Արդեն 2 աշխատակից ստացել է գործազուրկի կարգավիճակ
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրինության կողմից Կապանի զբաղվածության մարզային կենտրոն ոչ մի պաշտոնական գրություն չի ուղարկվել սպասվելիք կրճատումների մասին: Սակայն մոտ 200-ից ավելի աշխատողներ ծանուցվել էին, որ հունիսի 15-ին լուծարվելու են նրանց պայմանագրերը: Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանի փոխանցմամբ, արդեն 2 աշխատակից հաշվառվել է իրենց մոտ` ստանալով գործազուրկի կարգավիճակ:
Ձեռնարկության համայնքի ու լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը նշեց, որ ոչ մի կրճատում չկա: «Պարզապես որոշ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի ժամկետն է լրացել, ու տնօրինությունը նպատակահարմար չի գտնում երկարաձգելու նրանց պայմանագրերը: Սա չի կարող կրճատում համարվել»,-ասաց Ռ. Տեր-Մարտիրոսյանը:
Զբաղվածության կենտրոնի ղեկավարի փաստմամբ, պայմանագրերը չերկարաձգելու մասին տնօրինությունը պարտավոր չէ տեղյակ պահել կենտրոնին: «Պարտադիր չէ, սակայն ցանկալի է, որպեսզի հետագայում մենք էլ իմանանք, թե մոտավոր քանի հոգի են դառնալու աշխատանք փնտրող»,-ասաց Ռ. Պողոսյանը:
Արդյո՞ք «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» չի խախտել կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ձեռնարկությունում կրճատումներ չի անելու. «Մենք կառավարության հետ պայմանավորվել էինք, որ ձեռնարկությունում կաշխատի 950-1000 մարդ, իսկ այսօր 1200 աշխատող ունի «Դինո ոլդ Մայնինգ Քամփնի»-ն:Այնպես որ խախտում չկա»,-ասաց ձեռնարկության պատասխանատուն: Այնուամենայնիվ, աշխատակիցներից ոմանք մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեցին, որ իրենց աշխատանքային պայմանագրռրը կնքվել էին անորոշ ժամկետով, այսինքն` սա հերթական կրճատումն է: Այնուամենայնիվ, աշխատակիցներից ոմանք, մեր ունեցած տեղեկություններով, պատրաստվում են դատարանում վիճարկել իրենց կրճատման փաստը: Իսկ մեր օրերում կրճատում կոչվածը կամ աշխատանքային պայմանագրի ժամկետը չերկարացնելը` արդյունքում նույն վիճակին է բերում` գործազրկության, ինչն ավելի է սրելու սոցիալական վիճակը: Ինչ վերաբերում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատին, ապա պաշտոնական հաղորդագրության համաձայն, այն հուլիսի 1-ից սկսելու է աշխատանքը: Այստեղ էլ, սակայն, ագարակցիները հույս չունեն, թե սայլը տեղից կշարժվի: Նրանց կարծիքով` սա հերթական խաղն է Հայաստանի կառավարության արտագնա նիստից առաջ:
Մեկնաբանել