Մոսկվայում ձերբակալվել է հայազգի «օրենքով գող»
Հունիսի 27-ի առավոտյան Մոսկվայի «Փախլավա» ռեստորանում իրավապահները ձերբակալել են նախօրեին Բրազիլիայից վերադարձած հայազգի «օրենքով գող», 48-ամյա Կամո Սաֆարյանին: Անձնական խուզարկության ժամանակ վերջինիս մոտ հայտնաբերվել է 11 գ հաշիշ:
Նախկինում մի քանի անգամ դատված Կամո Սաֆարյանը համարվում է հետխորհրդային երկրներում ամենահայտնի «գողերից» մեկը, ով մեծ կապեր ունի ԽՍՀՄ երկրների քրեական աշխարհում: Չնայած հանցավոր աշխարհում ունեցած իր ակտիվությանը, վերջին 15 տարվա ընթացքում Սաֆարյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվել:
«Պրայմ-Կրայմ»-ի փոխանցմամբ`1994 թ. նա ստիպված փոխչել է Մոսկվայից փախչել, որտեղ ապրում էր 90-ականների սկզբից: «Օրենքով գողը» բնակություն է հաստատել Նիժնի Նովգորոդում:
Դրանից առաջ անհայտ անձիք կրակել էին Կամո Սաֆարյանի մոսկովյան բնակարանի դռանը և սպառնացել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել, քանի որ դժգոհ էին մնացել քրեական շրջանակների միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտներիցի մեկի ժամանակ Սաֆարյանի տված «իտոգից» (հարցի պարզաբանումից):
Նույն թվականի հուլիսին Կամոն ձերբակալվել է ապօրինի զենք պահելու համար եւ դատապարտվել 3 տարվա ազատազրկման:
Բանտից Կամո Սաֆարյանը վերադարձել է Նիժնի Նովգորոդ եւ շարունակել մարզում ամրապնդել իր դիրքերը: Կամոյի հրավերով երկրամաս են ժամանել նաև կովկասյան այլ «օրենքով գողեր», ինչը դժգոհություն է առաջացրել տեղական հեղինակությունների շրջանում: Որպեսզի ապահովագրվի նիժնեգորոդցիների ցասումից, 1998 թ-ին Սաֆարյանի նախաձեռնությամբ հանցավոր աշխարհի տեղացի 2 լիդերներ` Սեկոն և Համլետը, «թագադրվել» են իբրեւ «օրենքով գողեր»:
Կամո Սաֆարյանի մշտական ինտրիգները պատճառ են դարձել խորը կոնֆլիկտների: Արդյունքում փորձ է արվել վերջ դնել նրա ֆիզիկական գոյությանը: 1998 թ-ի հունվարի 20-ին դիպուկահարի կրակոցից Կամոյի փոխարեն պատահաբար սպանվել է նրա եղբայրը` Զաքարը:
Իրավապահների ճնշումների ներքո` Կամո Սաֆարյանը վերջնականապես լքել է նիժնինովգորոդյան շրջանը և որոշել հաստատվել Յալթայում: Բայց մի քանի տարի Ուկրաինայում հանգիստ գործելուց հետո, իրավապահների` «օրենքով գողերի» դեմ սկսած ակցիանները, ի վերջո, ավարտվել են Կամոյի ձերբակալությամբ: 2006 թ. նոյեմբերի 3-ին նա ձերբակալվել է իր տան մոտ` 1 տուփ մարիխուանայով: Նույն օրն իսկ դատարանի որոշմամբ Կամոն արտաքսվել է Ուկրաինայից` 5 տարի մուտք գործելու արգելքով:
Մեկ տարուց հետո Սաֆարյանին ձերբակալել են մի քանի այլ հայազգի քրեականների հետ: Օպերատիվ տվյալների համաձայն` նրանք, իրենց դիրքերն Ուկարինայում ամրապնդելու համար, նախապատրաստվել են «գողական սխոդկա» անցկացնել Կիեվի մոտակայքում: Կարճ ժամանակահատվածում գողերին կրկին արտաքսել են Ռուսաստան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել