HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայերը հեռավոր Հնդկաստանում

Հերմինե Ադամյան

Հնդկաստանը օտարերկրացիներին հրաշքների երկիր է թվում: Այս երկիրը հարուստ մշակույթ եւ իր տեսակը պահպանելու մեծ կարողություն ունի, բայց լինել Հնդկաստանում ու չապրել հիասթափություն` գրեթե անհնար է: Այստեղ ականատես ես լինում պատմական բոլոր ժամանակաշրջանների պատկերների` նախնադարյան կենցաղ, միջնադարյան կոթողներ, նոր ժամանակների հասարակական եւ քաղաքական գաղափարների ժառանգություն եւ նորագույն շրջանի գիտության նվաճումների վերջին արժեքներ:

Ասում են` օտարերկրացիները Հնդկաստանում երկու անգամ են լաց լինում. առաջին անգամ` երկիր մտնելիս (մշակութային շոկից), եւ իսկույն ցանկանում են թողնել երկիրը, իսկ երկրորդ անգամ` իրենց երկիր վերադառնալիս, երբ արդեն չեն ցանկանում հեռանալ Հնդկաստանից: Շոկային վիճակից, կարծես, դուրս եմ եկել, պարզեցի, որ քայլում եմ փողոցում եւ այլեւս չեմ նկատում շուրջբոլորս. դա միակ ելքն է: Այստեղ գտնվող հայերս գիտենք, որ ետդարձի տեղ ունենք դեպի «Հայոց Մարդասիրական ճեմարան», որը, աշակերտների խոսքերով, Կալկաթայի ամենամաքուր վայրն է: Թերեւս, ավելի հստակ պատկերացում կազմելու համար վերոնշյալ Հաստատության մասին մի փոքր պատմական ակնարկ: «Հայոց Մարդասիրական ճեմարանը» հիմնադրվել է 1821 թ. Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգի Կալկաթա մայրաքաղաքում: Համեմատության համար նշենք, որ Կալկաթայի համալսարանը հիմնադրվել է 1857 թ.: Ճեմարանն իր պատմության մեջ ունեցել է վերելքի եւ վայրէջքի տարիներ, մի քանի անգամ կանգնել փակվելու շեմին: Այսօր այն վերածնունդ է ապրում: 1998 թ. Ճեմարանի անմիջական վերահսկողության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ամենայն Հայոց կաթողիկոսությունը, ավելի ուշ Գարեգին Բ-ի որոշմամբ իր հակամանկավարժական գործունեության եւ կրթօջախի զարգացմանն ուղղակի խոչընդոտող Եկեղեցական վարչության ատենապետ Սոնյա Ջոնը հեռացվեց պաշտոնից: Այդ պահից սկսվում է ճեմարանի պատմության արդի շրջանը, որը հստակորեն գնում է դեպի զարգացում: Շուտով պարզ է դառնում, որ Սոնյա Ջոնի օրոք կատարվել են բազմաթիվ անօրինականություններ: Այսօր, ճեմարանը գտնվում է Մայր Աթոռի խնամակալության եւ հոգատարության ներքո : Այսպիսով, անհասկանալի հանգամանքներում հայոց սեփականություն հանդիսացող Արեւմտյան Բենգալիայի եկեղեցիները եւ ճեմարանը չնչին գումարներով վաճառվել են, իսկ հետագայում ճեմարանի տարածքում գտնվող որոշ շենքեր վարձակալության սկզբունքով անժամանակ հանձնվել են ինչ-որ անհատների: Վերոնշյալ Ս. Ջոնի կառավարման շրջանում ճեմարանը լիովին կորցրել էր հեղինակությունը: Հետքը բազմիցս անդրադարձել էլ ճեմարանում տիրող վիճակին (Տես հոդվածները` Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ, Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված-2Հայ երեխաները Կալկաթայում անուշադրության են մատնված, Կալկաթայում վտանգված է հայ երեխաների կյանքը) Այսօր, երբ ճեմարանը գտնվում է Մայր Աթոռի հովանու ներքո, փորձ է արվում հեղինակության վերականգնման համար: Նորանշանակ կառավարիչ եւ հնդկահայ հոգեւոր հովիվ Խորեն Աբեղա Հովհաննիսյանը չափազանց կարեւորում է կրթության որակի բարձրացումը, իսկ նման խնդիր, անշուշտ, կա: Դպրոցը 10-ամյա է` ոչ լիարժեք միջնակարգ (նախկինում ունեցել է միջնակարգի կարգավիճակ): Ուսուցումն անգլերեն լեզվով է: Դասավանդվում է նաեւ հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն եւ երգ, երաժշտություն: 11, 12-րդ դասարաններ աշակերտները հաճախում են այլ դպրոցներ, որը կազմակերպում է ճեմարանի տնօրինությունը: Հիմա խնդիր է դրված վերականգնել դպրոցի նախկին կարգավիճակը (լրիվ միջնակարգ լինելու դեպքում դպրոցը կազատվի զանազան քաշքշուկներից եւ կխնայի զգալի ֆինանսական միջոցներ, իսկ երեխաներն էլ կստանան համապատասխան դիպլոմ): 29_06-india-1 12-ամյա կրթություն ստացած աշակերտը հնարավորություն է ստանում ընդունվել քոլեջ, ուսման վճարը հոգում է ճեմարանը, վերջինս լուծում է նաեւ զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ստանալու խնդիրը: Այս պահին դպրոցն ունի 75 աշակերտ, սակայն նախատեսվում է ավելացնել նրանց թիվը: Նոր աշակերտների ընդունումը հետաձգվում է, քանի որ աղջիկների համար նախատեսված շենքն անբարվոք վիճակում է, եւ շուտով կսկսվի նոր շենքի շինարարությունը: Դա հնարավորություն կտա նոր երեխաներ ընդունել: Դպրոցի դասարանները եւ ճաշարանը վերանորոգված են: Դպրոցն ունի մարզասրահ` իր բոլոր հարմարություններով: Աշակերտների սիրելի վայրերից մեկն էլ մեծ եւ մաքուր լողավազանն է: Երեխաները ունենում են նաեւ էքսկուրսիաներ քաղաքի պատմական վայրեր, այցելում են ժամանցի գոտիներ, վերջին այցելությունը ջրաշխարհ էր: 29_06-india-2 Կրթությունը համատեղ է, սակայն թյուր կարծիք կա, թե ճեմարանն արական է: Գործում է ամենօրյա հստակ ծրագիր: Երեխաներն արթնանում են առավոտյան 05.30: Հնդկաստանում թեեւ արեւածագը վաղ է լինում, բայց երկիրը չի հետեւում ժամային փոփոխությանը: Հայաստանի հետ, օրինակ, ժամային տարբերությունն այս պահին կազմում է 30 րոպե: Օրը սկսվում է մարմնամարզությամբ, լոգանքով եւ նախաճաշով: Ժամը 08:00 հնչում է միասնական աղոթքը եւ ճեմարանի հիմնը, դասերը սկսվում են 08:10 րոպեին, ժամը 14:00-ին ուսուցիչները եւ աշակերտները միասին ճաշում են, երեխաներն ունեն հանգստի ժամեր, ըստ կարգի լողավազանից օգտվելու իրավունք: Դպրոցում գործում է երգչախումբ եւ նվագախումբ: Երգչախումբը երգում է նաեւ կիրակնօրյա պատարագին: Քաղաքում դպրոցը հայտնի է իր թենիսի, ռեգբիի եւ ֆուտբոլի թիմերով: Ճեմարանում է գտնվում նաեւ հայ գրականության արժեքավոր պահոցներից մեկը` Արարատյան գրադարանը: Ցավոք, անփութության եւ անտարբերության հետեւանքով գրքերի մի մասը ժամանակին ոչնչացել է: Գրադարանն ապահովված է նաեւ ինտերնետով, որից երեխաներն ունեն օգտվելու սահմանափակ իրավունք, գրադարանը ստանում է նաեւ ամենօրյա տեղական, միջազգային եւ հայկական թերթերը: 188-ամյա ճեմարանն ունի ուսուցման համար բոլոր պայմանները, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ այստեղ սովորում են Իրանից, Իրաքից եւ Հայաստանից ժամանած երեխաներ, ուստի կա լեզվի խնդիր: Աշակերտները կատակով նշում են, որ իրենք ստեղծել են նոր լեզու` հայերենի, անգլերենի, պարսկերենի, արաբերենի եւ հնդկերենի խառնուրդից: Իբրեւ «Հայոց պատմության» ուսուցչուհի ինձ համար չափազանց դժվար է, երբեմն ստիպված եմ լինում մեկ բառի համար մի քանի հոմանիշ օգտագործել, իսկ Հայաստանի դպրոցների կրթական ծրագրին համապատասխան դասագրքերը նրանց համար շատ բարդ են, այս խնդրին բախվում է ցանկացած հայագիտական առարկա դասավանդող ուսուցիչ: Այս նոր ուսումնական տարվա առանձնահատկություններից է, որ Հայաստանից հրավիրվել է 4 մասնագետ` «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» եւ «Երգ-երաժշտություն» առարկաների դասավանդման համար: Սա աննախադեպ է, նախկինում մեկ ուսուցիչը դասավանդել է նշված առարկաներից միաժամանակ մի քանիսը: Ճեմարանի կառավաչի նախաձեռնությամբ սկսվել է նաեւ դահլիճի վերանորոգումը, որը պետք է համապատասխանի նորագույն չափանիշներին, այն ունենալու է ժամանակակից սարքավորումներ եւ օդափոխության համակարգ: Մյուս կարեւոր քայլն այն է, որ ջանք է գործադրվում ճեմարանին պատկանող վերոնշյալ վարձակալության տրված շինությունները վերադարձնելու համար, մեկի վերաբերյալ արդեն կա նախնական համաձայնություն: Եթե հաջողվի գործարքը, ապա կարող ենք փաստել, որ վերջին 100-ամյակում ճեմարանի ամենամեծ նվաճումը կգրանցվի, քանի որ նախկինում ճեմարանից միայն օտարվել է նրա սեփականությունը` մեզ անհայտ մութ հանգամանքներում, իհարկե, տեղի համայնքի մի քանի անփույթ մարդկանց անձնական շահերի գերադասման հետեւանքով:

շարունակելի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter