Տավուշի սաhմանամերձ գյուղերում անասնագողությունն օրինաչափություն է, չբացահայտելը` նույնպես
Կոթի գյուղում վերջին անասնագողությունը գրանցվել է ապրիլի 11-ին, գողացել են դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Ղազար Ազիզբեկյանի կովը, հորթը, երինջը եւ ձին: Գողությունը կատարվել է գիշերվա կեսին, եւ դրան չի խոչընդոտել այն հանգամանքը, որ հաճախակիացող գողությունները կանխելու նպատակով Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում ոստիկանների գիշերային հերթապահություն է սահմանվել:
Դեպքի մասին տանտիրուհին` Վերիչկա Ազիզբեկյանը, հայտնեց, որ ինքն ինչ-որ բան զգացել է: «Ձին տանելու ժամանակ ոտքը գետնով խփեց, ամուսնուս ասեցի` ոնց որ թե մի բան կա, ասեց` երեւի խոզերը մրսում են եւ ուզում են նրա տեղը մտնել, դրա համար է ոտքերը բարձրացնում-դնում, ու դուրս չեկավ: Ձին դրսում էր կապված, իսկ կովերը` գոմում: Ժամը գիշերվա 2:30-3-ն էր: Ամուսինս մինչեւ գիշերվա մեկը աշխատել էր, նոր էր քնել եւ չուզեց վեր կենալ: Երեւի թե նրանք էլ հետեւել էին ու մտածել, որ հոգնած է, քնած կլինի»,- պատմեց տանտիրուհին:
Մեր այցելության ժամանակ տկն Վերիչկան անասնագոմի առջեւ շրջող խոզերին էր կերակրում, որոնք մեզ տեսնելուն պես աղմուկ բարձրացրին: Մեր հարցին, թե ինչպես է, որ խոզերը չեն աղմկել օտար մարդկանց տեսնելով, հատկապես, երբ նրանք դրսում են եղել, տանտիրուհին պատասխանեց, որ դեպքի առավոտյան, ժամը 11:00-ի սահմաններում, երբ ոստիկաններն այցելել են, խոզերը թմրած պառկած էին գետնին: Ոստիկանները հրել են նրանց, փորձել ոտքի հանել, բայց տեղից չեն շարժվել: Շունը նույնպես թմրած է եղել: Գյուղացիների ասելով` նման դեպքերում ինչ-որ դեղորայքով թմրեցնում են կենդանիներին: Բացի այդ, ըստ նրանց, խոզերին տանելը դժվար է, դրա համար էլ չեն տանում: «Մեր գյուղից վերջին տարիներին ավելի քան 200 կով են տարել, սակայն առաջին անգամ է, որ իմ տնից գողություն են կատարում»,- ավելացրեց տկն Վերիչկան: Անասնագողությունից հետո ամուսինը փորձել է գնալ հետքերով, սակայն միակ բանը, որ նրան հաջողվել է պարզել, այն է, որ անասուններին սահմանը չեն անցկացրել, ինչպես սովորաբար արվում է` գողացված անսունները էժան գներով վաճառվում են սարի ետեւում, մի քանի կմ հեռավորության վրա գտնվող թուրքական գյուղերում: Տանտերերը հավանական են համարում, որ սկզբում կենդանիներին տան կողքին գտնվող անտառով հեռացրել են, այնուհետեւ տեղափոխել ավտոմեքենայով: Մեկ տասնամյակից ավելի այս տարածաշրջանում շարունակվող անասնագողությունը վերջ չունի: Ամեն դեպքից հետո, գյուղացիների ասելով, ոստիկանները սահմանը պահող զինվորականների վրա են հանցանքը բարդում, նրանք էլ` ոստիկանների: Արդյունքում, ոչ մի անասնագողություն չի բացահայտվում տարիներ ի վեր, իսկ գողությունները շարունակվում են կատարվել նույն ձեռագրով: Այնուամենայնիվ, մի բանում միանշանակ համոզված են, որ հանցագործներին աջակցողները գյուղից են: «Դրսից ո՞վ գիտեր իմ տանն ինչ կա: Ամուսինս 45 տարի ուսուցիչ է աշխատում, տանողին էլ դաս տված կլի, նրա երեխին էլ դաս տված կլի, թոռանն էլ»,- ասում է տկն Վերիչկան: Գյուղացիների ասելով` անասնագողությունները ոստիկանների ուշադրությունը զբաղեցնում են մի քանի օր, մինչեւ թեժացած խոսակցությունների մարելը: Նրանք, հիմնականում, մեկ վարկած են առաջ քաշում` թուրքերն են տարել: Տկն Վերիչկայի ասելով` երբեմն քննիչն այցելում է, սակայն` իրենցից նորություն իմանալու նպատակով: «Մեզ է հարցնում` ի՞նչ կա-չկա, եւ ասում է` դուք պետք է պարզեք»,- ասում է տանտիրուհին: Գյուղացիների ասելով` երբեմն հանցագործներին հայտնաբերելու կամ իրենց ինչքը պահպանելու փորձեր արվել են, սակայն նմաններին ավելի դաժան են պատժում: Դովեղ գյուղում մեկն անվտանգության համակարգ էր տեղադրել, որը խոչընդոտել էր հանցագործների մուտքն անասնագոմ. ինքնապաշտպանության դիմած երիտասարդին պատժել էին տան շեմին նրա վրա կրակելով, ու վերջինս հրաշքով էր կենդանի մնացել: Այս դեպքի առիթով վերհիշեցին նաեւ հարեւան գյուղում մի երկու տարի առաջ կատարված սահմռկեցուցիչ դեպքը, երբ 250 գլուխ ոչխարի հետ անհետացել էր նաեւ տանտերը, եւ մի քանի օր հետո նրա դին գյուղի հանդում էին գտել: «Ամուսինս 71 տարեկան մարդ է եւ այդ տարիքում 12 տ խոտ էր հավաքել: Խոտի մի մասը հնձել էր, մյուս մասն առել էինք: Նույնքան էլ թրիք էինք դուրս տվել եւ հիմա մի 5-6 լ կաթ պետք է կթեի` արդեն տարան: 9 ամիս պետք է կթեի, մեր կաթն ու մածունը, յուղը ապահովում էինք»,- պատմում է տկն Վերիչկան: Սոցիալական դժվարին պայմաններում, մշտապես թշնամու անակնկալ կրակոցի ահ ու սարսափի մեջ ապրող կոթեցիները, փաստորեն, անասնագողությունների պատճառով հրաժարվել են անասնապահությունից: Հողագործությամբ նույնպես չեն կարող ապրել, քանի որ ոռոգման ջուր չլինելու պատճառով բանջարեղեն չեն կարողանում մշակել. նման դեպքերում հույսներն աձրեւաջուրն է: Ցանքատարածքները պատերազմական տարիներից ի վեր չեն հերկվել, քանի որ կրակակետի տակ են գտնվում: Համագյուղացիները ցավով էին պատմում դպրոցի վաստակաշատ ուսուցչին պատճառված կորստի մասին` «տարեց մարդիկ են, գոնե իրենց ջուրն այդ ձիով էին բերում»: «Կովերի համար էդքան չեմ ափսոսում, ինչքան ձիու համար: Դրանով էինք ջուրը բերում, այդ ձիով մեր ձմռան վառելափայտն էինք բերում: Գյուղի սկզբնամասում աղբյուր կա, 3-4 օրը մեկ անգամ 1000 դրամ տալիս եմ, որ ինձ համար 2 բետոն ջուր բերեն: Ձին տանելու օրից մինչ այժմ միայն 30000 դրամի ջուր եմ առել: Հեսա անձրեւն էլ կկտրվի եւ անձրեւաջուր էլ չենք ունենա, որ դրանով լվացք անենք: Գոնե մի քիչ խիղճ ունենային»,- ասում է տկն Վերիչկան: Որդիները ցանկացել են փող ուղարկել ձի առնելու համար, բայց իրենք չեն ցանկանում` «ապահովված չենք, հավերն էլ են գողանում»: Կոթիում միայն գյուղի մի թաղամաս խմելու ջուր ունի: Մնացած թաղամասերի բնակիչները խմելու ջուրը տեղափոխում են դույլերով, բիդոններով, լավագույն դեպքում` ցիստեռնով, եթե, իհարկե, ունեն: Բոլորի համար պարզ է մի բան. այս իրավիճակը երկար չի կարող շարունակվել, գյուղում հիմնականում նրանք են մնացել, ովքեր դեռեւս տանը տարեցներ ունեն` իրենց հող ու ջրին կապված, ինչպես Ազիզբեկյան ամուսինները, ովքեր դեռեւս դիմադրում են Սվերդլովսկում բնակվող որդիների` իրենց մոտ տեղափոխվելու պահանջին:
Սաթենիկ Մակարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել