«Տհաճ եթեր» մրցանակը բաժին ընկավ Հանրայինին
Այսօր «Հայացք» ակումբում ամփոփովեց «Տհաճ եթեր» առաջին մրցանակաբաշխության արդյունքները: Այդ մրցանակին արժանացավ Հանրային հեռուստաընկերությունը: «Էքսպերտների միավորում» կազմակերպության նախագահ, «Տհաճ եթեր» մրցանակաբաշխության նախաձեռնող խմբի ղեկավար Նարեկ Մալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ մոնիտորինգը հայկական հեռուստաընկերությունների շրջանակում տևել է երկու ամիս. իրականացվել է փետրվար-մարտ ամիսների ընթացքում` 110 մանդատավոր էքսպերտների կողմից:
Մոնիտորինգի ընթացքում բազմաթիվ խախտումներ ու թերացումներ են ի հայտ եկել:
«Օրենքը, որը կարգավորում է հեռուսատատեսային դաշտը, անթերի չէ, բազմաթիվ վրիպումներ ունի, սակայն նույնիսկ այդ թերի օրենքը շատ հաճախ ոտնահարվել է: Հայտնաբերվել են մինչև 40 րոպեանոց գովազդային բլոկներ, շարահյուսական անթույլատրելի սխալներ են եղել`հայոց լեզվից դեպի ռուսերեն, անգլերեն, անգամ` իտալերեն: Հումորի զգացումը գնալով ավելի տարօրինակ երանգներ է ստանում մեր եթերից: Մոնիտորինգի են ենթարկվել հայկական բոլոր հեռուստաընկերությունները` բացառությամբ նախկին «ԱրմենԱկոբ»-ի, որը մոնիտորինգի անցկացումից հետո արդեն չէր գործում: Ձայների մեծամասնությամբ որոշվեց «Տհաճ եթերի» առաջին` 2008թ. մրցանակը հանձնել Հանրային հեռուստաընկերությանը: Անձամբ ես այլ հեռուստաընկերության օգտին եմ քվեարկել, բայց պարտավոր եմ ենթարկվել էքսպերտների կարծիքին: Իսկ միակ հեռուստաընկերությունը, որի նկատմամբ որևէ դժգոհություն չի եղել, «Հայրենիքն» էր»,- ասաց Նարեկ Մալյանը:
Իսկ թե ինչու մրցանակը բաժին հասավ հենց «Հ1»-ին, Ն.Մալյանն այդ որոշումը բացատրեց նրանով, որ Հանրայինն ուղղակի պարտավոր է որակյալ հեռուստաեթեր ապահովել:
«Հ1-ի դոտացիան, որ ստանում է հարկատուներից, ավելի խոշոր է, քան մյուս բոլոր հեռուստաընկերությունների բյուջեները միասին վերցրած: Այսինքն նրանք ֆիանսական խնդիր չունեն: Նա ռեյտինգի հետևից չպետք է վազի, քանի որ շուկայական հարաբերություններից կախված չէ»,- ասաց նա:
Նարեկ Մալյանը հավաստիացրեց, որ նյութական մրցանակ չի լինելու, քանի որ էքսպերտները չեն ցանկացել, որ լինի: Սակայն տարբեր առաջարկներ եղել են, օրինակ` հախճապակե գունդ, անգամ` կոյուղու խողովակ, որը կխորհրդանշեր ոչ թե հեռուստակապուղին, այլ հեռուստակոյուղին: Իսկ մրցանակի դիպլոմն օրերս Ն. Մալյանի խոսքով, իրենք կտանեն, կհանձնեն Հանրային հեռուստաընկերությանը:
«Իմ հեռուստացույցից բացակայում են մի քանի ալիքներ, որոնցից մեկը «Հ1»-ն է: Ես չեմ ուզոոմ, որ իմ տանը «Հ1» նայեն: Օրինակ` «Որբերը» ինձ վրա շատ է ազդում: Ես չեմ հասկանում այդ պրոյեկտի իմաստը, ինչ որ սադոմազոխիստական էլեմենտներ ունի իր մեջ»,- ասաց նա:
«Էքսպերտների միավորում»-ը բազմիցս փորձել է այս նախաձեռնությանը ներգրավել նաև ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, սակայն վերջինս «բազմազբաղ է»: «Մենք անում ենք այն, ինչի համար Ամալյանն ի պաշտոնե փող է ստանում: Մենք նույնն անում ենք հասարակական հիմունքներով»,- ասաց նա:
Ի սկզբանե որոշված էր, որ մրցանակները հինգն են լինելու: Սակայն այդ որոշումը փոխվել է, քանի որ, Ն. Մալյանի խոսքով` մրցանակաբախշությունն ամենամյա է, իսկ հեռուստաընկերությունները քիչ են: «Եթե մենք ամեն տարի հինգ մրցանակ տայինք, մի քանի տարուց մրցանակաբաշխությունն իր ֆորմատը կսպառեր: Սա առաջին ու միակ տարին է, որ մենք չենք նշում անհատական մրցանակները` հեռուստահաղորդում, հաղորդավար: Հաջորդ տարիներին լինելու է»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել