Համայնքի ունեցածը մի օր կվերջանա, բայց խնդիրները` ոչ
Լուսինե Թոփլաղալցյան
Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում 2008 թ. իրականացված համայնքային գույքի օտարումների արդյունքում համայնքային բյուջեներ են մուտքագրվել բավականաչափ եւ տվյալ համայնքի բյուջետային միջոցների համեմատությամբ էական գումարներ:
Քանի որ համայնքի գույքն անսպառ չէ, հետեւապես ուսումնասիրության է արժանի այն հանգամանքը, թե հատկապես առավել շատ գումարներ մուտքագրած համայնքներն ինչպե՞ս են ծախսել նշված եկամուտները: Առավել շատ օտարումներ կատարվել են Սեւան քաղաքում, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 156,5 մլն դրամ: Գեղարքունիքի մարզխորհրդի վերջին` հունիսի 18-ին տեղի ունեցած նիստում նշվեց, որ այդ գումարը մուտքագրվել է 25,6 հա հողատարածքի օտարման արդյունքում, սակայն Սեւանի քաղաքապետարանում տեղեկացանք, որ այդ գումարն առաջացել է ոչ միայն հողերի, այլեւ համայնքի չգործող մսուր-մանկապարտեզի 1 մասնաշենքի եւ վթարային վիճակում գտնվող եւ 2001 թ.-ից չգործող դպրոցի շենքի աճուրդ-վաճառքների արդյունքում: Հիշեցնենք, որ Սեւանի քաղաքապետարանում մեկ տարի առաջ Վերահսկիչ պալատի կատարած ստուգման հաշվետվության մեջ նշվել է այս նախադպրոցական հաստատության ապօրինի օտարման, ինչպես նաեւ անկախ գնահատողի արժեքից 13500.0 հազ. դրամ պակաս արժեքով օտարելու մասին: Սեւան համայնքի 2008 թ. բյուջեն նախատեսվել է 529 մլն դրամ, որը կատարվել է 91,3 %-ով` 483 մլն դրամի չափով: Նախորդ տարվա բյուջեն նախատեսված վերոհիշյալ օտարումների հաշվին զգալիորեն գերազանցում է 2009 թ. բյուջեն: Այս տարվա Սեւան համայնքի բյուջեն նախատեսվել է 420 մլն դրամ: Հունիսի 1-ի դրությամբ բյուջեն կատարվել է տարեկան բյուջեի 32 %-ով: Սեւանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Էդիկ Ղազարյանի տեղեկացմամբ` նախորդ տարվա օտարումների արդյունքում մուտքագրված 156,5 մլն դրամի եկամուտները ծառայել են հետեւյալ նպատակներին` 4 մլն դրամ ներդրվել է «Զարթոնք» մսուր-մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման համար, 1 մլն 350 հազար դրամ ներդրումով մասնակցել են «Հեքիաթ» մսուր-մանկապարտեզի հիմնանորոգման 34 մլն դրամ կազմող ծրագրին, 3 մլն դրամով` քաղաքի մարզադպրոցի շենքի հիմնանորոգման ծրագրին, Գագարինավանի ակումբի հիմնանորոգման համար հատկացվել է 4 մլն 960 հազար դրամ, 8,5 մլն դրամ հատկացվել է բակերում 25 խաղահրապարակներ կառուցելու եւ կարուսելներ տեղադրելու նպատակով, բազմաբնակարան 10 շենքերի տանիքների վերանորոգում` 47 մլն դրամ, 2,5 մլն դրամ հատկացվել է աղբատար ավտոմեքենա ձեռք բերելու համար, 5,4 մլն դրամով վերանորոգվել են քաղաքի փողոցների շուրջ 2 կմ երկարությամբ անձրեւաջրատարները: Մնացյալը հատկացվել է քաղաքի ավտոճանապարհների ասֆալտապատմանը: Մեր հաշվարկներով` ճանապարհների ասֆալտապատման համար ծախսվել է 82 մլն 29 հազար դրամ: Այդ գումարով հիմնանորոգվել է մոտ 10 հազար քմ ավտոճանապարհ, կատարվել են փոսային նորոգումներ: 2009 թ. ընթացքում համայնքային սեփականության օտարման եւ ինքնակամ կառույցների օրինականացման արդյունքում մուտքագրվել է 7 մլն դրամ, որից 4 մլն դրամը նույնպես ծախսվել է ավտոճանապարհների հիմնանորոգման համար, իսկ մնացած 3 մլն դրամով քաղաքապետարանի համար համակարգչային սարքավորումներ են ձեռք բերել: Ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչը տեղեկացրեց նաեւ, որ Վերահսկիչ պալատի ստուգման արդյունքում Սեւանի քաղաքապետարանում արձանագրված խախտումները դրամական տեսքով, հիմնականում, վերականգնվել են: Կամովին չվերականգնողներին Սեւանի քաղաքապետարանը պարտավորեցրել է դատական ճանապարհով ու շահել է հողամասերի վարձավճարների գանձման 2 հայցեր: Վարչական դատարանի որոշումներով շուրջ 11 մլն դրամ բռնագանձվելու է «Սեւան» ազգային պարկից եւ շուրջ 2,9 մլն դրամ` «Լավանդա Սիթի-Շին» ՍՊԸ-ից: Ելնելով թափանցիկության ապահովման խնդրից` նկատենք, որ Սեւանի քաղաքապետարանի առաջին հարկում փակցված ցուցատախտակին փակցված են համայնքի 2009 թ. բյուջեի մասին օրենսդրությամբ պահանջվող հիմնական տեղեկությունները, տեղադրված է նաեւ արկղ` քաղաքացիների նամակների եւ առաջարկությունների համար: Թեպետեւ մեզանում սա արդեն առաջընթաց է, սակայն նշենք, որ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ նախատեսված մի շարք նյութեր բացակայում են այստեղ, եւ տեղեկությունները համալրելու կարիք կա:
Վարսեր գյուղական համայնքը գտնվում է Սեւանի հարեւանությամբ, ունի 2020 բնակիչ: 2008 թ. ընթացքում այս համայնքում եւս օտարվել է 5,1 հա հողատարածք: Վարսերում նույնպես օտարումներն իրականացվել են կադաստրայինից բարձր արժեքով: 2008 թ. բյուջեն նախատեսվել է շուրջ 40 մլն դրամ, սակայն այն կատարվել է մոտ 28,5 մլն դրամի չափով: Համայնքապետի պաշտոնակատար Յուրիկ Մաթեւոսյանը հայտնեց, որ նախորդ տարվա օտարումների արդյունքում մուտքագրված 8,2 մլն գումարն օգտագործվել է համայնքում արարողությունների սրահ կառուցելու համար: Սակայն սրահը միայն այդ գումարով չի կառուցվել. եղել են անհատական նվիրատվություններ եւ ոչ ֆինանսական ներդրումներ: Սրահը համայնքային սեփականություն է, որը մեկանգամյա օգտագործման տրամադրելու համար գանձվում է 50 հազար դրամ վարձավճար: Վարձավճարները մուտքագրվում են համայնքային բյուջե, եւ 2009 թ. բյուջեում արդեն սրահի օգտագործման կտրվածքով նախատեսվել է եկամուտների հավաքագրում: Համայնքի ֆինանսիստ Սաթիկ Անտոնյանը տեղեկացրեց, որ 2009 թ. ընթացքում իրականացրել են նաեւ գյուղատնտեսական նշանակության 3 միավոր 2,2 հա ընդհանուր մակերեսով հողատարածքների աճուրդ-վաճառք, եւ համայնքի բյուջե է մուտքագրվել մոտ 385 հազար դրամ գումար: Գումարի մի մասը, համաձայն կատարողական ակտերի, տրամադրվել է նախորդ տարվա շինարարական աշխատանքների պարտքերի մարմանը եւ, հիմնականում, սպասք է գնվել արարողությունների սրահի համար: Համայնքի ֆինանսիստը հայտնեց նաեւ, որ Վարսեր համայնքի 2009 թ. բյուջեն նախատեսվել է շուրջ 26 մլն դրամ, եւ հունիսի 1-ի դրությամբ այն կատարվել է 10 մլն դրամի չափով: Չկալովկա գյուղում 2008 թ. ընթացքում 11,6 հա հողատարածքների օտարման արդյունքում բյուջե է մուտքագրվել այս համայնքի համար բավականաչափ մեծ գումար` 19 մլն դրամ: Նկատենք, որ 2008 թ. բյուջեն նախատեսվել էր մոտ 13,7 մլն դրամի չափով, բայց հետո այն փոփոխվել է, եւ նախատեսվել է մոտ 32,7 մլն դրամ: 2008 թ. բյուջեն փաստացի կատարվել է 25,6 մլն-ով: Իսկ ընթացիկ տարվա բյուջեն նախատեսվել է 10 մլն 891 հազար դրամի չափով: Սեւանա լճի ափին գտնվող փոքրիկ Չկալովկա գյուղում հողերն օտարվել են կադաստրային արժեքի 50 %-ով: Համայնքապետարանի ներկայացուցիչները դա բացատրում են համայնքի բնակիչների սոցիալական սահմանափակ հնարավորություններով` նշելով, որ բոլոր հողակտորները գնել են իրենց համայնքի բնակիչները: Համայնքապետարանի հաշվապահ Սուրիկ Գրիգորյանի տեղեկացմամբ` նախորդ տարվա օտարումների արդյունքում մուտքագրված 19 մլն դրամի մոտ 50 տոկոսը ծառայեցվել է համայնքի համար գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու նպատակով` օգտագործված կոմբայն` 2,7 մլն դրամով, տրակտոր` 2 մլն 150 հազար դրամով, կարտոֆիլացան մեքենա` 701 հազարով, բարձիչ` 551 հազար դրամով, 20 երկաթյա աղբարկղեր` 996 հազար դրամ ընդհանուր արժեքով, համակարգչային սարքավորումներ` 700 հազար դրամ ընդհանուր արժեքով, գրադարանի պահարանի հավաքածու` 760 հազար դրամով, ակումբի դահլիճի համար աթոռներ` 1,2 մլն դրամով: 2,5 մլն դրամ գումար Չկալովկայում ծախսվել է փողոցային լուսավորության աշխատանքների իրականացման համար, 1 մլն 160 հազար դրամ գումար տրամադրվել է ջրագծի վերանորոգման համար: Փոխվել եւ նորով են փոխարինվել մոտ 170 մ ընդհանուր երկարությամբ ջրատար խողովակներ: Հավաքագրված եկամուտներից 4 մլն 57 հազար դրամ գումար ուղղվել է նախորդ տարիների աշխատողների աշխատավարձերի պարտքերի մարմանը: Չնայած դրան` ներկայումս համայնքապետարանը դեռեւս 9 մլն դրամ աշխատավարձի պարտք ունի, որը կուտակվել է 1997 թ.-ից: Նախկին աշխատակիցներից մեկը աշխատավարձի բռնագանձման համար հայց է ներկայացրել դատարան, եւ արդեն 3 ամիս է համայնքի բյուջեն գտնվում է արգելանքի տակ: Դիտարկված 3 համայքների օրինակները որոշ չափով հուսադրող են, սակայն համայնքային սեփականության օտարման հաշվին անընդհատ անհնար է լուծել համայնքի խնդիրները, պահպանել եղածը, առավել եւս` զարգացնել այն: Մի համայնք իր ունեցածը տնօրինում է խնամքով, մյուսը` ոչ: Մի տեղ համայնքային շահն է որոշիչ, մեկ այլ տեղ` կլանային: Համայնքի ունեցածն էլ մի օր կվերջանա, սակայն խնդիրները` ոչ: Կնշանակի` իրական ապակենտրոնացման հաստատման եւ համայնքներին այլ եկամուտներ տրամադրելու օրենսդրական լուծումներով կարելի է հասնել տեղական ինքնակառավարման կայացմանը: Այլապես մեր համայնքները կշարունակեն կենտրոնական եւ մարզային իշխանություններին ընկալել որպես վերադաս, կմնան հեշտ կառավարելի ու թույլ, միշտ ֆինանսական ռեսուրսների կարոտ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել