HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Մալաթիայի շուկա. գիշերային առեւտուր

29_06-shukaԵրեւանի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում եռուզեռը սկսվում է երեկոյան ժամը 9-ին: Շուկայում օրը սկսվում է հենց այդ ժամից եւ շարունակվում մինչեւ առավոտյան 9-ը: Շուրջբոլորը միայն սովետական արտադրության մեքենաներ են՝ բարձած ամենատարբեր բանջարեղենով եւ միախառնված բարբառներով: Շուկան հայտնի է Հայաստանում եւ Ղարաբաղում. գրեթե բոլոր բնակավայրերից գալիս են այստեղ` առեւտուր անելու:

Այն համարվում է ամենաէժան շուկան: Հենց դրանով էլ գրավիչ է դարձել: Մալաթիայի գիշերային շուկան սեզոնային է. բացվում է հունիսին եւ փակվում սեպտեմբերին: Շուկայում կանգնողների մեծամասնությունը գյուղացիներ են Հայաստանի ամենատարբեր բնակավայրերից` Մարտունի, Վարդենիս, Էջմիածին, Արտաշատ, Մեղրիգ Յուրաքանչյուր վաճառողից գանձվում է 300 - 2000 դրամ տեղի գումար, որը սահմանվում է օրենքով` հաստատված գումարին ավելացնելով ինչ-որ տոկոս (այս տոկոսի մասին մեր հարցերին շուկայի տնօրինությունն այդպես էլ պարզաբանում չտվեց): Գանձվող գումարի չափը կախված է վաճառողի զբաղեցրած տեղի չափից: Եթե վաճառողը ավտոմեքենայից է վաճառում գյուղմթերքը, այդ դեպքում հաշվի է առնվում մեքենայի մակնիշը եւ ապրանքի քանակը: Բացի տեղի վարձից, մեքենայի տերերը 2000-ական դրամ վճարում են նաեւ այն տանտիրոջը, ում տան առջեւ կամ բակում կանգնեցնում են մեքենան (անմիջապես շուկայի հարեւանությամբ կան բնակելի տներ): 1995 թ. ներկայիս շուկայի տարածքը գնել է գործարար Սիմոն Հակոբյանը: Նրան պատկանող ընկերությունը կոչվում է «Սիմոն եւ Հակոբ թոռներ» ՍՊԸ: «Մենք գյուղացուց գանձում ենք միայն տեղի գումարը: Եւ նա հանգիստ իր համար առեւտուր է անում, կողմնակի ոչ մեկը` ոստիկանություն, հարկային տեսուչ, նրան անհանգստություն չի պատճառում»,- ասում է «Սիմոն եւ Հակոբ թոռներ» ՍՊԸ-ի տնօրեն Սիմոն Հակոբյանը: Պատմում է էջմիածինցի Արմանը. «Հիմնականում գիշերներն եմ կանգնում` բիրիքով վաճառելու համար: Իսկ անհրաժեշտության դեպքում մնում եմ նաեւ ցերեկները: Հո ապրանքը ետ չեմ տանի՞»: Այդ դեպքում անգամ, վերջինիս խոսքերով, հազիվ է հաջողվում ծայրը ծայրին հասցնել: «Ախր հասկանու՞մ եք, այսպես թե այնպես, գյուղացուն օգուտ չի մնում: Մի բան վաճառում եմ, փոխարենը սերմ ու պարարտանյութ եմ գնում: Մեկը մյուսին հազիվ փակելով` վերջում ինձ բան չի մնում: Գոհանում ենք նրանով, որ սոված չենք մնում»,- փորձում է կատակել Արմանը: Շուկայի սեփականատիրոջ` Սիմոն Հակոբյանի խոսքերով, իրենք ավելի շատ եւ ավելի շուտ աշխատում են գյուղացուն հնարավորինս օգտակար լինել եւ ֆինանսական հարվածներն իրենց վրա վերցնել: 29_06-shuka-1 «Ֆինանսատնտեսական ճգնաժամը ես ինձ վրա չեմ զգացել եւ չեմ էլ թողել, որ այն զգան իմ շուկայում կանգնող գյուղացիները: Գերշահույթի չեմ ձգտել եւ իմ մեկ ուրիշ բիզնեսի հաշվին կայուն եմ պահել շուկայի բիզնեսը»,- ասում է տնօրենը: Նա հավաստիացնում է, որ շուկայում գնային սահմանափակումներ չկան, «ինչը գյուղացուն հնարավորություն է տալիս իր մթերքը վաճառել իրեն հարմար գնով»: Արմավիրի մարզի Գայ գյուղից կաղամբ վաճառող Սուրենը բողոքում է. «50 դրամով կաղաբ եմ առաջարկում, առնող չկա: 12000 դրամի սերմ ու պարարտանյութ եմ առնում, իսկ դրա կեսի չափ բան չեմ վաճառում: Դրան գումարած` շուկային վճարվող ծախսերը»: Հարցին, թե ինչու՞ է շարունակում զբաղվել դրանով, եթե օգուտ չկա, զրուցակիցս պատասխանեց հարցով. «Իսկ ինչո՞վ եք առաջարկում զբաղվեմ: Գյուղում աշխատանք չկա, եւ ոչ միայն գյուղում: Իսկ ընտանիք կերակրել պետք է»: Սիմոն Հակոբյանի խոսքերով` շուկայի տնօրինությունն աշխատում է` աչքի առաջ ունենալով ոչ միայն սեփական, այլեւ գյուղացու շահը, եւ դրա ապացույցն այն է, որ եթե գյուղացին ապրանքը չի վաճառում, ստիպված մնում է եւս մեկ օր, եւ տեղի գումար չի գանձվում: Շուկայի գրեթե բոլոր վաճառողները բողոքում են վատ առեւտրից: Բայց պատճառն, ըստ մարտունեցի Կարենի, ֆինանսատնտեսական ճգնաժանը չէ միայն: «Գյուղացու համար արդեն 20 տարի է, ինչ ճգնաժամ է: Մենք աշխատում ենք քաղաքացու համար: Ամեն տարի նույն պատմությունն է: Չարչարվում ենք, չարչարվում, բայց Նոր տարին էլի պարտքերի մեջ ենք»,- ասում է Կարենը: Ալբերտը շուկայում նորեկ է: Թոշակի անցած նախկին էլեկտրիկն այսօր շուկայում վարունգ է վաճառում: Կնոջ վաղաժամ մահից հետո նա ստիպված գյուղից տեղափոխվեց Երեւան` որդու մոտ: «Այսօր պարապ չմնալու եւ որդուս մի բանով օգնելու համար շուկա եմ կանգնում: Գյուղերից մթերքը բերում եմ իմ մեքենայով ու վաճառում: Լավ,թե վատ` հերիքում է»,- ասում է Ալբերտը: Շուկային վճարվող գումարը, մեր զրուցակցի խոսքերով, մեծ է: «Վճարը մեծ է, շուկայի աղբն ու հակասանիտարահիգենիկ պայմաները, դրան գումարած այն, որ անձրեւների ժամանակ ամբողջ շուկան, բառիս բուն իմաստով, լողում է անձրեւաջրերի մեջ»: Այս հանգամանքը Սիմոն Հակոբյանը պարզաբանում է հետեւյալ կերպ. «Ես միանգամայն համաձայն եմ, որ պայմաններն ամենալավը չեն, եւ դա մենք լավ գիտակցում ենք: Այդ խնդիրն այսօր հրատապներից է, եւ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ այն այս տարվա սեպտեմբերին իր վերջնական լուծումը կստանա»: Ինչ վերաբերում է աղբահանությանը, ապա մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ օրական երեք անգամ` նորմայից էլ ավելի, աղբահանում է կատարվում, ամիսը երկու անգամ էլ` ախտահանություն: Մեր այն հարցին, թե ո՞րն է Ս. Հակոբյանի հաջողության գրավականը, նա ասաց. «Մարդ պետք է անի այն, ինչ լավ է անում եւ ինչից գլուխ է հանում: Երկրորդ` չընդդիմանա տվյալ երկրում տիրող ղեկավարությանը, քանի որ վերջինս աշխատող մարդուն, ճահիճը հրելու ընդունված տարբերակի փոխարեն, օգնության ձեռք է մեկնում»: Առավոտյան ժամը 9-ին շուկան սկսում է դատարկվել: Հենց այդ ժամին է շուկայում հայտնվում վերավաճառողների նոր խումբը, որը շատ ավելի էժան գնով գյուղացիներից գնում է նրանց ապրանքը: Գյուղացիները ստիպված են ավելի էժան վաճառել մնացած ապրանքը: Նրանց այստեղ մնալը նոր ծախսեր է պահանջում, իսկ հողամասում աշխատել է պետք:

Քնար Բաբայան Կովկասյան ինստիտուտի ուսանողուհի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter