Տիգրան Սարգսյան «Ռուսական վարկը կմեղմի ճգնաժամի հետեւանքները»
Գործադիրը Սյունիքում գումարած այսօրվա նիստում որոշել է բանկային համակարգից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով բյուջետային երաշխիք տրամադրել «Լեւոն Ամիրխանյան», «Մ.Գ. - Հաուզինգ» եւ «Հերմեկ» ՍՊԸ-ներին։ Հիշյալ ընկերությունները կառավարության կողմից անավարտ բնակելի շենքերի կառուցապատմանն օժանդակելու մասին արված հայտարարության համաձայն` դիմել էին կառավարության օպերատիվ շտաբ։
Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` տրամադրվելիք բյուջետային երաշխիքների վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման նպատակով կառուցապատողների հետ կնքվելու են համապատասխան գրավի պայմանագրեր։
Նիստում ընդունված որոշմամբ` կառավարությունը հաստատել է Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրած պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը, որը նպատակ ունի խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսվարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով։
Ծրագրի գումարն է 90 մլրդ դրամ, ֆինանսավորման ձեւը` բյուջետային վարկեր, որոնք տրվում են ըստ հետեւյալ բաղադրիչների` ֆինանսաբանկային համակարգի վարկավորում` 60,5 մլրդ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորում` 6,4 մլրդ դրամ, համակարգաստեղծ կամ խոշոր ենթակառուցվածքների գործունեությունն ապահովող տնտեսվարող սուբյեկտների վարկավորում` 23,1 մլրդ դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ 90 մլրդ դրամ է բաշխվում` մեղմելու ճգնաժամի բացասական հետեւանքները։
«Հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ՌԴ վարկի օգտագործմանը, եւ այժմ մենք կարող ենք տեղեկացնել, որ եւս 24 մլրդ դրամ տրամադրվելու է աղետի գոտուն, նույնքան` աղետի գոտուն, բայց եկող տարվա համար։ Մնացած գումարը մնալու է կայունացման ֆոնդում»,- ասել է վարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել