոլության բուժումը կալանավայրերում
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նարկոլոգիական բաժանմունքում 2007 թ. բուժման է ընդունվել ընդհանուր առմամբ 43 թմրամիջոց գործածող անձ:
Նոր ի հայտ եկած թմրամիջոցներ
Հայաստանում «Կոաքսիլ» կոչվող դեղի չարաշահման արդյունքում նոր խնդիրներ են ծագել, որոնք հիմնականում պայմանավորված են վերջինիս բարձր դեղաչափերի ներարկային գործածմամբ, որն իր հերթին առաջացնում է ծանր հոգեկան խանգարումներ, ներարկման տեղում ենթամաշկային կամ ավելի խորը թափանցող նեկրոզներ, թրոմբոֆլեբիտ:
Այս դեղը մեծ տարածում է ստացել ներարկային թմրամիջոց գործածողների շրջանում, քանի որ այն, առանց բժշկի նշանակման, հեշտությամբ կարելի է ձեռք բերել դեղատանը:
Թմրամիջոցները եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը
1988 թ. մինչև 2009 թ. մայիսի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 745 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008 թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները` 548 մարդ (73,6%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 197 դեպք (26,4%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2.1%) է արձանագրվել երեխաների մոտ:
ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 59%-ը 25-39 տարիքային խմբում է: Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,8%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (41,9%):
2007 թ. թմրամիջոցների ներարկային օգտագործողների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածվածությունը կազմել է մոտ 6,8%:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել