Արմեն Սարգսյանն ազատության մեջ է
Արմեն Սարգսյանը ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնազորից է: Նա «Ադնակլասնիկի» գործով անցնող երեք ամբաստանյալներից մեկն է, որին սկզբում ոստիկանությունը վերապահել էր այս պատմության գլխավոր «հերոսներից» մեկի դերը: Սակայն հետո, երբ գործը ստացավ հասարակական հնչեղություն եւ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, Արմեն Սարգսյանին «բաժին ընկավ» չորրորդական դերերից մեկը:
Անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին Երեւանի Խանջյան փողոցի վրա գտնվող «Ադնակլասնիկ» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր ուշքի չգալով, մահացավ:
Նրա ընկերը` Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար եւ հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանը, հայտարարեց, որ երկու երեխաների հորը` 35-ամյա Անդրանիկին, սպանել է պատգամավոր Լեւոն Սարգսյանի «բանդան» ու «եթե չձերբակալվեն «Մսաղացի Լյովիկը» եւ նրա խումբը, կլինեն նոր հանցագործություններ»:
Լեւոն Սարգսյանին, բնականաբար, որեւէ բանում չմեղադրեցին: Ավելին` նրան հարցաքննեցին ամիսներ անց, ինչը բարձրաստիճան ոստիկանները պայմանավորում էին նրանով, թե պատգամավոր Սարգսյանի անունը ոչ ոք իր ցուցմունքում չի հիշատակել: Այնինչ, լրագրող Արթուր Սահակյանը «Հետքին» տված հարցազրույցում վստահեցրել է, որ Լեւոն Սարգսյանի մասին հայտնել է «ե՛ւ առաջին ցուցմունքում, ե՛ւ հետո»:
Սեպտեմբերի 29-ին ոստիկանության լրատվության վարչությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` դրանից մեկ շաբաթ առաջ 1974 թ. ծնված Արմեն Սարգսյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ խոստովանել, որ սեպտեմբերի 21-ին «Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հեղինակն ինքն է:
Սակայն օրեր անց ոստիկանությունը նոր հաղորդագրությամբ տեղեկացրեց, թե սեպտեմբերի 27-ին բաժին ներկայացած Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը խոստովանել են, որ «Արմեն Սարգսյանի հետ մտել են սրճարան, հայհոյել ու ծեծել են աշխատակիցներին»:
Իսկ Արմեն Սարգսյանը, ով մինչ այդ ամեն ինչ վերցրել էր իր վրա, արդեն նոր ցուցմունք էր տվել եւ նշել, թե ընդամենը «ներկա է եղել սրճարանում տեղի ունեցած միջադեպին, հայհոյել է, սակայն ոչ մեկին չի հարվածել ու ծեծկռտուքին չի մասնակցել»:
Թե ինչո՞ւ Արմեն Սարգսյանին «վերապահած» գլխավոր դերը վերածվեց չորրորդականի, մամուլում արդեն դատողություններ հնչել են: Ըստ դրանց` Սամվել Ալիխանյանը եւ Սահակ Ազիբեկյանը, որոնց մարմնի կառուցվածքն ընդհանրապես չի համապատասխանում Լեւոն Սարգսյանի թիկնազորում ընդգրկվածների ֆիզիկական տվյալներին, պատահական մարդիկ են:
Եվ հնարավոր է` Ալիխանյանը եւ Ազիբեկյանը դեպքի վայրում նույնիսկ չեն էլ եղել: Պարզապես նրանք ինչ-որ բանի դիմաց համաձայնել են հանցագործությունը վերցնել իրենց վրա, որպեսզի ջրից հնարավորինս չոր դուրս գա եւ պատժից խուսափի նաեւ պատգամավոր Լ.Սարգսյանի թիկնապահ Արմեն Սարգսյանը: Ընդ որում` այս դատողություններն արվում էին մինչ դատավարության սկիզբը, երբ դեռ ոչինչ պարզ չէր:
Շատ չանցած ամեն ինչ հստակ ուրվագծվեց. քրեական գործից անջատվեց «Ադնակլասնիկում» տեղի ունեցած «խուլիգանությանը մասնակցած եւ դեռեւս ինքնությունը չպարզված անձանց մասը», իսկ հիշյալ երեք անձանց մասով գործն ուղարկվեց դատարան` ըստ էության քննելու:
Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը գործը քննեց արագացված կարգով: Մեղադրյալները, այդ թվում` Արմեն Սարգսյանը, լիովին ընդունեցին առաջադրված մեղադրանքը:
Այս տարվա մարտի 23-ին դատավոր Վարդան Աբրահամյանը Սահակ Ազիզբեկյանին դատապարտեց 8,5 տարվա ազատազրկման` «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» եւ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու» համար:
Ինչպես Սամվել Ալիխանյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը մեղադրվում էին «Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելու» մեջ:
Երկուսի համար էլ մեղադրող Արթուր Դավթյանը միջնորդել էր` որպես պատիժ սահմանել 3 տարվա ազատազրկում: Բայց դատավորը Ալեքսանյանին դատապարտեց 2,5 տարվա, իսկ Սրմեն Սարգսյանին, նույն արարքի համար, 6 ամսվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակման հաջորդ օրը` մարտի 24-ին, Արմեն Սարգսյանը հայտնվել է ազատության մեջ:
«Նա ազատ է արձակվել օրենքով սահմանված կարգով իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման ժամկետի լրանալու կապակցությամբ»,- պարզաբանում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը:
Դատավճռով Արմեն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, մնացել էր անփոփոխ` մինչեւ վճիռը կստանար օրինական ուժ: Առաջին ատյանի դատավճիռը դեռեւս օրինական ուժ չի ստացել, քանի որ, մեղադրողի բողոքարկմամբ, Վերաքննիչ դատարանում շարունակվում է բողոքի քննությունը: Այս ամենը, սակայն, որեւէ նշանակություն չունի, քանի որ խոսքը պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահի մասին է:
Նախորդ նիստին Արմեն Սարգսյանը դատարան էր եկել իր շքեղ ջիպ մակնիշի ավտոմեքենայով` ընկերների եւ փաստաբանի ուղեկցությամբ: Իսկ անցյալ շաբաթ նշանակված հերթական նիստն անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ դատավորը տեղյակ չէ, թե ամբաստանյալը երբ կներկայանա դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել