
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց վերջին օրերին իր հասցեին հնչող մեղադրանքներին:
Զարուհի Փոստանջյանը նախ անդրադարձավ իր ներկայացրած առաջարկություններին: Ըստ նրա` իր առաջարկությունները վերաբերում էին քաղաքական դրդապատճառներով բանտախցերում գտնվող անձանց ազատ արձակմանը, փաստահավաք խմբի աշխատանքների վերականգնմանը և այնտեղ միջազգային փորձագետներ ներգրավելուն, համազեկուցողների` Հայաստան ժամանելուն եւ մինչեւ հունվարյան նստաշրջանը զեկույց կազմելուն:
«Իմ առաջարկություններին առաջինը ծանոթացել է Դավիթ Հարությունյանը, ով հրաժարվել է միանալ այդ առաջարկություններին: Դրանից հետո ես այդ առաջարկությունները տրամադրեցի իրեն օպոզիցիա հռչակած Դաշնակցության ներկայացուցչին` պարոն Ռուստամյանին, ով նույնպես հրաժարվեց միանալ:
Եվ դրանից հետո, քանի որ միակ վայրը, որը մարդաշատ է Եվրախորհրդի պատվիրակությունների առումով, առաջին հարկում գտնվող ճեմասրահն է, որտեղ հիմնականում գնում-գալիս են պատվիրակությունների անդամները, քանի որ այնտեղ ճաշարանն է եւ ինտերնետ սրահն է: Այնտեղ ինձ մոտեցել են պարոն Գորան Լիբլանտը, որը հանդիսանում է քաղաքական հանձնաժողովի նախագահը: Ինձ մոտեցել է պարոն Անդրեաս Գրոսը, որը հանդիսանում է սոցիալիստների խմբի նախագահ: Ինձ մոտեցել է մի թուրք պատվիրակ եւ մոտեցել է Գյուլփեկին Հաջի Բեյլին: Այո, ես թույլ եմ տվել, որ նրանք ստորագրեն իմ առաջարկության տակ: Այո, ես թույլ եմ տվել, որպեսզի ստորագրեն Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկի տակ»,- հայտարարեց նա:
Զարուհի Փոստանջյանը համոզված է, որ այս աղմուկի նպատակն այն չէ, որ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներն իր առաջարկությանն են միացել:
«Հիմնական նպատակն այն է եղել, որ ես տապալել եմ Դավիթ Հարությունյանի գործունեությունն այնտեղ, որը հետապնդում էր մեկ բան` այնպես անել, որ մարտի 1-ի դեպքերը կոծկվեին եւ մարտի 1-ի էջը փակվեր»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
«Ես արել եմ այն, ինչ որ պարտավոր էի անել, ես արել եմ այն, ինչի համար պատվիրակված էի եղել այնտեղ անելու, այո՛, ես արել եմ այնպես, որ թուրք և ադրբեջանցի պատվիրակները միացել են հայանպաստ առաջարկությանը և ամենակարևորը, որ նրանք միացել են Արցախի հերոսամարտի մասնակիցներին ազատ արձակելու առաջարկին»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը:
Հարցին, թե ազատամարտիկները և, մասնավորապես, պատգամավոր Սասուն Միքայելյանը տեղյակ են, արդյոք, իր ներկայացրած առաջարկներին և դրանց տակ դրված թուրք և ադրբեջանցի պատվիրակների ստորագրություններին, պատգամավորը պատասխանեց. «Բոլոր ազատամարտիկները, ովքեր հանիրավի գտնվում են բանտախցերում, նրանք արդեն դիմել են Եվրադատարան` իրենց ապօրինի կալանավորման և արդար դատաքննության փաստի վերաբերյալ, և սա այդ դիմումի կոմպոնենտներից մեկն է: Եթե նրանք դիմել են, ապա գիտակցել են, որ դատի են տալիս ՀՀ-ին` ի դեմս Հայաստանի իշխանությունների, որոնք ձևավորվել և գործել են ապօրինի»:
Նա հիշեցրեց, որ դատավորների կազմում իրենց դատավորներն ունեն նաև Ադրբեջանը և Թուրքիան, որոնք մասնակցում են ՀՀ-ին վերաբերող վճիռների կայացմանը:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանն էլ անդրադարձավ Զարուհի Փոստանջյանի քայլի և նրա ներկացրած առաջարկների վերաբերյալ իրենց կուսակցության դիրքորոշմանը:
«Կուսակցությունում այդ 3 առաջարկները քննարկվել են և, բնականաբար, Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացվել են կուսակցության առաջարկները, իսկ այն, որ նա ներգրավել է ադրբեջանցի և թուրք պատվիրակներին այս հայանպաստ բանաձևի ստորագրության տակ, ես կարող եմ նույնիսկ ավելին ասել, հետագայում, երբ Զարուհի Փոստանջյանը Եվրախորհրդում ներկայացնի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը,՛ այո, մենք պետք է ձգտենք, որ առավել թվով թուրք և ադրբեջանցի պատգամավորներ ստորագրեն այդ բանաձևի տակ, թեև ես գիտեմ, որ դա բավականին դժվար է լինելու, քանի որ այնտեղի թուրք և ադրբեջանցի պատգամավորների դիրքորոշումները մեծամասամբ համընկնում են մեր Ազգային ժողովի իշխող մեծամասնության կարծիքի հետ»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Զարուհի Փոստանջյանը հավելեց, որ ինքը համապատասխան միջոցների է դիմելու, որ պատժվեն այն անձինք, ովքեր «ոտնձգություններ են կատարել իր ու իր ընտանիքի նկատմամբ»:
«Ժառանգություն» կուսակցությունը ու խմբակցությունը ավելացնում են, որ բոլոր քաղաքական դուրսպրծուկներին, ծախու գրչակներին, սթրիփթիզի դիմողներին, որպես վերջին հնարք, քաղաքական թզուկներին իրավական գնահատականներ տրվելու են այլ հարթությունների վրա»,- հավելեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել