HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Եվրոպական կրքեր՝ հայկական կատարմամբ

Մենք գիտենք, որ դուք գիտեք, որ մենք գիտենք

Անցած շաբաթ կայացած ամառային նստաշրջանում ԵԽԽՎ-ն հերթական բանաձեւն ընդունեց Հայաստանի մասին։ 1677-ը մոտ մեկուկես տարվա ընթացքում Եվրախորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ ընդունված թվով 4-րդ բանաձեւն էր։

Սակայն, ի տարբերություն նախորդների, սա մի քանի առանձնահատկություններ ունի, որոնք, կարծես, ավարտուն տեսք են տալիս ԵԽ-ի կողմից Հայաստանի մասով վարվող քաղաքականության էությանը։ 1677 բանաձեւն այնքան խիստ չէր, ինչքան ակնկալում էր ընդդիմությունը, այնքան փափուկ չէր, որքան կցանկանար ու ձգտում էր տեսնել իշխանությունը, բայց նաեւ այնքան անկողմնակալ չէր, որքան ենթադրվում էր օբյեկտիվորեն։ Ըստ այդ բանաձեւի՝ Հայաստանը շարունակելու է մնալ մոնիտորինգի տակ, չնայած իշխանությունների գործադրած ջանքերին՝ ընդհուպ ԵԽԽՎ նստաշրջանի նախօրեին համաներում հայտարարելուն։ Դա լրացուցիչ խթան է հաղորդելու ընդդիմությանը, որն այս բանաձեւում օրակարգային համարվող խնդիրների հենքի վրա շարունակում է «ճակատ» պահպանել ներքաղաքական ճակատում։ Երկրորդ՝ բանաձեւը վերահաստատեց, որ Հայաստանն ամբողջությամբ չի կատարել նախորդ բանաձեւերով ստանձնած ամենաառանցքային պարտավորությունները։ Դրանք են՝ մարտի 1-ի դեպքերի անկախ եւ արժանահավատ հետաքննության անցկացման ապահովում, «Ա1+»-ի բացում, մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված 10 անձնաց մահվան հանգամանքների բացահայտում, հետախուզման մեջ գտնվող անձանց ազատությունից չզրկելը հետագա դատավարությունների ընթացքում (որպես համաներումից հետո առաջացած մտավախություն)։ Սակայն, այս առաջնահերթությունները բանաձեւում զուտ հռչակագրային բնույթ ունեն, քանի որ դրանց կատարման համար հստակ ժամկետներ, իսկ չկատարման համար հնարավոր պատժամիջոցներ չեն նախանշվել, ինչպես նախորդ՝ 1620 եւ 1643 բանաձեւերի դեպքում։ Երկրորդ՝ ինքը՝ ԵԽԽՎ-ն, կամա թե ակամա, նպաստում է դրանց շարունակական հետաձգմանը։ Խնդիրն այն է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարտի 1-ի դեպքերի պատճառների ու հանգամանքների, ինչպես նաեւ արձանագրված զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առումով արձանագրված ձախողումների ենթատեքստում չտեսավ այդ նպատակով ստեղծված ո՛չ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի դե ֆակտո, ո՛չ էլ Փաստահավաք խմբի դե յուրե ձախողման ազդեցությունն ու նշանակությունը։ Այդ երկակիության չեզոքացմանն ուղղված «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկների մերժումը դրա ուղղակի վկայությունն էր։ Կարելի է ասել, որ այս մոտեցմամբ եւ այս բանաձեւով վերջնականապես թաղվեց Փաստահավաք խումբը վերագործարկելու հնարավորությունը, ինչը մարտյան դեպքերի բացահայտման գործնականում միակ հնարավորությունը կարող էր լինել։ Փաստորեն, հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ԵԽ-ն ՀՀ իշխանություններին հնարավորություն է ընձեռել շատ հանգիստ ուզած ժամանակ եւ ուզած տեւողությամբ իր քթից բռնած ման տալ։ Այս կեցվածքը մի կողմից, իհարկե, հնարավորություն է տալիս իշխանությանը մանեւրել, ձգձգել պարտավորությունների կատարումը, մյուս կողմից` կարծես փակում է վեջնական «փախուստի» բոլոր հնարավորությունները. միեւնույն է՝ վաղ թե ուշ այդ պարտավորությունները պետք է կատարվեն։ Այն փաստը, որ ԵԽԽՎ-ն կուլ չտվեց համաներում կոչված «խայծը», իսկ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարեց, թե այն չի կարող փակել մարտի 1-ի էջը, ցույց է տալիս, որ Ստրասբուրգը սովորել է հիանալի կեպով կարդալ Հայաստանի մտադրություններն ու տակտիկական աճպարարությունների իմաստը։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանություններն ու ԵԽ-ն շատ լավ ըմբռնել են, թե ինչ են իրարից ուզում, լիովին տեղավորվել են այս «մուկնուկատու» խաղի կանոնների սահմաններում, յուրաքանչյուրը կատարում է իր դերը, եւ երկու կողմերն էլ իրարից գոհ են ու բավարարված։ Սակայն, այս իրավիճակի ամբողջ հմայքն այն է, որ այդ խաղում տանուլ է տալիս երրորդ կողմը՝ Հայաստանի արմատական ընդդիմությունը։ ԵԽ կողմից Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականության արդյունքում ընդդիմությունը կորցնում է նախաձեռնողականությունը` իր հերթին ստիպված լինելով հարմարվել ՀՀ-ԵԽ խաղի կանոններին ու ընթացքին։ Ու՞մ եւ ինչի՞ համար է շնորհակալություն հայտնում ԱԺ նախագահը ԵԽԽՎ այս նստաշրջանն առանձնացավ նաեւ նրանով, որ Ստրասբուրգ էր մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա ոչ միայն հանդիպումներ ունեցավ այդ կառույցի ղեկավարության հետ, այլեւ լիագումար նիստում հանդես եկավ ելույթով։ Հ. Աբրահամյանն, իհարկե, Ստրասբուրգ մեկնել էր՝ ավելի համոզիչ դարձնելու համաներման քաղաքական նշանակությունը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից։ Սակայն, այս հնարքը չաշխատեց, քանի որ չնայած եվրոպացիները գնահատեցին համաներումը որպես ներքաղաքական լարվածությունը չեզոքացնելուն ուղղված քայլ, սակայն նաեւ հստակորեն պնդեցին, որ դա բավարար չէ։ Բացի դրանից, իր շեշտադրումներով այս բանաձեւը շատ ավելի կոշտ էր, քան նախորդը, հետեւաբար ՀՀ ԱԺ նախագահի մեկնումը Եվրոպա, մեծ հաշվով, ոչ մի էական արդյունք չտվեց իշխանությանը։ Հայաստանի նկատմամբ ԵԽԽՎ-ի վերաբերմունքը փոխելու ցանկությունն այնքան մեծ էր ԱԺ նախագահի մոտ, որ նա նույնիսկ այնպիսի բաների համար սկսեց շնորհակալություն հայտնել Ստրասբուրգին, որոնք վերջինիս հետ այնքան էլ կապ չունեին։ Մասնավորապես, իր ելույթում Հովիկ Աբրահամյանն ասաց. «...Այն արժեւորում է Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, Վեհաժողովի կարեւոր դերը մեր երկրի ներքին քաղաքականության էջերում ողբերգական իրադարձությունների հետեւանքների հաղթահարման գործում: Ուստի, ցանկանում եմ ելույթիս սկզբում շնորհակալություն հայտնել Վեհաժողովին եւ վերջինիս անդամներին` անցնող մեկ տարում Հայաստանում ձեր ունեցած ակտիվ դերակատարման համար: Հատկապես ցանկանում եմ ընդգծել Ձեր` պարոն Նախագահ, եւ մեր երկու համազեկուցողների` պարոնայք Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարեւոր դերը:  Ձեր քննադատությունը, հաստատակամությունը, բայց նաեւ` դրսեւորած համբերատարությունն ու աջակցությունը, երկխոսության մեջ ներգրավվելու ունակությունը էական էին լուծումներ գտնելու գործում»։ Եթե փորձենք ավելի մատչելի մեկնաբանել այս միտքը, ապա ստացվում է,որ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնում ԵԽ-ին, Հայաստանի հարցով երկու համազեկուցողներին այն բանի համար, որ ստիպել են իրենց քայլեր կատարել «մեր երկրի ներքին քաղաքականության էջերում ողբերգական իրադարձությունների հետեւանքների հաղթահարման» ուղղությամբ։ Այսինքն` ՀՀ իշխանության ներկայացուցիչը ԵԽԽՎ ամբիոնից ուղղակի խոստովանում է, որ եթե չլիներ ԵԽ-ի ուժեղ ճնշումը, իրենք, գուցե, այդպիսի փոփոխությունների չգնային, այդպիսի ցանկություն ու կամք չցուցաբերեին։ Մինչդեռ ներքին քաղաքական, հասարակական ճգնաժամերի հաղթահարումը ոչ թե ԵԽ-ի կամ որեւէ միջազգային կառույցի, երկրորդ, երրորդ պետության, այլ այդ երկրի, այս դեպքում Հայաստանի խնդիրն է։ Եվ անիմաստ է ԵԽ-ին շնորհակալություն հայտնել մի բանի համար, որի պատասխանատուն ու իրականացնողը մենք ենք՝ պետությունը, իշխանությունը, ընդդիմությունը, քաղաքական ուժերն ու հասարակությունը։ Մինչդեռ հիմա այս բոլոր շրջանակներն ընդամենը մեկ խնդիր են լուծում. քավության նոխազներ են փնտրում սեփական սխալները ուրիշների վրա բարդելու, կոծկելու, անհաջողություններից արհեստականորեն խուսանավելու համար։ ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցածը ոչ միայն դրա, այլեւ իշխանական մանիպուլյացիայի փայլուն օրինակ էր։

Դավաճանաորսություն Ստրասբուրգում

Ինչպես հայտնի է, Հայաստանին վերաբերող բանաձեւում լրացումներ կատարելու նպատակով Փոստանջյանը շրջանառության մեջ էր դրել երեք առաջարկություն, որոնց տակ ստորագրել էին նաեւ մեկական ներկայացուցիչներ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակություններից։ Հայկական պատվիրակությունն այս փաստը հավասարեցրեց ազգային դավաճանության։ Հայաստանում Փոստանջյանի արարքը տարատեսակ գնահատականների արժանացավ։ Սակայն, ուշագրավն այն էր, որ առանց բացառության բոլորի համար ելակետը ոչ թե այն էր, թե ինչ առաջարկություններ էր նա արել, թե ընդհանրապես ինչ կար գրված այդ թղթերի վրա, այլ միայն թուրքերի ու ադրբեջանցների կողմից դրանք ստորագրելու փաստը։ Իր այս նախաձեռնությամբ Փոստանջյանը բավականին օգնեց հայաստանյան պատվիրակությանը՝ ստվերելու համար բանաձեւը մեղմացնելուն ուղղված ջանքերի մեծամասամբ ձախողումը։ Սակայն դրանով իսկ նա հնարավորություն տվեց պատվիրակությանը անուղղակի կերպով, զուտ քարոզչական առումով այդ ձախողումների պատասխանատվությունը բարդել իր եւ ի դեմս իրեն՝ «Ժառանգության», ողջ ընդդիմության վրա։ Մինչդեռ առաջարկությունների տակ թուրքերի ու ադրբեջանցիների ստորագրումը բացարձակապես որեւէ էական նշանակություն չէր կարող ունենալ ոչ միայն այն պատճառով, որ ստորագրությունների ընդհանուր քանակը չափազանց քիչ էր։ Դրանք ոչ միայն ազգային նշանակության խնդիրներ էին շոշափում, այլեւ նույնիսկ ուղղված էին հասարակական հաշտեցման, փոխըմբռնման հաստատմանը։ Դրանք այն կոնկրետ մոտեցումներն էին, որոնք ԵԽԽՎ թե՛ դիտորդները, թե՛ մոնիտորինգի հանձնաժողովը ներկայացնում, ասում էին բանավոր եւ ընդհանրական կերպով։ Հետեւաբար, դրանց տակ չէր կարող դավադրություն թաքնված լինել։ Եթե այդպես լիներ, ապա պարզ է, որ առաջարկությունների տակ ոչ թե մեկ-երկու պատգամավորների, այլեւ թուրքական ու ադրբեջանական ամբողջ պատվիրակությունների ստորագրությունները կլինեին։ Ավելին, նրանք դա կխլեին Փոստանջյանի ձեռքից ու կսկսեին սեփական նախաձեռնությամբ ստորագրությունները հավաքել։ Մինչդեռ, ակնհայտորեն, սա այն իրավիճակն էր, երբ որեւէ կապ չուներ՝ ով է ստորագրում փաստաթուղթը. ֆրանիսացի՞ն, սե՞րբը, ռուսնե՞րը, թե՞ որեւէ այլ երկրի պատվիրակության ներկայացուցիչ։ Եթե խոսքը «կեղտոտ սպիտակեղենը» դուրս տանելու մասին է, ապա ոչ մի նշանակություն չունի՝ դա ադրբեջանցիների՞, թե՞ անգլիացիների կամ աֆրիկացիների մոտ է տարվում։ Առավել եւս, երբ դեռ հարց է՝ «կեղտոտ սպիտակեղենը» փաստահավաք խումբը վերակազմավորելուն ուղղված առաջարկություններ անե՞լն է, թե՞ երկրի ներսում այնպիսի իրավիճակների, մթնոլորտի ստեղծումը, որը կամա թե ակամա դուրս է գալիս երկրի սահմաններից: Հարկ է զերծ մնալ պսեւդոհայրենասիրության ճղճիմությունից ու հասկանալ, թե տվյալ դեպքում ո՞րն է ազգային, պետական շահը, եւ կա՞ որեւէ մեկի, տվյալ դեպքում Փոստանջյանի արարքում այդ շահին հակասող որեւէ արարք։ Ի վերջո, նույն հաջողությամբ կարելի է դավաճանություն որակել ապրիլի 24-ի նախօրյակին ողջ հանրությունից գաղտնի թուրքերի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելը, առավելեւս համատեղ հայտարարություն ստորագրելը։ Սակայն, դրա համար իշխանությանը ոչ ոք «կնոջ անբարո սեթեւեթանքներ»-ի մեջ չմեղադրեց, ինչպես դա Փոստանջյանի հետ կապված այդքան հեշտությամբ արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter