Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
Երեկ Հունաստանի Կորֆու կղզում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը նվիրված էր Եվրոպայում անվտանգության ամրապնդման հարցերին: Հունաստանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին ԵԱՀԿ անդամ երկրների 45 արտգործնախարարներ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵՄ, ՆԱՏՕ եւ ԵԱՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որտեղ ներկայացրեց Հայաստանի տեսակետները Եվրոպայում անվտանգության ապահովման վերաբերյալ:
«Նախկինում գործող անվտանգության պայմանավորվածությունները կապակցված էին այն իրականության հետ, որն այսօր փոխվել է: Եկել է ժամանակը մշակելու առավել արդյունավետ Եվրաատլանտյան անվտանգության համակարգ` միգուցե Եվրոպական անվտանգության պայմանագրի ձեւով, որտեղ հստակ կամրագրվի, որ համընդհանուր անվտանգությունը անբաժանելի է, որ պետությունները չեն կառուցում իրենց անվտանգությունը ուրիշների հաշվին, որ չի կարելի ճանաչել մեկի իրավունքը` մերժելով մյուսի նույն իրավունքը, երբ տեղ չունեն ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, որտեղ բոլոր երկրները միավորում են իրենց ջանքերը ընդհանուր վտանգների դեմ պայքարելու համար: Այս բաղադրիչների առկայության դեպքում մենք կկարողանանք արդյունավետ դիմակայել առկա մարտահրավերներին», - ասաց Հայաստանի արտգործնախարարը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը եւ ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը Դանիայի արտգործնախարար Պեր Ստիգ Մյոլլերի հետ քննարկվեցին քաղաքական եւ տնտեսական բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները: Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ: Ընդունելով Հայաստան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Պեր Ստիգ Մյոլլերը հայտնեց, որ Երեւան կժամանի այս տարվա աշնանը:
Հայաստանի եւ Շվեյցարիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Միշլին Կալմի-Ռեյի հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը: Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց Երեւանում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու որոշման մասին:
Կորֆուում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Ստայնբերգի հետ, որին ներկա էին նաեւ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ որդոնը: Զրույցի ընթացքում արծարծվեցին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր, փոխգործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց մի շարք միջազգային եւ տարածաշրջանային հարցերի:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության տարբեր ոլորտների շուրջ: Հանձնակատարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնահացրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Կանադայի արտաքին գործերի նախարար Լորենս Քաննոնի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ փոխգործակցության եւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները: Նախարարներ Նալբանդյանն ու Քաննոնը անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցության հնարավորություններին:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինի հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը եւ ամրապնդմանը: Նախարարները քննարկեցին քաղաքական երկխոսությանը, տնտեսական համագործակցությանը եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված համատեղ քայլերը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել