HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ ուսանողների վարձավճարների հավասարեցման հարցում ԵՊՀ-ն դեռևս քննարկման արդյունքները չի ներկայացրել

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ սկսվում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը` Հայաստանի նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ: Հիշեցնենք,  որ սփյուռքահայ ուսանողները մի քանի բուհերում, որպես օտարերկրյա քաղաքացիներ, վճարում էին 30 տոկոս ավել գումար, քան ՀՀ քաղաքացի ուսանողները: Այս խմբի մեջ էին մտնում նաև ջավախքցի ուսանողները: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպումների ժամանակ սփյուռքահայ ուսանողները բազմիցս հայտնել էին իրենց մտահոգությունները` կապված սփյուռքահայ ուսանողների և ՀՀ քաղաքացիների ուսման վճարների տարբերության մասին: Նրանք պահանջում էին խտրականություն չդնել սփյուռքում ապրող հայերի և ՀՀ քաղաքացի ուսանողների միջև և հավասարեցնել իրենց վարձավճարները Հայաստանի քաղաքացիների վարձավճարներին: Ազգային ժողովում ապրիլի 9-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ արդեն ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ  քննարկվել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Արմեն Աշոտյանը նշել էր, որ օրենքում լրացում կատարելու նպատակն է` նպաստել օրենքի ուժով ամրապնդել Ջավախքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության կրթության իրավունքի իրացման սոցիալական երաշխիքներին, և հաշվի առնելով Ջավախքի ռազմավարական նշանակությունը հայապահպանության հարցում` օրենսդրական լրացմամբ կանխել խոչընդոտները` սոցիալական ճգնաժամում գտնվող հայկական տարածքը ներկայացնող երիտասարդության նկատմամբ: Վարձավճարների հավասարեցման հարցը պետք է քննարկեին բուհերը և վերջնական եզրակացությունը ներկայացնեին ԿԳՆ: «Սփյուռքահայերի հետ կապված վարձավճարները մեծ մասամբ մինչև այս տարի արդեն հավասարեցված են եղել և' պետական մանկավարժական, և' Ֆիզիկական կուլտուրայի համալսարանում, և' Կոնսերվատորիայում: Անցյալ տարի այս քայլն արել է նաև Երևանի պետական բժշկական համալսարանը, իսկ Երևանի պետական համալսարանն առ այսօր քննարկման արդյունքները չի ներկայացրել ԿԳ նախարարություն»,- «Հետքին» պարզաբանեց Կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի առաջատար մասնագետ Ամալյա Քոչարյանը: Այդուհանդերձ, ըստ մասնագետի, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև սփյուռքահայերը, իրավունք ունեն դիմել  ընդհանուր հիմունքներով և ընդունվել անվճար: «Ինչ վերաբերում է Եվրոպական և Մերձավոր արևելքի երկրներին, բուհեր կան, որ, իսկապես, որոշ չափով Հայաստանի դիմորդների վարձավճարներից 30 տոկոսով  ավելի են վճարում: Օրինակ` Իրանի իսլամական քաղաքացին ասում է` «ես էլ եմ Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, նա էլ, ինչո՞ւ նրա վարձավճարը պետք է ցածր լինի, իսկ իմը` բարձր,- ասում է Ամալյա Քոչարյանը և շարունակում,- այսպիսի խնդիրներ կան, դրա համար ներքին կարգով ջավախքահայության վճարները բոլոր տեղերում հավասարեցվել են: Միայն ԵՊՀ-ն քննարկման արդյունքների վերաբերյալ որևէ տեղեկություն չի տվել, և մենք տվել ենք անցյալ տարվա արդյունքները` բանավոր համաձայնության վրա»,- հավելեց Ամալյա Քոչարյանը: ԲՈՒՀ-երն իրենց ներքին կանոնադրությամբ ու հայեցողությամբ սահմանել էին համապատասխան կարգ, որով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սփյուռքահայ ուսանողները վճարում էին գրեթե կրկնակի: Ջավախքից եկած ուսանողները նույնպես ենթարկվում էին այդ կարգին և վճարում որպես սփյուռքահայ ուսանողներ: ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում ամրագրված է, որ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում օտարերկրացիները սովորում են միայն վճարովի համակարգում, նույնիսկ ջավախքահայերը: Բայց այստեղ ևս ջավախքահայերն իրավունք ունեն ընդհանուր հիմունքներով դիմել և մասնակցել մրցույթին և ընդունվել անվճար»,-ասաց Ամալյա Քոչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter