HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

pressԻնչու չենք հավատում Ընդդիմությունը հանրությանն է ներկայացնում երկրի բարգավաճման և արդարության տաճար սարքելու այնպիսի տպավորիչ ծրագիր, որ դրանց հետ համեմատած` Կամպանելլայի Արևի քաղաքը պարզապես բավականին խղճուկ տեսք ունի: Արդարության թագավորության այս խոստումներին պարզապես չենք հավատում: Ինչո՞ւ: AravotԳլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, իհարկե, նստած էր ոչ այն հացագործությունների համար, որոնք իրականում կատարել էր: Նրա դեմ սարքած գործը ծայրից ծայր անհեթեթություն էր, իսկ նրա հաշմանդամ եղբոր դեմ գործ թխելը, բացի ամեն ինչից, չի տեղավորվում նաև մարդկային որևէ չափանիշի մեջ: Բնականաբար, այս գործով պարոն Ջհանգիրյանը արժանի է անվերապահ արդարացման: Բայց գաղտնիք չէ, որ նա մասնավորապես զինդատախազի պաշտոնում իսկապես կատարել է հանցագործություններ. նրա կառույցում խոշտանգվել են կալանավորներ, «թխվել» են գործեր: Արդյոք իշխանափոխությունից հետո նա դատվելո՞ւ է այդ հանցագործությունների համար: Իհարկե, ոչ, որովհետև այն թիմը, որում նա այս պահին գտնվում է, պարտական է նրան` ծառայությունների և արիության համար: Նույնքան շինծու է այն գործը, որով դատապարտվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, և այս հարցում նրան նույնպես պետք անպարտ ճանաչել: Սակայն արդյոք իշխանափոխությունից հետո հիշելո՞ւ են, որ նա երկու անգամ ընտրություններ է կեղծել` հօգուտ Ռոբերտ Քոչարյանի` նույն Մալաթիայում, նույն կրիմինալի միջոցով: Եվ քանի որ պարոնայք Ջհանգիրյանն ու Հակոբյանը չեն դատապարտվելու, վստահ եղեք, որ Հայաստանում շարունակելու են խոշտանգել կալանավորներին, գործեր «թխել» և ընտրություններ կեղծել: Շատ պարզ տրամաբանություն է: HJԸնդունվեց ԵԽԽՎ լիագումար նիստում երեկ չնչին փոփոխություններով ընդունվեց նախօրեին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի նախագիծը: Հայաստանը, այսպիսով, մնալու է մոնիտորինգի տակ: ԵԽԽՎ կայքէջով ուղիղ հեռարձակվող քննարկմանը համազեկուցող Ժ. Կոլումբիեն ողջունեց ՀՀ քրօրում կատարված փոփոխությունները և այն կամքը, որ կդրսևորի ՀՀ իշխանությունը` համաներում կիրառելով նաև նրանց նկատմամբ, ովքեր այժմ հետախուզման մեջ են: Իսկ Պրեսկոտը հայտարարեց, թե չպետք է մոռանալ, որ Մարտի 1-ին մարդիկ են զոհվել, և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրել: Նա քննադատեց նաև ՀՀ ոստիկանությանը, որ մարդկանց նկատմամբ զենք է կիրառել, այն էլ` ժամկետանց, որը դարձել է մահվան պատճառ: «Պետք է պատասխան տրվի, թե ինչու է զենք կիրառվել մարդկանց նկատմամբ, դա պետք է անի իշխանությունը»,- ասաց Պրեսկոտը: Իսկ Լիտվայի պատվիրակության անդամ Վարեյկիսը հայտարարեց, թե «ի վերջո, «համաներում» չի նշանակում արդարադատություն, քանի որ անմեղ մարդիկ են դատապարտվել»: CHIԱմաչում են խոստովանել «Որևէ միջազգային կառույց չի կարող երկրի նախագահին այդպիսի պահանջ առաջադրել»,- հայտարարել է արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը` անդրադառնալով այն պնդումներին, որ Սերժ Սարգսյանը համաներում է իրականացրել Եվրախորհրդի պահանջով: «ՉԻ» - Զարմանալի մարդ է Գևորգ Դանիելյանը: ԵԽԽՎ-ն իր բանձևում մի քանի անգամ ՀՀ իշխանություններից պաշտոնապես պահանջել է ազատ արձակել մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ կալանքի տակ գտնվողներին, այդ բանաձևերը հրապարակվել են, ու հիմա մի ամբողջ արդարադատության նախարար հայտարարում է, թե «որևէ միջազգային կառույց» չի կարող նման բան պահանջել: Բա եթե չէր կարող, այն ժամանակ բողոքեիք, ինչո՞ւ ձայն չէիք հանում: Պաշտոնապես հայտարարեիք, որ այդ պահանջն ապօրինի է, որ դա նշանակում է միջամտել Հայաստանի ներքն գործերին և այլն: Կարելի էր նույնիսկ դատի տալ ԵԽԽՎ-ին` «պաշտոնական դիրքի չարաշահման» կամ «իշխանազանցության» համար: Չէ, մենք հասկանում ենք, որ դրսի ճնշումներին տեղի տալը Սերժ Սարգսյանի համար «զապադլո» է, բայց ճիշտն ասած` այդքան պարզունակ ձևով ակնհայտ փաստերը հերքելն ավելի «զապադլո» է: Սփյուռքահայության սխալը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախօրեին տեղեկացրել է, որ Հայաստանից դուրս ապրում է 7 մլն հայ և գործում է մոտ 33 հազար հայկական կազմակերպություն: «ՉԻ» - Սա իսկապես ֆանտաստիկ թիվ է: Որպեսզի հասկանանք, թե խոսքը ինչի մասին է, նշենք, որ Ղարաբաղում, օրինակ, ապրում է ընդամենը մոտ 25 հազար ընտանիք: Այսինքն` Ղարաբաղում ապրող յուրաքանչյուր ընտանիքին «բաժին է ընկնում» 1,3 սփյուռքահայ կազմակերպություն: Ընդ որում` այդ կազմակերպությունների հիմնական մասի գլխավոր խնդիրը «հայապահպանությունն է»: Ափսոս միայն, որ նրանց հիմնական մասը փորձում է «հայապահպանությունը պահպանել» ոչ թե Հայաստանում ու Ղարաբաղում, այլ սփյուռքում: Ի դեպ, սա ասում ենք ամենևին էլ ոչ կշտամբելու համար, պարզապես փաստն ենք արձանագրում: Իսկ սփյուռքահայ 33 հազար կազմակերպություններին հասկանալ կարելի է: Նրանք երևի ենթադրում են, թե Հայաստանի և Ղարաբաղի հայապահպանությամբ այդ երկրների իշխանություններն են զբաղվում: Ու հենց այստեղ է, որ նրանք չարաչար սխալվում են: 168-jamՏեղին չէ Երկու օր առաջ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել Հայ ազգային կոնգրեսին ու ՀՅԴ-ին ուղղված` 5 կետից բաղկացած համագործակցության նոր կոչով: Խորհրդարանական ընդդիմությունը երեկ իր կոչի հասցեատերերից դեռ պատասխան չէր ստացել: «Ես կարծում եմ, որ արդյունքում ինչ-որ ծրագիր պիտի լինի: ՀՅԴ-ն էլ ինչ-որ քայլեր կաաջարկի»,- երեկ «168 ժամի» հետ զրույցում ասել է «Ժառանգության» վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: ««ժառանգությունը» հիմա անում է մի քաղաքական քայլ, որը, իմ կարծիքով, տեղին չէ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ իր շուրջը պետք է հավաքվեն, կամ իր ասածն է անցնելու»,- «Ժառանգության» քայլն այսպես է մեկնաբանել ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը: Hayoc-ashxarhԿհանդիպենք դատարանում «Հուշարձանների հետ կապած` Սահակաշվիլուն ոչ մի ասելիք չունենք: Որովհետև Գամսախուրդիայից սկսած, Շևարդնաձեով շարունակած և Սահակաշվիլիով ավարտած` մենք այլևս հուշարձան չունենք Վրաստանի տարածքում: Նրանք փայլուն կերպով ջնջեցին ամեն բան: Այնպես որ, Սահակաշվիլու հետ այդ առումով գործ չունենք: Եվրոպայի դատարաններում գործ ունենք: Տեսեք` Ջուղան այլևս չկա` Ալիևի հետ գործ չունենք: Հանցագործություն է տեղի ունեցել` խնդիրը դատարանինն է արդեն»,- համոզված է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Azg«Հայերից ներողություն խնդրելու արշավն ընդամենը առաջին քայլն է» Թուրք առաջադեմ լրագրող և մտավորական, 2008-ի դեկտեմբերին հայերից ներողություն խնդրելու արշավն նախաձեռնող Ջենքիզ Աքթարն անցած շաբաթ Բարեգործականի «Ասպետ» կոմիտեի հրավերով գտնվել է Լոս Անջելեսում: Ինչպես հաղորդում է «Մարմարան», Աքթարն իր դասախոսությունը սկսել է հետևյալ խոսքերով. «Տարիներ իր վեր հայերի հետ կատարվածը գաղտնիք չի եղել ինձ համար: Թուրքիայում այդ հարցը հանրային քննարկման առարկա է դարձել վերջին տարիներին: Երբ ասում են խոսքի ազատություն, նշանակում է, որ արգելված թեմաները նույնպես պետք է քննարկվեն: Հայկական հարցը, անշուշտ, այդ տաբուներից մեկն էր, եթե ոչ ամենագլխավորը: Գալով այն հարցին, թե ինչն է ինձ ստիպել նախաձեռնել հայերից ներողություն խնդրելու արշավը, ապա դա, անտարակույս, իմ ընկերոջ` Հրանտ Դինքի սպանությունն էր: Այդ ոճիրը ցնցող էր, և ես հասկացա, որ մի բան պիտի անեմ` այնքան ցնցող, որքան Հրանտ Դինքի սպանությունը»: Աքթարը հայտնել է, որ ներողության արշավն ինքը միայնակ չի կազմակերպել: Ընդհանուր առմամբ, այս աշխատանքին լծված են 360 մտավորականներ, գիտնականներ ու գործարարներ: HraparakՄիստիկ վրեժ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությամբ երկու օր առաջ Եզնիկ Կողբացու 7 հասցեում գտնվող բենզալցակայանը, որում հրդեհ էր բռնկվել, գրանցված է քաղաքացի Գ. Էվինյանի անվամբ: Սակայն իրազեկ աղբյուրները պնդում են, որ կայանն իրականում պատկանում ազատամարտիկ Գագիկ Մաթևոսյանին` Մուսկուլ Գագոյին, որը կասկածվում է պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մայիսի 23-ին կազմակերպված մահափորձի մեջ և ձերբակալված է: Մուսկուլ Գագոյի բենզալակայանը հրդեհվել է ՊԵԿ նախագահի տան պայթյունից ուղիղ մեկ ամիս անց` հունիսի 23-ին, անգամ հրեդի ու պայթյունի ժամն է նույնը` 23:00: Երեկ մի խումբ երիտասարդներ շինարարների հետ մեկտեղ սկսել էն վերականգնել բենզինի հաշվիչ-լիցքավորման վահանակը, և կայանը շուտով կսկսի գործել: Այն գտնվում է Մարգարյանի ծննդատան հարևանությամբ, մոտակայքում բնակելի շենքեր են, Բարսեղ Բեգլարյանի նորակառույցները, այսինքն`Մուսկուլի պատճառով կրկին մադկանց կյանքն է վտանգվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter