Սերժ Սարգսյանը ողջունել է Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հետ համատեղ մամլո ասուլիսում
«Հարգելի° պարոն նախագահ,
Տիկնա°յք եւ պարոնա°յք,
Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները Վրաստանի նախագահի եւ իր գլխավորած պատվիրակության հետ: Մենք քննարկեցինք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության արդի խնդիրների վերաբերյալ: Երկուստեք ընդգծվեց, որ մեր հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:
Աշխարհում քիչ ժողովուրդներ կարող են հպարտանալ այնքան տեւական բարեկամական հարաբերություններ ունենալու իրողությամբ, ինչպիսին առկա է հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ: Ավելորդ է նշել` ինչպիսի նշանակություն ունեն մեր երկրները միմյանց համար թե° անվտանգության, թե° քաղաքական, թե° տնտեսական, թե° մշակութային եւ թե° բազում այլ առումներով: Եվ ես վստահ եմ, որ երկու երկրների ղեկավարների եւ կառավարությունների առաջնահերթ մտահոգություններից մեկը պետք է լինի միջպետական հարաբերությունները հասցնել մեր ժողովուրդների դարավոր հարաբերությունների մակարդակին: Պետք է ասեմ, որ մեր` իմ եւ նախագահ Սահակաշվիլու շփումների ընթացքում տպավորություն եմ ստացել, ավելի ճիշտ` համոզված եմ, որ նա նույնպես կիսում է այս մոտեցումները, ինչի համար ես ուրախ եմ:
Մենք քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների ողջ համալիրը: Այս առումով հատուկ ուշադրության են արժանացրել տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Հայկական կողմը նախկինում բազմիցս շեշտել է եւ ներկայումս մնում է այն համոզմանը, որ առկա բոլոր հիմնախնդիրների լուծմանը կարելի է հասնել միայն երկխոսության, տարածաշրջանում վստահության ամրապնդման, փոխադարձ հարգանքի ու համագործակցության ճանապարհով: Մենք ողջունում ենք տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ուղղված յուրաքանչյուր քայլ:
Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում հատուկ ուշադրության ենք արժանացրել տնտեսական համագործակցության խորացման եւ համատեղ նախաձեռնությունների իրականացման խնդիրները£ Դա, հուսով ենք, կնպաստի համաշխարհային ճգնաժամի ազդեցության հետեւանքները Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունների վրա նվազեցնելու հարցում:
Հայաստանը խիստ կարեւորում է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիները, որոնք էական նշանակություն ունեն մեր տնտեսության համար: Այս առումով մենք շահագրգռվածություն ենք հայտնել Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ցամաքային ավտոմոբիլային անցակետի շուտափույթ վերագործման վերաբերյալ:
Վրաստանի հայ համայնքը եղել եւ մնում է մեզ կապող ամենաամուր կամուրջը: Այս ուղղությամբ հասկանալի է երկու կառավարությունների հետաքրքրվածությունը վրացահայ համայնքի ամրապնդման ուղղությամբ: Մենք մասնավորապես ողջունում ենք Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերը` Ջավախքում սոցիալ-տնտեսական իրավիճակը մեղմելու, ենթակառուցվածքները բարելավելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Մենք մեր կողմից պատրաստ ենք սատարելու այս գործընթացին:
Պարոն նախագահին տեղեկացրել եմ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման զարգացումների մասին: Տեղեկացրել եմ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների եւ դրանց շուրջ մեր մոտեցումների մասին: Մեր մոտեցումը պարզ է` հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների: Տարածաշրջանի երկրները պետք է գտնեն համագործակցության եզրեր` չնայած առկա տարաձայնություններին:
Հայաստանը շահագրգռված է ունենալ խաղաղ, կայուն եւ բարգավաճ հարեւան` ի դեմս Վրաստանի, որի հետ ունենք ոչ միայն համատեղ անցյալ, այլեւ ընդհանուր ապագա: Այդ առումով մենք պայմանավորվեցինք ակտիվացնել շփումները մեր քաղաքացիների միջեւ, ակտիվացնել ուսանողական փոխանակումները, մշակութային կապերը` որպես դրա հաջողված օրինակ նշելով այս տարի Հայաստանում անցկացված Վրաստանի մշակույթի օրերը եւ հաջորդ տարի Վրաստանում նախատեսված հայկական մշակութային ծրագիրը: Մենք պայմանավորվեցինք նաեւ անցկացնել ամենամյա հայ-վրացական մարզական խաղեր, նաեւ պարոն նախագահի առաջարկությամբ ամեն տարի դպրոցականների միջեւ կանցկացնենք օլիմպիադա: Առաջին այդպիսի օլիմպիադան ամենայն հավանակնությամբ տեղի կունենա այս տարվա աշնանը:
Պարոն նախագահ, այս այցելությունը կարեւոր էջ է մեր երկների ու ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամության եւ փոխհարաբերությունների զարգացման ու խորացման ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել