
Հանգստի եւ աշխատանքի ճամբար` Վանք գյուղում
Երեկ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում բացվեց հանգստի եւ աշխատանքի երիտասարդական ճամբարը, որը նախաձեռնել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն ու Ղարաբաղում հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանը: Վանք գյուղից մի քանի կմ հեռավորությամբ գտնվող տարածքում կազմակերպվող վրանային ճամբարի բոլոր ծախսերը հոգում է բարերարի «Ատավանքլես» ՓԲԸ-ն:
Վրանային ճամբարում իրենց հանգիստը երիտասարդները կանցկացնեն մի քանի հերթափոխով: Առաջին հերթափոխում ընդգրկված են 30 երիտասարդներ` ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ հանրապետության Շահումյանի, Քաշաթաղի եւ Մարտակերտի շրջաններից: Երիտասարդները կհանգստանան ու կաշխատեն գյուղում 10 օր, որից հետո նրանց փոխարինելու կգան մյուս հերթափոխի երիտասարդները: Ինչպես մեզ տեղեկացրեցին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում, այս տարի Վանքում ճամբարը կկազմակերպվի 5-6 հերթափոխով:
Ճամբարի բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Նարինե Աղաբալյանը եւ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը:
«Սրանով սկիզբ է դրվում մի նոր ավանդույթի, որը խորհրդային տարիների լավագույն ավանդույթներից է, երբ ամառային հանգիստը համատեղվում է հանրօգուտ աշխատանքով: Մենք նման հանգիստ անց էինք կացնում ուրիշ տեղերում, իսկ այսօր ձեզ բախտ է վիճակվել ոչ միայն հանգստանալ ազատ ու անկախ Արցախում, այլեւ աշխատել հենց մեր երկրի համար»,-ասաց Նարինե Աղաբալյանը` երիտասարդներին մաղթելով լավ ու արդյունավետ հանգիստ:
Իսկ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանն իր հերթին տեղեկացրեց, որ հուլիսի 5-ին Ասկերանի շրջանում կբացվի ռազմամարզական ճամբար, որտեղ իրենց հանգիստը կանցկացնեն հանրապետության հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանցի տղաները:
Մեկնաբանել