
Ազատամարտիկ Սուրիկը նաև մահին է հաղթել
Կարմիրգյուղցի ազատամարտիկ Սուրիկ Սիմոնյանը մեկն է նրանցից, ում տապալել է թշնամու գնդակը, սակայն չի կարողացել խլել կյանքը: Գնդակը ճեղքել էր Սուրիկի ձախ քունքը, անցել ուղեղի կիսագնդերի արանքով, դուրս եկել գանգի աջ կիսագնդից: Սուրիկը պարզապես հրաշքով է կյանք վերադարձել՝ վայելելով նաև հաղթանակի բերկրանքը: Նրան նախասահմանված էր արարելու ու զավակներ ունենալու առաքելությունը:
Ապաքինվելուց տարիներ հետո Սուրիկն ամուսնանում է: Նա ունի երեք դպրոցական զավակ՝ երկու որդի և դուստր: Սուրիկը, ով առաջին կարգի հաշմանդամ է, ընտանիքի կարիքները հոգում է իր թոշակով ու նպաստով: Չնայած ֆիզիկական դժվարություններին՝ ազատամարտիկը երբեմն վերանորոգման, սալիկապատման, այլ բնույթի շինարարական աշխատանքներ է անում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մի քանի ամիս առաջ շինանյութ է հատկացրել Սուրիկին, որ վերանորոգի բնակարանը:
Արցախյան պատերազմի ժամանակ 15 օր էր մնացել Սուրիկի զորացրվելուն, երբ նա վիրավորվեց թշնամու դարանակալ գնդակից:
1994 թվականի փետրվարի ինն էր: Ռազմաճակատներում ազատամարտիկները կենաց-մահու կռիվ էին տալիս: Հրամանատար Արայիկ Մարկոսյանի ջոկատը Հորադիզի սահմանին կրակահերթ էր բացել թշնամու ուղղությամբ: Կրակում էին զենքերը, որոտում ականներն ու գնդացիրները:
Ազատամարտիկները խոցում էին ու խոցվում: Կրծքով ու մարմնով փակելով թշնամու գնդակները՝ նրանք տապալվում ու ձուլվում էին մայր հողին՝ այն ողողելով իրենց արյունով:
Սուրիկին վիրավորեց թշնամու դիպուկահարի գնդակը: Փոխհրաձգությունը տևել էր օրեր, և ոչ ոք չէր հասցրել հավաքել խրամատներում ընկած զոհերին:
Սուրիկի զինակիցները նրան համարել են մահացած: Հրամանատար Արայիկ Մարկոսյանը ցավով է պատմել, որ մարտական թեժ գործողությունների պահին մի քանի անգամ շրջանցել է Սուրիկին: Ընկերների վկայությամբ՝ նա մի քանի օր մնացել է մահացածների կողքին՝ ոչ միայն արնաքամ եղած, այլև ցրտահարված: Սուրիկը մինչև այսօր դժվարությամբ է քայլում, քանի որ ոտքերն ու կրունկներն անդառնալիորեն վնասվել են ցրտահարությունից:
Սուրիկի հայրը՝ Հովիկը, ով խորհրդային տարիներին մեծ զրկանքներով, անասնապահությամբ է մեծացրել զավակներին, հանկարծ լսում է, որ որդին մահացու վիրավորված է: Դարձյալ մեծ դժվարությամբ ու զրկանքների գնով հայրը մեկնում է որդու հետքերով: Գտնում է ռազմաճակատի բժշկին, ով Սուրիկի հորը տեղեկացնում է, որ եղել է նման ծանր վիրավոր, ում ուղարկել են Ստեփանակերտի հիվանդանոց: Վերջում ավելացնում է. «Դժվար թե մինչև հիվանդանոց հասցնելը նա ողջ մնար»:
Սուրիկի հայրը, արցունքն աչքերին, մեկնում է Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ տեղեկացնում են, որ Սուրիկին վիրահատել են և ուղարկել Երևան: Օրեր շարունակ վիրավոր ազատամարտիկի հայրը բախում է Երևանի բոլոր հիվանդանոցների դռները, ամենուրեք փնտրում որդուն:
Երկար հարցուփորձից հետո Հովիկը Սուրիկին գտնում է Նորքի նյարդավիրաբուժական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում ու ճանաչում նրան միայն ատամներից: Այդ կարճ ժամանակահատվածում ազատամարտիկն անճանաչելիորեն փոխվել էր:
Սուրիկին բուժող բժիշկ Կոլյա Խաչատրյանի վկայությամբ՝ վիրավոր զինվորը շուրջ 35 օր մնացել է անգիտակից վիճակում, բուժվել շուրջ երեք տարի:
Սուրիկի հրամանատարն ու մարտական ընկերները հիշում են ազատամարտիկի սխրանքները: Նա կռվել է Շուռնուխի, Որոտանի, Քարահունջի, Ջաբրաիլի դիրքերում ու Հորադիզում:
Հրամանատար Արայիկ Մարկոսյանը նշում է, որ մարտական գործողությունների պահին, երբ գնդացիրը սկսում էր կրակահերթ բացել, երկու մարտիկ էին կռիվ տալիս՝ Սուրիկն ու Կաբան մականունով մի զինվոր: Այսօր Կաբանը չկա. ընկավ հայրենիքը պաշտպանելիս, իսկ Սուրիկը կարողացավ հաղթել մահին:
Սուրիկն ամեն անգամ հպարտությամբ է հիշում իր ջոկատն ու զինակիցների հաղթական ուղին, միաժամանակ ցավով մտաբերում զոհված մարտական ընկերներին:
Սուրիկը ապրում է երջանիկ իր ընտանիքով և զավակների հաջողություններով ու ձեռքբերումներով: Նա գոհ է Աստծուց իր վերստացած կյանքի համար:
Անի Պողոսյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել