HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՀ-ն Հայաստանին ընդհանուր առմամբ մոտ 823 միլիոն դոլարի վարկ է տրամադրել

24_06-n_omesԱյս տարվա մարտի 6-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատել էր Հայաստանին մոտ 540 ԱՄՆ դոլարի չափով վարկի տրամադրումը: Երկու օր առաջ ԱՄՀ-ի խորհուրդը հաստատել է նաև այդ գումարի ավելացումը` եւս 255 միլիոն դոլար վարկ կտրամադրվի Հայաստանին: Այսպիսով, ԱՄՀ-ի կողմից տրամադրված ընդհանուր գումարը կազմում է մոտ 823 միլիոն ԱՄՆ դոլար: Ի դեպ, այդ գումարից մոտ 250 միլիոնը արդեն տեղաբաշխվել է մարտին, և ակնկալվում է, որ մինչև այս շաբաթվա վերջ ևս 158 միլիոն կտեղաբաշխվի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: Նա նշեց այն նպատակները, որոնք հետապնդել է ԱՄՀ-ն` այս ծրագիրն իրականացնելիս: «Նախ`օգնել Հայաստանին ազատվել բացասական արտաքին ցնցումներից, որը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով է պայմանավորված: Երկրորդ` վերականգնել վստահությունը արժույթի և ֆինանսական համակարգի նկատմամբ, երրորդն էլ անապահով խավի պաշտպանությունն է, որ անապահով խավը չափազանց շատ չտուժի և չտառապի ճգնաժամի հետևանքով: ԱՄՀ-ն Հայաստանի հետ համաձայնության է եկել մի շարք տնտեսական հարցերում: Դրանք են`մակրոտնտեսական քաղաքականության թուլացումը, հարկաբյուջետային քաղաքականության թուլացումը, անապահով խավի պաշտպանությունը` ապահովելով, որ սոցիալական ծախսերը չկրճատվեն, ինչպես նաև բարեփոխումների իրականացումը և շարունակումը, որոնք կնպաստեն ինչպես վերահսկողության, այնպես էլ հարկային վարչարարության բարելավմանը»,- ասաց նա: Հունվար-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսական ցուցանիշներով արձանագրվել է 15,7 տոկոս անկում: Նինկե Օմեսը նշում է, որ իրենց համար ևս ՀՆԱ-ի անկման ցուցանիշները մտահոգիչ են: Նրա կարծիքով` այդքան ցածր ցուցանիշը պայմանավորված է նախ` Հայաստանի այդքան փոքր տնտեսությամբ, հետո` որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է շինարարական ոլորտից: «Հիմնական բացասական ազդեցությունը, որ ճգնաժամի հետևանքով Հայաստանի տնտեսությունը կրեց, այն հսկայական անկումն է, որին նպաստել է Ռուսաստանից տրանսֆերտների և դրամական փոխանցումների նվազումը: Համաշխարհային ճգնաժամի հետևանքով զգալի անկում է նկատվել նավթի գներում, որի արդյունքում հսկայական անկում է ապրել Ռուսաստանի տնտեսությունը, ինչի հետևանքով Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող հայերը կամ կորցնում են իրենց աշխատանքը կամ ավելի քիչ են վաստակում ու, բնականաբար, քիչ գումար են ուղարկում Հայաստան»,- ասաց նա: Այնուամենայնիվ, Ն. Օմեսը կանխատեսում է, որ Հայաստանում երկնիշ անկում չի լինի: Ավելին` դրական զարգացումներ էլ կան, որոնցից մեկն այն է, որ որոշակի աճ կա միջազգային գներում, ինչը Հայաստանի համար դրական երևույթ է: «Մյուս կողմից` արդեն սկսել է նաև որոշակի աճ նավթի գներում, ինչը լավ է Ռուսաստանի համար և, բնականաբար, նաև դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար: Դա է պատճառը, որ մենք որոշակի բարելավում ենք ակնկալում»,- ասաց նա: Ինչո՞ւ ԱՄՀ-ն որոշեց Հայաստանին այդքան մեծ քանակությամբ վարկ տրամադրել, և կա՞ն հաշվարկներ, թե Հայաստանը հետո ինչպե՞ս է վերադարձնելու այդ վարկերը: Ն. Օմեսի խոսքերով` իրենք անդրադառնում են ընդհանուր վճարային հաշվեկշռին, համեմատում, թե ինչքան արտարժույթ է մտնում երկիր և ինչքան է այնտեղից դուրս գալիս: «Առաջին հինգ ամիսների ընթացքում ապրանքների արտահանումը 48 տոկոսով նվազել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ոչ առևտրային տրանսֆերտները 40 տոկոսով են նվազել ապրիլին, ինչն էլ նշանակում է, որ Հայաստան ավելի քիչ գումար է մտնում, քան նախկինում: Այդ ցուցանիշների հիման վրա մենք հաշվարկում ենք, թե որքան է կազմում վճարային հաշվեկշռի դեֆիցիտը, և որքան արտարժույթ է հարկավոր Հայաստանին` ներմուծման դիմաց վճարելու համար»,- ասաց նա: ԱՄՀ ներկայացուցչի հավաստմամբ` որպես ավանդույթ Արժույթի միջազգային հիմնադրամը միշտ Կենտրոնական բանկին է վարկ տրամադրել, բայց այս անգամ իրենք նախնական համաձայնություն ունեն Հայաստանի հետ, որ այդ 823 միլիոնի որոշ մասն ուղղվելու է Կառավարությանը` մոտ 312 միլիոն: Սա նշանակում է, որ այն կարող է բյուջե ուղղվել, և Կառավարությունը դա կարող է օգտագործել ծախսերի կատարման համար, աշխատավարձերի, կենսաթոշակների վճարման համար, որի մոտավորապես կեսը կօգտագործվի 2009-ի, մյուս կեսը` 2010-ի բյուջեի համար: «Հուսով ենք, որ այդ վարկը հնարավորություն կտա կառավարությանը բյուջեն պահպանել 2009-ի սկզբնական բյուջեին մոտ մակարդակում: Եվ այլևս ծախսերի լուրջ կրճատումներ չեն լինի»,-ասաց նա` հավելելով, որ եթե այդքան խոշոր գումարներով վարկ են տրամադրում, բնականաբար, իրենք հաշվարկներ են կատարում, թե արդյոք կարողանալո՞ւ են այդ գումարը ետ վերադարձնել: «Նախ դիտարկում ենք, թե ընդհանուր պետական պարտքի (թե' Կառավարության, թե' Կենտոնական բանկի) ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ ինչ տոկոս է կազմում, և քանի որ այդքան մեծ ծավալներով վարկեր են տրամադրվում Հայաստանին ինչպես ԱՄՀ-ի, այնպես էլ Համաշխարհային բանկի, Ռուսաստանի կողմից, բնականաբար, պարտքի ցուցանիշը կտրուկ աճում է: Պետական հատվածի պարտքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում նախորդ տարվա 18 տոկոսի համեմատ կարող է 38 տոկոսի հասնել: 2011 թ.-ին կանխատեսվում է, որ պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը մինչև 46 տոկոս կհասնի, սակայն, մեր կարծիքով, դա կառավարելի մակարդակ է: Մենք գտնում ենք, որ Հայաստանը կկարողանա այդ գումարը վերադարձնել: Բնականաբար, պարտքի բեռն ավելանում է և ավելի դժվարանում է վճարելը, պարտքի մարման ռիսկն ավելանում է, բայց մենք կարծում ենք, որ դա կառավարելի ռիսկ է, և հաշվի առնելով այն, որ անցած տարիներին Հայաստանը բավական լավ կարողացել է մարել իր պարտքերը, իմ կարծիքով` Կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում ճգնաժամից դուրս գալու առումով»,- ասաց նա` նշելով, որ չնայած կանխատեսվում է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կաճի, ամեն դեպքում իրենք գտնում են, որ այն 50 տոկոսից ցածր մակարդակում կլինի, ինչը կառավարելի մակարդակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter