HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարտուղարի պաշտոնը գյուղական համայնքներում պահանջված չէ

Լոռու մարզի գյուղական համայնքների գրեթե կեսը աշխատակազմի քարտուղար չունի: Երեք տարի առաջ, երբ ուժի մեջ մտավ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, գյուղական բնակավայրերի համայնքապետի աշխատակազմի բարձրագույն կրթություն չունեցող քարտուղարներն ազատվեցին աշխատանքից:

Օրենքի պահանջն էր` քարտուղարի պաշտոնում բարձրագույն կրթությամբ ու համապատասխան աշխատանքային փորձ ունեցող մասնագետ ունենալ: «Գյուղական» այն քարտուղարներն էլ, որոնք չէին բավարարում օրենքի պահանջը, ազատվեցին աշխատանքից: Մարզի 108 գյուղական համայնքներից 58-ը, փաստորեն, մնացին առանց աշխատակազմի քարտուղարի: Անցած տարիների ընթացքում բարձրագույն կրթությամբ քարտուղարի հարցը սակավաթիվ համայնքներ լուծեցին` ընդամենը 11-ը, իսկ մնացածում մինչ օրս քարտուղարի հաստիքը թափուր է: Այս պաշտոնի պարտականությունների մի մասը կատարում են կամ համայնքի ղեկավարների խորհրդականները, կամ էլ` նրանց տեղակալները: Անցած երեք տարիների ընթացքում «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջները չբավարարելու հիմնական պատճառը գյուղերում բարձրագույն կրթությամբ բնակիչների պակասն է: Գուգարքի տարածաշրջանի Փամբակի համայնքապետ Սամսոն Ուլիխանյանը հիշում է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո իր աշխատակազմի քարտուղարը մի կին էր, ով, չնայած փորձառությանը, ազատվեց քարտուղարի պաշտոնից բարձրագույն կրթություն չունենալու պատճառով: «Մեզ մոտ վերջին տարիներին են սկսել բարձրագույն կրթություն ստանալ, թե չէ այն ժամանակ ո՞ր գյուղացին էր մտածում դրա մասին, ով էլ կրթություն էր ստանում` քաղաքից հետ չէր գալիս»,- բարձրագույն կրթությամբ քարտուղար չունենալու պատճառն է նշում համայնքապետը: Նույն պատկերն է նաեւ մնացած՝ առանց քարտուղար համայնքային գործերը վարող գյուղական բնակավայրերում: Տաշիրի տարածաշրջանի Պետրովկա համայնքի նախկին քարտուղարը եւս, չբավարարելով օրենքի պահանջը, քարտուղարի պաշտոնից անցել էր համայնքի ղեկավարի օգնականի պաշտոնին: Համայնքապետ Հովիկ Գրիգորյանը հույս ունի, որ օրենքի վերջին՝ հունիս ամսվա սկզբին կատարված փոփոխությունը կրկին թույլ կտա լուծել թափուր աշխատատեղի խնդիրը: Լոռու մարզպետարանի տարածքային կառավարման բաժնի մասնագետ Ժիրայր Ղազարյանն ասում է, թե գործադիրը, տեսնելով, որ օրենքի պահանջը փոքր գյուղական բնակավայրերում հնարավոր չէ կատարել, նախաձեռնեց փոփոխություն կատարել օրենքում: Հունիսի սկզբից, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ, մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքներում քարտուղար կարող է աշխատել նաեւ ոչ բարձրագույն կրթություն ունեցող մասնագետը: Սա հարցի միջանկյալ լուծում է, քանի որ օրենսդրության այս կետը գործելու է մինչեւ 2012 թ.: Լոռու մարզի առանց քարտուղար մնացած համայնքների ղեկավարները հույս ունեն, որ օրենքի փոփոխությունը թույլ կտա նախկին քարտուղարներին վերականգնել հին աշխատատեղում կամ մրցութային կարգով կատարել ընտրություն, եթե նախկին աշխատողներից բացի այլ դիմող լինի: Դաշտադեմի համայնքապետ Հովսեփ Ոսկանյանը հավաստիացնում է, որ 35.000 դրամ աշխատավարձով բարձրագույն կրթությամբ մասնագետը դժվար համաձայնի աշխատել համայնքապետարանում: «Մենք ունենք այլ խնդիր՝ գյուղերի մեծ մասում չունենք համապատասխան կրթություն ունեցող անձինք: Անցած տարի մրցույթ հայտարարեցինք, դիմող չեղավ»,- ասում է Լոռու մարզպետարանի աշխատակից Ժիրայր Ղազարյանը: Համաձայն «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի` համայնքային ծառայողի` այս դեպքում քարտուղարի աշխատավարձը չպետք է գերազանցի համայնքի ղեկավարի աշխատավարձի 80%-ը: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքապետի աշխատավարձի չափը կախված է նաեւ համայնքի բնակչության թվից: Օրինակ` մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի աշխատավարձը չպետք է գերազանցի ԱԺ պատգամավորի աշխատավարձի մինչեւ 50%-ը: Ստացվում է, որ եթե նույնիսկ քարտուղարի պաշտոնում առաջիկա երեք տարում բարձրագույն կրթության պայմանը պարտադիր էլ չլինի, միեւնույն է, դրանից հետո էլ այս պաշտոնին բարձրագույն կրթությամբ մասնագետը դժվար հավակնի` ցածր աշխատավարձի պատճառով: Փամբակի համայնքապետ Սամսոն Ուլիխանյանն էլ ավելացնում է, որ դպրոցում բարձր աշխատավարձը թողած՝ հազիվ թե այն փոխարինեն քիչ աշխատավարձով քարտուղարի գործով: Ուլիխանյանը եւս հայտարարություն է տարածել քարտուղարի թափուր մնացած տեղի համար, ինչի նկատմամբ, բացի նախկին քարտուղարից, ուրիշ որեւէ մեկը դեռ հետաքրքրություն չի ցուցաբերել: «Վանաձորից մեկը զանգել, հետաքրրքվում էր, բայց դժվար թե քաղաքից վեր կենա գա՝ թե 35.000 դրամ աշխատավարձ է ստանալու»,- համոզված է Փամբակի համայնքապետը: Ամեն դեպքում, քարտուղար չունեցող համայնքներում արդեն տարածել են քարտուղարի պաշտոնում մրցույթ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունը: Ներկայումս Լոռու մարզի գրեթե բոլոր տարածաշրջանների համայնքներն էլ քարտուղարի խնդիր ունեն: Գուգարքի տարածաշրջանն այս տեսակետից առաջինն է՝ այստեղ 13 համայնք չունի քարտուղար: Գուգարքին հաջորդում է Տաշիրը՝ իր 11 համայնքով, այնուհետեւ՝ Թումանյանի, Ստեփանավանի եւ Սպիտակի տարածաշրջանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter