Ակնկալվում է դեղագործության ոլորտում հայ-ճապոնական համագործակցություն
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ճապոնական «Մինոֆագեն» դեղագործական ընկերության պատվիրակությանը:
Ընկերության փոխնախագահ Տոշիցուգու Սատոնի ներկայացմամբ` Հայաստան կատարած իրենց այցի նպատակը ոչ միայն դեղամիջոցը մեր երկրում ներկայացնելը եւ իրացնելն է, այլեւ ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում դրա համատեղ արտադրության կազմակերպումը:
1938 թ. հիմնադրված ընկերությունը մասնագիտացել է հատկապես երկու դեղամիջոցների արտադրության գործում: Ավելի քան 60 տարի է, ինչ ճապոնական եւ արտասահմանյան շուկայում ընկերությունը հայտնի է իր «Ստրոնգեր նեո Մինոֆագեն» դեղով, որի քրոնիկ հեպատիտ Բ-ի եւ Ց-ի դեպքում լյարդի ֆունկցիոնալ խանգարումները կարգավորելու արդյունավետությունը գիտականորեն ապացուցված է:
«Մինոֆագեն» դեղագործական ընկերությունը նպատակ ունի այստեղ դեղամիջոցի ամպուլալցման ժամանակակից հոսքագիծ ներդնել: Այս ուղղությամբ հանդիպումների ընթացքում շահագրգիռ մարմինների կողմից «Մինոֆագեն» դեղագործական ընկերությունը դրական արձագանքներ է ստացել:
Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայության հավաստմամբ` փոխվարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության եւ անձամբ իր համար կարեւոր է առաջընթաց ապահովող ամեն մի նորույթ, առավել եւս, եթե դա առնչվում է մարդուն, նրա առողջությանը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը հետխորհրդային այն երկրներից է, ուր գիտական մեծ ներուժ կա: Այնպես որ, «Մինոֆագեն» դեղագործական ընկերության նախաձեռնությունները Հայաստանում հաջողությամբ իրագործելու համար իրական նախադրյալներ կան:
Հանդիպմանը մասնակցում են ՀՀ վարչապետի խորհրդական, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը, ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհանջանյանը, ովքեր ներկայացրել են հայ-ճապոնական գիտական կապերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել