HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանված ամերիկահայ գործարարի դին տեղափոխվել է Լոս Անջելես

Ամերիկահայ գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դին երեկ տեղափոխվել է Լոս Անջելես: Հիշեցնենք, որ Ն.Բերբերյանը ապրիլի 25-ի երեկոյան իր բնակարանից դուրս էր եկել, եւ դրանից հետո նրա մասին որեւէ լուր չկար: Նրա դին հայտնաբերվել է մայիսի 15-ին: Դին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հանձնվել է Լոս Անջելեսի մարզի դատաբժշկական հիմնարկի ներկայացուցիչներին:

Դատաբժշկական հիմնարկը պատրաստվում է դիակի երկրորդ և առավել մանրակրկիտ դիահերձում անցկացնել, որի նպատակն է որոշել մահվան պատճառը, բոլոր հասցված վնասվածքները, փնտրել թունավորման հետքեր և պարզել Բերբերյանի սպանության մոտավոր ամսաթիվը: Կրկին անգամ կանցկացվի նաև ԴՆԹ թեստ: Բերբերյանի ինքնությունը հաստատելուն ուղղված առաջին ԴՆԹ թեստի արդյունքները խաբուսիկ էին, քանի որ արդյունքներում առկա էին նաև այլ անձի պատկանող ԴՆԹ-ի տվյալներ: Ըստ Հայաստանում Բերբերյանների ընտանիքի ներկայացուցիչ Արա Մանուկյանի, «ոստիկանության ներկայացրած՝ սպանության օրը, եղանակը, տեղն ու նպատակը խելքին մոտ չեն»:

Բերբերյանի դիակը զննած Մանուկյանն ապա ավելացնում է, որ «մարմինն անկասկած խոշտանգվել է, մինչև սպանությունը, որը հավանաբար նրա տնից դուրս է տեղի ունեցել մայիսի առաջին կամ երկրորդ շաբաթվա ընթացքում: Այս կարծիքը հայտնում եմ՝ հաշվի առնելով ՀՀ ոստիկանության ներկայացրած նախնական տվյալները, դիակի վիճակի իմ անձնական զննումը, դիակի գտնված վայրում եղած եղանակային պայմանները, թաղման եղանակը, ինչպես նաև իմ զննելուց առաջ Երևանի դիահերձարանում դիակի պահպանման համար նախընտրված եղանակը»:

Հետախուզության դաշնային բյուրոն սպասում է Լոս Անջելեսի մարզի դատաբժշկական հիմնարկի արդյունքներին: Եթե պարզվի, որ հայկական իշխանությունների ներկայացրած եզրակացությունը չի համապատասխանում ամերիկյան մասնագետների բացահայտումներին, համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի նոր հետաքննություն սկսվի քրեական գործին առնչվող բոլոր փաստերը բացահայտելու, Բերբերյանի մահվան մեջ մեղավորներին հայտնաբերելու ու նրանց արդարադատության առաջ կանգնեցնելու նպատակով:

«Թեև Նազարեթին հետ բերել չենք կարող, եթե, իհարկե, պարզվի, որ գտնվածը Բերբերյանի դին է, մենք կարող ենք և պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ զարհուրելի ոճիրն իրագործած անձինք անպատիժ չմնան: Հակառակ դեպքում՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվող ոչ մի սփյուռքահայ ապահովագրված չէ նման դաժան ճակատագրից»-, ասում է Արա Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter