Հայաստանում նշվել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգին օրը
Երեկ եւ այսօր Ծաղկաձորում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը կազմակերպել է ազգային դասընթաց` Հայաստանում թմրամիջոցների ոլորտը սպասարկող գերատեսչությունները ներկայացնող իրավաբանների և իրավական հարցերով փորձագետների համար «Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կազմակերպման իրավական կարգավորման վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը տեղեկացնում է, որ երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները տեսակետներ են փոխանակել` Հայաստանում թմրամիջոցներին առնչվող օրենսդրության կատարելագործման և միջազգային լավագույն փորձի ընդունման վերաբերյալ:
Դասընթացի շրջանակներում այսօր նշվել է թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարվա կարգախոսն է` «Թմրամիջոցները վերահսկո՞ւմ են Ձեր կյանքը: Ձեր կյանքը: Ձեր համայնքը: Թմրամիջոցները տեղ չունե՞ն»: Քարոզարշավի նպատակն է համախմբել մարդկանց ուժերը և ոգևորել նրանց` հակազդելու թմրամոլությանը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը: Քարոզարշավը նաև կոչված է քաջալերելու երիտասարդներին` կարևորելու իրենց առողջությունը և հրաժարվելու թմրամիջոցներից:
Համաձայն 2008 թ. Թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցի` աշխարհում շուրջ 200 միլիոն մարդ գործածում է որևէ ապօրինի թմրամիջոց: Կանաբիս (մարիխուանա, հաշիշ) գործածողների թիվը ամենամեծն է` 162 միլիոն մարդ: Մոտ 16 միլիոն մարդ գործածում է օփիոիդներ, ներառյալ` հերոինը և շուրջ 13 միլիոն մարդ գործածում է կոկային:
Ըստ 2005 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի` Հայաստանում ներարկային թմրամիջոց գործածող մարդկանց թիվը կազմում է 7000-ից մինչև 11000: Ոստիկանության պաշտոնական տվյալների համաձայն` 2007 թ. Հանրապետությունում գրանցվել է ապօրինի թմրամիջոցների հետ կապված 1084 հանցագործություն (2004 թ.` 411 դեպք) և վարչական իրավախախտման 6 դեպք: Վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում կտրուկ աճել է թմրամոլության դեմ բուժման դիմած հիվանդների թիվը, 2002 թ. գրանցված 7 դեպքից 2008-ին հասնելով 466-ի:
«Չնայած Հայաստանի իշխանությունների և միջազգային կազմակերպությունների մեծ ջանքերին` թմրամոլությունը դեռ մնում է լրջագույն խնդիր: Խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ թմրամոլության զոհերի գերիշխող մասը երիտասարդներ են, ովքեր ի վիճակի չեն դիմագրավելու սոցիալական այնպիսի «ճնշումների», ինչպիսիք են հասակակիցների ազդեցությունը, գործազրկությունը և աղքատությունը»,- ասել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգը:
2001 թ. ՄԱԶԾ-ն Հայաստանում իրականացնում է Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագիրը (ՀԿԹՀԾ), որի 5-րդ փուլը կոչված է կյանքի կոչելու թմրամիջոցների քաղաքականության ոլորտում ԵՄ լավագույն փորձը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել