HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Սեւքարեցիներն ապրում են անցյալի փառավոր հուշերով

29_06-sevkarՍեւքար մտնող երկու ճանապարհ կա: Սարիգյուղի կողմից hամայնքամեջ եմ իջնում: Գյուղի ֆուտբոլի միակ մարզադաշտի «տերն ու տնօրենը» կովերն էին, որոնք չհնձված, փարթամ բուսականությամբ ծածկված մարզադաշտում արածելով` «աջ եզրային կիսապաշտպանի գոտում» պատրաստվում էին հատել կիսադաշտը:

Համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը պարզաբանեց, թե գյուղում ֆուտբոլի մարզիչ չկա, որ երեխաներին աշխարհի «թիվ 1 մարզաձեւը» ուսուցանի: Դաշտն էլ այդ պատճառով չհնձած ու անխնամ է: Նրա խոսքերով, խաղադաշտի ցանկապատն էլ անհայտ անձինք 15 օր առաջ են քանդել. ցանկապատի քառակուսի ձողերը հարմար են ձիերի պայտերի համար: «Գյուղում շա՞տ ձի ունեք»,- հարցս անպատասխան մնաց: Համայնքապետը հավելեց, թե խաղադաշտի ցանկապատի մետաղյա շրջանակները կարող են նաեւ տների պատուհանները ճաղապատելու համար պիտանի լինել: Սա կատարվում է ոչ թե հեռավոր, կտրված մի գյուղում, այլ միջպետական ճանապարհի եզրին, մարզկենտրոն Իջեւանից ընդամենը 25 կմ հեռավորությամբ գտնվող, 2350 բնակիչ ունեցող շենում: Սեւքարը բնակչության թվով Իջեւանի տարածաշրջանի չորրորդ գյուղն է: Համայնքապետի վկայությամբ` 19-րդ դարում այն տարածաշրջանի ամենամեծ գյուղն էր, սակայն վերջին 200 տարում գյուղից մեծ արտագաղթ է եղել: Համայնքի ղեկավար Վոլոդյա Մարգարյանը ցույց է տալիս տուֆակերտ մեծ առանձնատունը` ջարդված պատուհաններով: «Այս եւ հարակից 3 տների բնակիչները գյուղից բացակայում են»,- ասում է նա: Համայնքի ղեկավարից տեղեկանում եմ, որ գյուղի ծայրին, Սարիգյուղի հարեւանությամբ նորակառույց մի քանի տների բնակիչներ, ովքեր Երեւանում կամ արտերկրում են ապրում, չկարողանալով վաճառել գյուղում գտնվող իրենց տները, դրանք քանդել եւ որպես շինանյութ են իրացրել: Արտագաղթի պատճառով գյուղի սեփականաշնորհված հողերի մի մասը չի մշակվում: Սեւքարից 7 կմ հեռավորությամբ Ադրբեջանի սահմանն է: Սեւքարի, ընդհանուր առմամբ, 5400 հա հողերից 540 հա-ը սահմանամերձ, վտանգավոր տարածքում գտնվելու պատճառով չի մշակվում, որից 360 հա-ը խաղողի, դեղձի, նուշի, տանձ ու խնձորի նախկին այգիներ են: Ոռոգման ջրի բացակայության հետեւանքով հողերը ցածր բերքատվություն ունեն: Համայնքի այս տարվա 28 մլն 715 հազար դրամ բյուջեից 16 մլն 836 հազարը պետական լրավճարն է: Սեփական եկամուտները կազմում են 8 մլն 797 հազար դրամ: Սակայն դա էլ ժվարությամբ է հավաքագրվում: «Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտներից պետք է հավաքեինք 6 մլն 473 հազար դրամ, սակայն հավաքագրել ենք ընդամենը 2 մլն 156 հազար դրամ»,- ասում է համայնքապետարանի հաշվապահ Ալմարա Աղասարյանը եւ հույս հայտնում, որ աշնանը` բերքահավաքից հետո, կհաջողվի այս գործում առաջընթաց ունենալ: Գյուղում 943 հա վարելահողերից միայն 400-ն է մշակվում, որից 70 հա` աշնանացան ցորեն, 35 հա` առվույտ, փոքր տարածքում` նաեւ եգիպտացորեն եւ ծխախոտ: Մինչդեռ չմշակվող հողերի պատճառով ամեն տարի հողի հարկը շուրջ 1,5 մլն դրամով պակաս է հավաքագրվում: Դեռեւս 90-ական թվականներից այստեղ գույքահարկի գծով շուրջ 14 մլն դրամ պարտք կա, 1994 թ.-ից` հողի հարկի 41 մլն դրամ պարտք: Այս պարտքից շուրջ 8 մլն-ը գոյացել է համայնքը 2002 թ.-ից ղեկավարող Վլադիմիր Մարգարյանի պաշտոնավարման ժամանակ: Սարերում` Սեւքարից 25-35 կմ հեռավորությամբ գտնվող խոտհարքների փոքր մասն է հնձվում, որովհետեւ տրանսպորտի եւ վառելիքի ծախսերը այս գործը ոչ եկամտաբեր են դարձնում: Համայնքի բյուջեի գրեթե կեսը` ավելի քան 13,5 մլն դրամ, նախատեսված է համայնքապետարանի, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, գրադարանի` ընդհանուր առմամբ 13 աշխատողների աշխատավարձի եւ սոցվճարի համար: «Բյուջեով որքա՞ն գումար է նախատեսված գյուղի զարգացման ծրագրերի համար»,- մեր հարցին ի պատասխան` համայնքապետն ասում է, որ 3,5 մլն դրամ է պլանավորված մանկապարտեզի շենքի հիմնանորոգման նապատակով: Պետբյուջեով նախատեսված այս ծրագրի արժեքը 36 մլն դրամ է, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով սույն ծրագիրը կյանքի չի կոչվի: Սեւքարի նման մեծ համայնքն առայժմ մանկապարտեզ չունի: Անցյալ դարի 90-ական թթ., ադրբեջանական ռմբակոծումների ժամանակ, այն փակվել է: Գյուղում թվային հեռախոսակապի անցնելու արդյունքում ազատվել է «ԱրմենՏելի» շենքը, հիմա պատրաստվում են այն կոսմետիկ հարդարման ենթարկելով` մանկապարտեզ դարձնել: Մինչ կգործարկվի մանկապարտեզը, գյուղի երեխաները հաճախում են «Հույսի կամուրջ» կազմակերպության «Ընտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոն»: Այստեղ հաճախողներից 53-ը նախադպրոցական տարիքի են: Սեւքարը խմելու ջրի հիմնախնդիր ունի: Ընթացիկ տարում գյուղում 85 ընտանիքի ջրով ապահովելու նպատակով 2,3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ կկառուցվի մարդասիրական կազմակերպության ֆինանսավորմամբ, որի անունը համայնքապետը չկարողացավ հիշել: «Ո՛չ խմելու, ո՛չ ոռոգման ջուր չունենք»,- բողոքում է Գյումրիից այստեղ հարս եկած Ամալյա Տարախչյանը: Նրա վկայությամբ` խմելու ջուրը ամաններով բերում են համայնքամիջի աղբյուրներից: 29_06-sevkar-2Վլադիմիր Մարգարյանն ասում է, որ այդ թաղամասում մի ծորակ կա, որից թաղամասի բնակիչները, ոմանք` 100 մ հեռավորությունից, կարող են ջուր վերցնել: Համայնքապետի խոսքերով` գյուղի կեսն անտառների առուների, անձրեւաջուրն է օգտագործում, որը լիովին չի մաքրվում: Այն օգտագործում են ոռոգման, լվացքի եւ կենցաղային այլ կարիքների համար: Խմելու ջրով ապահովված է գյուղի բնակչության մնացած մասը, որը երեք օրը մեկ, միջինը մեկ ժամ տեւողությամբ խմելու ջուր է ստանում: Ջուր չստացող գյուղացիները ստիպված են գյուղի աղբյուրներից ձեռքով, մեքենաներով ջուր բերել: Համայնքի ղեկավարը հույս ունի, որ այս տարի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղից 16 կմ հեռավորությամբ գտնվող «Յոթ աղբյուր» տեղանքում խմելու ջրագիծ կկառուցվի, որը կմատակարարի ոչ միայն Սեւքարին, այլեւ հարեւան Սարիգյուղ, Ներքին Ծաղկավան գյուղերին: Սույն ջրագծի նախագծման համար Սեւքարի համայնքապետարանը 1 մլն դրամ է տրամադրել: 29_06-sevkar-1Սեւքարում այն տպավորությունը ստացա, որ այս գյուղը ոչ թե առաջ է նայում, այլ ետ` դեպի իր փառավոր անցյալը: Սեւքարի անցյալի հերոսները նշանավոր հայդուկ Սարգիս Ծովանյանը` սեւքարեցի Սաքոն եւ համագյուղացի գեներալ Հովհանես Վարշամովն են, որոնց կիսանդրիները գտնվում են գյուղի կենտրոնական հրապարակում: Համայնքապետը ցույց է տալիս սեւքարեցի Սաքոյի ժառանգների տան մոտ գտնվող հայդուկի աղբյուրը` նրան ուղղված Ջիվանու, Ավետիք Իսահակյանի խոսքերի ցուցատախտակներով: Հիմա համայնքապետարանը վերակառուցում է հին աղբյուրը` նաեւ այդ կերպ լուծելով այդ թաղամասի խմելու ջրի, նաեւ աղբյուրին կից տարածքում անասուններին ջրելու խնդիրը: Գյուղը սատարողներ ունի: 82-ամյա Արամայիս Բազինյանը պատմում է, որ այս ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանի շնորհիվ 2007-2008 թթ. Սեւքարն ամբողջությամբ գազիֆիկացվել է, վերանորոգվել է հրետակոծված մշակույթի տունը, որի երկրորդ հարկում հիմա սամբոյի խմբակ է գործում, հարեւան մի քանի գյուղերի համատեղ օգտագործման համար տրվել է կոմբայն եւ վարի տրակտոր: Սակայն գյուղի չլուծված խնդիրները շատ են: Սեւքարի ներկայիս դժվարին կենցաղը տեսանելի է նաեւ գյուղամիջում տեղակայված առեւտրի օբյեկտներից, որոնք փոքր, անշուք կրպակներ ու տաղավարներ են: Ինչու՞ դրանք չեն կառուցապատում: «1 մլն դրամից ավել «նիսյա» (ապառիկ) կա»,- ասում է կրպակատեր Ռոզա Մարդումյանը` ցույց տալով պարտքի գրառումներով հաստափոր տետրակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter