Շուշիի մշակութային ճամբարում հանգստանում են երիտասարդներ` Լեհաստանից եւ Վրաստանից
Հունիսի 20-ից Շուշիի մշակութային ճամբարում իրենց հանգիստն են անցկացնում թվով 45 երիտասարդներ` Հայաստանից, Վրաստանից, Լեհաստանից եւ Արցախից: Մեկշաբաթյա ամառային հանգիստը, որն արդեն ավանդույթ է դառնում, անցկացվում է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ:
Կազմակերպության ղարաբաղյան մասնաճյուղի ղեկավար Դավիթ Մելքումյանը Հետքին տեղեկացրեց, որ վաղը ճամբարականներն արդեն կմեկնեն Ղարաբաղից: Այսօր նրանց ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ինչպես հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից, ողջունելով իր տարազգի հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց հանդիպման կապակցությամբ, նշելով, որ այն, փաստորեն, իրականացումն է այն պայմանավորվածության, որ ձեռք է բերվել նրանց Արցախ ժամանելու առաջին օրերին` Շուշիի ճամբարում իրենց հանպատրաստից հանդիպման ժամանակ:
«Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առայժմ չճանաչված երկիր է, բայց դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ, որպեսզի մենք ինքնուրույն կառուցենք մեր անկախ պետականությունը` առաջնորդվելով այն համընդունելի սկզբունքներով ու հիմնարար նորմերով, որոնք գործում են աշխարհի եւ, առաջին հերթին, Եվրոպայի ցանկացած ժողովրդավարական երկրում»,- հանդիպման ժամանակ ասել է Ա.Ղուլյանը:
Խորհրդարանի նախագահն այնուհետեւ երիտասարդներին հանգամանալի ներկայացրեց ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը, այդ համատեքստում` երկրի օրենսդիր մարմնի կառուցվածքն ու գործունեությունը, նշեց երկրի առաջընթացի ձեռքբերումները, անելիքներն ու հեռանկարները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել