HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պտտահողմից տուժածները թակում են մարզպետարանի դռները

Գյուղացիների ասելով` աղետի հասցրած վնասները կառավարությանն ամենևին չեն հետաքրքրում 27_06-shirak_pttahoxmՀունիսի 11-ին Շիրակի մարզում բարձրացած պտտահողմը մեծ վնասներ է հասցրել Ախուրիկ և Ղարիբջանյան համայնքներին. պոկվել են տների կտուրները, կոտրվել ապակիները, Ախուրիկում տեղահանվել է 25 տոննանոց ջրի տարան, պտտահողմը օդում «ֆռռացրել» էր կովին: Պտտահողմի` մի քանի վայրկյանում գյուղացիներին պատճառած կորուստն այնքան մեծ է, որ նրանք գրեթե ամեն օր գյուղովի բողոքի են գալիս մարզպետարան` պարզելու, թե վերջապես երբ են իրենց փոխհատուցում տալու: Ղարիբջանյան համայնքի բնակիչների ասելով` գյուղի տասը ընտանիք «կրախի» առաջ են կանգնել: Ինչպես «Հետքին» դժգոհեց գյուղի բնակիչներից մեկը` Նորիկ Բոլեյանը. «Հարյուր տոկոսով ավերվել է կռիշս, ոչ մի բան չի մնացել կտուրից, ճիշտ է` արտակարգ իրավիճակների վարչությունից և մարզպետարանի քաղաքաշինության բաժնից եկան, չափագրումներ արին, բայց ձեն-ձուք չլսեցինք, դրա համար էլ եկել ենք մարզպետարան` պարզելու, թե մեր հալը ինչ պտի լինի: 27-_06-pttahoxmՄեր հույսը դնում ենք որոշ մարդկանց խղճին: Խիղճ ունեցան` կօգնեն, մեր Հայաստանի տարածքի վրա դեռ էսպիսի փոթորիկ չէր բարձրացել, երկու տարի առաջ եղավ Ղարաբաղում, իրենց նախագահը երկու օրվա ընթացքում վերացրեց աղետի բոլոր հետևանքները, ոչ թե փոխհատուցում տվեց, այլ վերականգնեց: Եթե գործնական քայլեր չանեն, մենք կկոշտացնենք մեր բողոքի միջոցները, կդիմենք ծայրահեղ քայլերի, ինչքան կարող ենք լռել, հնարավոր է` գյուղի ճանապարհն էլ փակենք, Երևան էլ գնանք, կառավարության շենքի դիմաց բողոքի նստենք, պետք եղավ` Եվրախորհրդարան կդիմենք, եթե երկրի ղեկավարները սիրում են խայտառակվել, թող էս անգամ էլ խայտառակվեն, էլ ճար չունենք»: Նույն գյուղի մեկ այլ բնակիչ` Սմբատ Հովհաննիսյանն էլ դժգոհեց, թե ստիպված են անձրևների տակ ապրել. «Բայց ինչքան, վերջը մենք մարդ ենք, էս մարզը տարին տասներկու ամիս անձրև ու ձմեռ է, որտեղից էդքան վեդրո ճարենք, որ ամբողջ տան մեջը շարենք ու անձրևներից փրկվենք, պատուհաններիս ապակիները լրիվ կոտրվել են, ու վատը գիտեք որն էր` փոթորիկը կտուրդ թռցնում ու ուղիղ հարևանիդ ապակիներին էր զարկում: Վնասներիս չափն էլ չգիտեմ, երբ որ էս կտուրը կապում էի, շիֆռներին չորս հազար դոլար տվեցի, հիմա ինչ իմանամ դրանց շուկայական արժեքը: Չգիտեմ` որը հոգամ, կտուրը կապեմ, թե ապակիները գնեմ»: Մեր զրուցակիցները դժգոհում են, որ հարկ հավաքելիս գյուղացիներին «խեղդում են», բայց բյուջեն կազմելիս մի գրոշ անգամ աղետների համար չեն նախատեսում: Նույն գյուղի բնակիչ Գագիկ Մակարյանն էլ ասաց, որ եթե չեն ուզում իրենց ամեն օր մարզպետարանում տեսնել, պետք է մի ճար գտնեն: Պարտքերի մեջ թաղված Ախուրիկ գյուղի բնակիչներն իրենց խնդիրն ավելի կոշտ ձեւով էին ներկայացնում` գյուղ մտնող ցանկացած անծանոթից պահանջելով գալ ու իր կտուրը կապել: Մեր` Ախուրիկ մտնելուն պես գյուղամիջում մշտապես նարդի խաղացող տարեց ծերունիներից մեկը սկսեց գոռգոռալ. «Ուռագանը իմ կտուրը քանդեց, էս հարցն ինչ պտի լինի, Ձեր ղեկավարությունը չի ամաչում` Ձեզ է գյուղ ուղարկում, ինչու չեն բարեհաճում մի հատ գան, տեսնեն ինչ օրի ենք, մեռած ենք, թե սաղ»: Մեր այն պարզաբանմանը, թե լրագրող ենք եւ առնվազն կարող ենք իրենց խնդիրը բարձրաձայնել, գյուղացիները լսել անգամ չէին ուզում: «Իմ տունը կործանել է ուռագանը, եկել ես, ուրեմն մի քիչ ֆինանսապես օգնի»: Գյուղապետարանի կենտրոնում հայտնվեց նաև մի երիտասարդ` ասելով, որ եթե կարճ ժամանակահատվածում իրեն չօգնեն, ապա ամբողջ գյուղով` անձամբ իր գլխավորությամբ, Թուրքայի սահմանը կհատեն: «Ես անձամբ սահմանի ճաղերը կջարդեմ, էդ ինչպես է մի քանի տարի առաջ Այգաբացում երկու կով սատկեց, էն ժամանակվա գյուղնախարար Դավիթ Լոքյանն Այգաբացի մեջտեղը բարձ էր դրել ու քնել, ինչի նրանցը աղետ է, մերը`ոչ: Ինչ է, փոթորիկը պարտադիր անուն պտի ունենա, Կատրինա, չգիտես ֆլան-ֆստան, որ համոզվես փոթորիկ է, հերիք ու բոլ էղավ, ես ինվալիդ տղա եմ, ապրելու ճար չունեմ, մի շաբաթ մեր կառավարությանը ժամանակ, բերեն փողերը հատիկ-հատիկ տան, էս մասին մտածին` լավ, չմտածին` իրենք գիտեն»: Գյուղացիները մեզ տանում էին իրենց տները` ցույց տալու կրած վնասները: Ախուրիկում, ըստ գյուղացիների, պտտահողմը 320 տնտեսությունից 17-ի տան ապակիներն ու կտուրները ամբողջովին ավերել է: Երիտասարդի հաշվարկներով` միայն կտուրի շինանյութը հինգ հարյուր հազար դրամ է, չհաշված բանվորի ու վարպետի ծախսերը, որոնք վերջին շրջանում շատ ավելին են, քան շինանյութի գինը: Նրանք նաև բողոքեցին, որ մարզպետարանից եկած հանձնաժողովը վնասների մասին գրառումներ անելիս գոմերի վնասված կտուրները հաշվի չի առել, հնավորինս փորձել է կառավարությանը մեղմ պատկեր ներկայացնել: «Բայց չէ որ գյուղացու խանութն էլ իր գոմն է, մենք ստեղից ենք եկամուտ ստանում, եթե կովերի գլխին մի կտուր չլինի, մրսեն ու սատկեն, մենք ինչով ենք ապրելու, առանց էն էլ նախկին գյուղապետը գեղը թալանեց, մի կոպեկի բյուջե չթողեց»,- բողոքում էին գյուղացիները: Հիշեցնենք, որ նախկին գյուղապետ Դրաստամատ Բադեյանը պարտքերի պատճառով փախել էր գյուղից: «Հետքը», Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կառլեն Աբրահամյանին փոխանցելով գյուղացիների դժգոհությունը, հարցրեց` գյուղացիների համար վնասի փոխհատուցում նախատեսվում է, թե` ոչ: «Մարզպետարանը փոխհատուցում տվող կառույց չէ, ֆինանսական միջոցներ չունի, որ գյուղացիներն ամեն օր մեր դուռ ու երդիկն են ջարդում: Մեր պարտքը եղել է` գնալ ու արձանագրել, թե ինչ է կատարվել: Հենց նույն օրը մարզպետարանի քաղաքաշինության, առողջապահության և մեր բաժնի մասնագետներից կազմված հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարել, արձանագրություն ենք կազմել, ներկայացրել ենք կառավարությանը: Թե ինչ կպատասխանի կառավարությունը, ես չեմ կարող ասել, իրենք են որոշում` ինչպես անել, մարզպետարանը նունիսկ միջնորդություն չի ներկայացնում, քանի որ կառավաորւթյունը այս ամենը ճշտում է Արտակարգ իրավիճակների վարչությունից: Իսկ եթե գյուղացիները Այգաբացի բնակչության հետ են համեմատվում, ապա դա ամոթ է, այնտեղ, իրոք, աղետ էր` անասունների գլխաքանակի մասսայական կորուստ: Եվ հետո, էդ նույն բողոքավոր, ամեն օր մարզպետարան ներկայացող գյուղացիների մեջ այնպիսի մարդիկ կան, որոնք նյութական միջոցների սղությունից չպիտի թույլ տան իրենց խոսել, սոցիալապես խիստ անապահովների հետ չպիտի ոտք մեկնեն»,- ասաց Կառլեն Աբրահամյանը` գյուղացիներին հասկացնելով հույսն իրենց վրա դնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter