HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարբած գյուղապետն ու պետավտոտեսուչը

Արմավիրի մարզի Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը հունիսի 15-ից կալանքի տակ է: Համայնքապետի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քր. օր-ի 316 հոդ-ի 1-ին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում: Հունիսի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արազափ գյուղում ավտովթար է տեղի ունեցել: Երբ դեպքի վայր ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ճանապարհային ոստիկանության տեսուչ, լեյտենանտ Գրիգոր Մկոյանը փորձել է տեղազննում կատարել, ալկոհոլ օգտագործած վիճակում նրան է մոտեցել գյուղապետ Մանվել Հարությունյանն ու սկսել է ոստիկանին խանգարել` կատարելու իր մասնագիտական պարտականությունները: Ըստ Գրիգոր Մկոյանի ցուցմունքի` Մանվել Հարությունյանը հայհոյանքներ ու սպառնալիքներ է տեղացել իր հասցեին, ասելով` թե քանի գլխանի ես, որ իմ գյուղում վթարի դեպք քննես: Չբավարարվելով սպառնալիքներով` գյուղապետը նաև հարվածել է ոստիկանին` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Վերջինիս տրվել է դատաբժշկի ուղեգիր: Թե ինչ աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ճանապարհային ոստիկանը` հայտնի չէ. գործը քննող Արմավիրի քննչական բաժնից տեղեկացանք, որ դատաբժշկի եզրակացությունը դեռ չեն ստացել: Միջադեպը տեսագրվել է ոստիկանական մեքենայում տեղադրված տեսախցիկով. տեսագրությունը կցվել է քրեական գործին: Ոստիկանության աշխատակցի նկատմամբ Արազափի գյուղապետի պահվածքը մարզի մյուս գյուղապետերը թեև ճիշտ չեն գնահատում, բայց նաև ճիշտ չեն համարում իրենց գործընկերոջ նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը: Մարգարայի գյուղապետ Խաչատուր Ասատրյանը, օրինակ, գտնում է, որ կարելի էր կալանքի փոխարեն ընտրել խափանման այլ միջոց, ասենք` ստորագություն չհեռանալու մասին: Ըստ նրա` Հարությունյանին դրել են հասարակության համար վտանգավոր հանցագործի տեղ ու մեկուսացրել: «Էլի կարելի  է պատժել, բայց ոչ այս ձևով (նկատի ունի կալանքը - Հ. Ա), կարծես կրկնահանցագործ են բռնել»: Մանվել Հարությունյանի նկատմամբ օրինապահների վերաբերմումքը չափազանց խիստ է համարում նաև Նոր Արտագեսի համայնքապետը. «Եթե ոստիակնն օրենքի ներկայացուցիչ է, մենք էլ` իշխանության: Իսկ ո՞վ է ասում, թե ոստիկանն իրեն ճիշտ է պահել: Նա էլ ետ չի մնացել Հարությունյանին սպառնալիքներ տեղալուց: Եվ, առհասարակ, «գայիշնիկների» վերաբերմունքը գյուղապետերիս նկատմամբ շատ արհամարհական է»,- ասաց համայնքի ղեկավար Դավիթ Ումրշատյանը: Ի պաշտպանություն Արազափի կալանավորված գյուղապետի` մարզի շուրջ 25 գյուղերի ղեկավարներ դրմել են Արմավիրի մարզպետին` նրա միջնորդությամբ Մանվել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու խնդրանքով: «Ե՛վ Արազափի բնակիչները և՛ գյուղապետերի մեծամասնությունը եղել են ինձ մոտ: Զրուցել ենք, նրանց բացատրել եմ, որ Հարությունյանն իրեն շատ վատ է պահել: Եթե անգամ ճանապարհային ոստիկանն իրեն ճիշտ չի պահել, դրա համար նա պատասխան կտար իր վերադասին: Գյուղապետը իրավունք չուներ գերազանցեր իր իրավասության սահմանները և խանգարեր ոստիկանին` անելու իր գործը: Ես, որպես նախկին ոստիկան և որպես քաղաքացի, անընդունելի են համարում Հարությունյանի պահվածքն օրենքի ներկայացուցչի նկատմամբ»,- գյուղապետերի հետ զրույցից մի հատված մեզ փոխանցելով` ասաց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Հարցին, թե, այնուամենայնիվ, կընդառաջի՞ Մ. Հարությունյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքին, մարզպետը պատասխանեց. «Թող ամեն մարդ իր գործով զբաղվի»: Իրենց գործընկերոջ նկատմամբ բռնարարքից վրդովված են նաև ոստիկանները: Արմավիրի քննչական բաժնում, հղում անելով Հանրապետության ոստիկանապետին, քննիչներից մեկը մեջբերեց հատված Ալիկ Սարգսյանի` 2008 թ. հայտարարություններից մեկից. «Իշխանության նկատմամբ ոտնձգությունը համարում եմ իմ նկատմամբ ոտնձգություն»: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter