Արցախի հարցում Թուրքիայի նախաձեռնությունները վատ հետևանք են ունենալու Հայաստանի համար
«Թուրքիան շարունակում է անընդհատ խոսել նախապայմաններով: Մեր կուսակցության կեցվածքն այն է, որ Հայաստանը պետք է հայտարարի, որ, քանի որ Թուրքիան սկսել է նախապայմաններով խոսել, մենք այս բանակցություններում չկանք: Փաստորեն, Թուրքիան սառեցրել է բանակցությունները, բայց շարունակում է իր աշխատանքները` Հայաստանի վրա Արցախի հարցով ճնշում բանեցնելու: Եվ այդ նախաձեռնությունները փաստորեն կարող են ի վերջո ունենալ վատ հետևանք»,-այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Վատ հետևանքի մասին, Կիրո Մանոյանի խոսքերով, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ որի` չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս տարի ստորագրեն մի համաձայնագիր` Արցախի հարցի կարգավորման սկզբունքների շուրջ:
«Սակայն որովհետև նման համաձայնագիր չի բխելու Արցախյան խնդրի տրամաբանությունից, դա ինքնաբերաբար, նշանակում է, որ այդ բանակցություններին վնաս կհասցնի, և ուրեմն Հայաստանը վայրկյան առաջ պետք է ասի, որ «Թուրքիայի հետ նման նախապայմաններով մենք բանակցություններ չենք շարունակում: Այն օրը, որ Թուրքիան հրաժարվի նախապայմաններից, կշարունակենք»,- ասաց Կիրո Մանոյանը:
Այնուամենայնիվ, ըստ ՀՅԴ ներկայացուցչի, Սերժ Սարգսյանի չի դադարեցնի Հայաստանի համար վնասակար այս բանակցությունները:
«Բայց կասկածում եմ, որ նախագահը այդ քայլին կգնա, որովհետև կարծես նախագահը բանակցում է նաև երրորոդ կողմի համար, այսինքն` ոչ թե միայն Հայաստան-Թուրքիա հարցեր լուծելու, այլ նաև աշխարհին ցույց տալու, որ տեսեք` մենք բանակցությունների կողմնակից պետություն ենք, որը, կարծում եմ` աշխարհը բավական տեսավ, և սրանից հետո պետք է բանակցությունների տրամաբանությունից բխող կեցվածքներ որդեգրենք և ոչ թե երրորդ կամ չորրորդ կողմերին ինչ-որ բան ցույց տալու կեցվածք որդեգրենք»,- ասաց Կիրո Մանոյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին` նա նշեց, որ գործընթացը չի սառեցվել, և Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատում է, որ ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության հարցը բարձրացվի. արդեն ներկայացված է բանաձև, որի քվեարկության գործընթացը ապահովելու համար հանձնախումբը փորձում է համահովանավորներ գտնել:
«Պետք չէ աչքաթող անել նաև այն փաստը, որ արդեն 2 տարուց ավելի է, որ Ցեղասպանության բանաձևը մնում է իսրայելյան Քնեսեթի օրակարգի վրա: Դա չի նշանակում, որ վաղը անպայման կորդեգրվի այդ բանաձևը: Բայց այն փաստը, որ նման բանաձև կա Քնեսեթի օրակարգում, արդեն հարց է, որ մենք չենք կարող անտեսել: Գործընթացը չի դադարել»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը, որով վերջինս թուրք և ադրբեջանցի պատգամավորներին խնդրել է ստորագրել ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ բանաձևի իր լրացումները` Կիրո Մանոյանն ասաց. «Կարծում եմ` սխալ էր: Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ մեր կուսակցությունը փակված էր, ընկերները բանտարկված էին, երբ ես միջազգային ինչ-որ հավաքի ժամանակ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի մասին մասնակիցներին տեղեկացնում էի, իսկապես վատ զգացում էի ունենում: Դա առաջին ու վերջին անգամն էր, և չեմ ցանկանում, որ որևէ մեկը այդ իրավիճակում հայտնվի, որովհետև մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել ներսում: Սա չի նշանակում, որ ուրեմն, անիմաստ է Եվրախորհրդի անդամակցելը, «որովհետև Եվրախորհրդում ևս պետք է լծակներ օգտագործել, որպեսզի ներսում ժողովրդավարություն ուժեղանա», բայց ոչ այն աստիճանի, որ դիմենք թուրք և ադրբեջանցի պատգամավորի»:
Միաժամանակ, Կիրո Մանոյանի կարծիքով, Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ ընդունած վերջին բանաձևը «բավական ճիշտ գնահատում է ներկա իրավիճակը: Կարծում եմ` լավ է, որ մոնիտորինգի տակ են պահում մեզ, որովհետև կարծես թե մենք ուրիշ լեզվով չենք հասկանում»:
Ըստ Կիրո Մանոյանի` ԵԽ-ն ի վերջո հասկացավ, որ Հայաստանը կարիք ունի աջակցության և ոչ թե «մտրակի, որորովհետև երբ մարդիկ սկսեն մտրակ ցույց տալ, առաջին հակազդեցությունը կլինի ինքնապաշտպանությունը, և մնացած բաները ավելի կտուժեն»:
«Բոլորս ենք տեսնում, որ հարցեր ունենք: Բայց մեր վիճակը այնքան վատ չէ, ինչքան Ադրբեջանինը, որը նույն վերաբերմունքին չի արժանանում: Մենք պետք է նաև հականանք, որ բոլորս համաձայնել ենք Եվրախորհրդի անդամ դառնալ, և ուրեմն մենք պետք է այդ ուղղությամբ աշխատանք տանենք, ոչ թե որովհետև Եվրախորհուրդն է ասում, այլ որովհետև մեր պետության համար անհրաժեշտ է, կենսական է»,- ասաց Կիրո Մանոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել