HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եկեղեցին կառուցվելու է այգում

Արմավիրի ավագանու 2008 թ. որոշումներից մեկով Աբովյան փողոցի այգին, որին ժողովուրդը Հերոյանի այգի է անվանում, հատկացվել է Մայր Աթոռին` եկեղեցի կառուցելու նպատակով: 4900 քմ տարածք զբաղեցնող այգում միայն 1990-ականներին 3000 ծառ է տնկվել, որոնց զգալի մասը հատվելու է մեկնարկող շինարարության պատճառով: Եկեղեցի չունեցող քաղաքի համար Աստծո տան կարևորությունը գիտակցելով հանդերձ` արմավիրցիները համաձայն չեն կանաչ գոտին այդ նպատակին ծառայեցնել: Թեև որոշումն արդեն կա, բայց արմավիրցիները քաղաքի ղեկավարությանը առաջարկում են վերանայել այն և եկեղեցաշինության համար ավելի հարմար վայր ընտրել: Բանաստեղծ Սերոբ Եղիազարյանն առաջարկում է այն կառուցել մշակույթի պալատի հարևանությամբ: «Պալատին հարող փողոցը սկիզբ է առնում հրապարակից, վերջանում գերեզմանոցով: Փողոցի հենց սկզբնամասն էլ բավականին ազատ ու լայն է: Տարածք, որը կարող էր ծառայել եկեղեցու կառուցմանը: Կարծում եմ` այդտեղ եկեղեցի ունենալը նաև  խորհրդանշական կլիներ. հանգուցյալին վերջին հանգրվանը հասցնելուց առաջ հոգևոր արարողությամբ մի պահ կանգ կառնեինք եկեղեցում»,-ասաց արմավիրցի բանաստեղծը: Քաղաքապետարանից օտարված 4900 քմ-ը Արմավիրի հրապարակամերձ կանաչ գոտու 1/4 մասն է, որի ընդհանուր մակերեսը 2 հա է: Մարզպետարանի գյուղվարչության պետի տեղակալ Սանասար Բաղդասարյանի փոխանցմամբ` դա նախկին մարզպետ Ա. Հերոյանի սարքած այգին է: Ըստ մարզպետարանի ներկայացուցչի` այդ 4900 քմ-ը, որն այլևս համայնքինը չէ, 1991-94 թթ. վերակենդանացրել են իրենք` մարզպետարանի աշխատողները: «Տարին երկու անգամ` գարնանը ու աշնանը, ծառատունկ էինք անում: Հերոյանն էլ հետներս փխրեցնում էինք հողը, դույլերով ջրում ծառերը, հատուկ խնամք տածում, որ դրանք չհիվանդանան, չչորանան: Նույնիսկ գիշերները հերթապահել ենք, որ տնկիները չտանեն: Ողջ անձնակազմով հողի միջից խխունջները ձեռքերով ենք հավաքել, որ չվնասեն ծառերը: Իսկ հիմա որոշել են, որ պետք է ազատվեն քաղաքի թոքերից»: Մարզպետարանի ներկայացուցիչն ուրախ է, որ 80-ամյա Արմավիրը վերջապես եկեղեցի կունենա, բայց առաջարկում է այնպես անել, որ և' եկեղեցին կառուցվի, և' կանաչ գոտին չտուժի: «Քաղաքի զբոսայգու հարևանությամբ, որտեղ գտնվում է նաև Արմավիրի առաջնորդարանը, բավականին մեծ տարածություն կա, որը շատ հարմար է եկեղեցի կառուցելու համար: Այդ հատվածում ո'չ ծառեր կան, ո'չ էլ` խանգարող այլ բան. ինչու այդ վայրը թողած` ընտրել են այգին: Մի կողմից ծառ ենք տնկում, որ մյուս կողմից կտրենք... »,- հարցնում է Ս. Բաղդասարյանը: Վերջինիս նշած տարածքին (զբոսայգու հարևանությամբ) դեմ են Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ու ճարտարապետ Արմեն Աբգարյանը: Համաձայն քաղաքի գլխավոր ճարտարապետի` քաղաքապետարանը ծրագիր ունի առաջիկա տարիներին զբոսայգու այդ հատվածը կանաչապատել, բարեկարգել ու տրամադրել արմավիրցիներին` իրենց հանգիստը կանաչի գրկում կազմակերպելու համար: «Եկեղեցաշինության հարցը 1987 թվականից ձգձգվում է: Մայր Աթոռին երեք տեղ ենք առաջարկել: Առաջարկել ենք նույնիսկ մանկական զբոսայգու մի հատվածը, բայց եկեղեցին մարզպետարանի դիմացի այգին է ընտրել, որի շուրջ էլ հիմա կրքեր են բորբոքվում: Ինչու պիտի աղանդավորական տարբեր կազմակերպություններ այս քաղաքում իրենց եկեղեցիներն ունենան, մենք` ոչ: Կարելի է, չէ, ըմբռնումով մոտենալ ու գոնե այս հարցում խնդիրներ չստեղծել»,- ասաց ճարտարապետ Աբգարյանը, ում փոխանցմամբ` մարզպետարանի հարևանությամբ գտնվող հողը Մայր Աթոռին տրամադրել են անհատույց օգտագործման իրավունքով և որոշումը վերանայելու անհրաժեշտություն այլևս չունեն: Բանաստեղծ Սերոբ Եղիազարյանի առաջարկած տարբերակը`եկեղեցին կառուցել մշակույթի պալատից սկիզբ առնող փողոցի գլխամասում, ևս մերժվեց: Պարզվեց` ավագանու որոշմամբ 2007 թվականից այդ տարածքն այլևս նոր տեր ունի: Չընդունվեց նաև Երևանյան և Հանրապետության փողոցների հատման անկյունում տեղ հատկացնելու առաջարկը: Մարզպետարանի ներկայացուցիչ Սանասար Բաղդասարյանի ասելով` այդ վայրը և' իր դիրքով է հարմար, որովհետև քաղաքի մուտքի մոտ է, և' ազատ է: Իսկ ճարտարապետ Աբգարյանն ասաց, որ այդ հատվածն արդեն սեփականաշնորհված է: Արմավիրի փոխքաղաքապետ Խաչիկ Մկրտչյանի կարծիքով էլ` ճիշտն այն է, որ եկեղեցին քաղաքի կենտրոնում լինի: Ըստ նրա` հրապարակի տեսքը դրանով կամբողջանա. «Հրապարակի աջ ու ձախ կողմերում քաղաքի ու մարզի վարչական շենքերն են, կենտրոնում` մշակույթի պալատը, իսկ այս ամենը կամբողջացնի եկեղեցին, որի պակասն այս քաղաքում ամենից շատ է զգացվում»,- ասաց փոխքաղաքապետը: Հայկուշ Ասլանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter