HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաղաքացիության մասին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է դառնում

Երեկ կայացավ ԼՂՀ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի վերջին լիագումար նիստը, որի ընթացքում մի շարք օրինագծերի հետ մեկտեղ քննության առնվեց նաեւ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը: Օրենքի ընդունումը, ինչպես ներկայացվեց, նպատակ ունի իրացնելու անկախ քաղաքացիությունից ԼՂՀ-ում բնակվող անձանց, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում բնակվող ԼՂՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման, բնակության վայրի ընտրության եւ բնակիչների` ըստ բնակության վայրի հաշվառման իրավունքը: Նիստի ընթացքում ընդգծվեց, որ օրինագծի ընդունումը ենթադրում է նաեւ քաղաքացիության մասին եւ քաղաքական ապաստան տրամադրելու մասին օրենքների ընդունում: Պատգամավոր Վահրամ Աթանեսյանի առաջարկությամբ խորհրդարանականները որոշեցին նախագիծն ընդունել առաջին ընթերցմամբ եւ սահմանել նրա ընդունման հատուկ կարգ: Ինչպես նշվեց նիստում, երկրորդ ընթերցմամբ օրինագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո: Հիշեցնենք, որ Ղարաբաղում քաղաքացիության մասին օրենքի ընդունման վերաբերյալ արդեն վաղուց է խոսվում, օրենքի նախագիծը մտել էր նաեւ Ազգային ժողով, սակայն այն նորից հետ է վերցվել: Ըստ երեւույթին, օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում: Հարկ է հիշեցնել, որ 2007 թվականին Շուշիի առանձնակի գումարտակի եւ 6-րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, պաշտոնաթող փոխգնդապետ Ժիրայր Սէֆիլյանը դիմել էր ԼՂՀ նախագահին` քաղաքացիություն ստանալու խնդրանքով, սակայն նրան պատասխանել են, որ «դիմումը քննության կառնվի ԼՂՀ քաղաքացիության մասին օրենքի ընդունումից հետո, իսկ մինչ այդ նման դիմումները ժամանակավորապես չեն քննվում»: Տեղեկացնենք նաեւ, որ անցյալ տարի Ժիրայր Սեֆիլյանը ԼՂՀ-ից նաեւ քաղաքական ապաստան էր խնդրել, իսկ այս տարվա մայիսին մեկ անգամ եւս դիմել էր նախագահին` ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter