Ռոբերտ Քոչարյանն այլևս թոշակառու չէ
Երեկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ երկու տեղեկատվություն ստացվեց` մեկը պաշտոնական խողովակներով, մյուսը` ոչ պաշտոնական:
Առաջինի համաձայն` Ռ. Քոչարյանն ընդգրկվել է ռուսական «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհիդի կազմում` որպես անկախ տնօրն:

Այս պաշտոնի առանձնահատկությունն այն է, որ այն զբաղեցնողը պարտավոր չէ մշտապես գտնվել Ռուսաստանում, ուստի հետագայում եթե ընտրովի պաշտոնում առաջադրվելու կարիք լինի, նա Հայաստանում մշտական բնակության վերաբերյալ տեղեկանք ստանալու դժվարություն չի ունենա:
Մյուս տեղեկությունը մեզ հաղորդեց մոսկվայաբնակ մեր հայրենակիցներից մեկը, որը «Կիտայ-գորոդ» կոչվող թաղամասի Վարվառովկա փողոցի վրա ականատես է եղել, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը երեք ուղեկիցների հետ իջել է «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայից և մտել հրազենի խանութ:
Այստեղ Ռ. Քոչարյանը մանրամասն ու ուշադիր զննել է առաջարկված ատրճանակները: Մեր հայրենակցուհին չի հասցրել տեսնել` ՀՀ էքս-նախագահը զնեք գնե՞լ է արդյոք. նրան խանութի աշխատակիցները դուրս են հրավիրել:
Թուրք Արշակը չի բռնվել
Վերջերս «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Համլետ Խլղաթյանն ազատվել է աշխատանքից: Այդ պաշտոնում նրա փոխարեն նշանակվել է Նելսոն Զաքարյանը, որն ազգային անվտանգության համակարգի աշխատակից էր: Կադրային այս փոփոխությունների մասին որևէ պաշտոնական լուր չի հաղորդվում: Ըստ որոշ աղբյուրների` «Երևան-Կենտրոնի» երկարամյա պետ Համլետ Խլղաթյանի պաշտոնանկության պատճառը դատապարտյալ Արշակ Աղաբաբյանի` Թուրք Արշակի փախուստն էր ԱԱԾ մեկուսարանից:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի սպանության փորձի համար 12 տարվա ազատազրկման դատապարված Աղաբաբյանը 2009 թ. ապրիլի 1-ին կալանավայրի պահեստի Նալբանդյան փողոցին նայող պատուհանից փախել էր շենքից: Համարվում է, որ փախուստը կալանավայրի աշխատակիցների անփութության հետևանքն է եղել, քանի որ նման հոդվածով դատապարվածին չպետք է ներգրավեին տնտեսական աշխատանքների մեջ և խցից դուրս բերելու իրավունք չունեին:
Քր. գործ է հարուցվել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ա. Մուրադյանի դեմ, որը խախտել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը և առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար դատապարված Արշակ Աղաբաբյանին, առանց հիմնարկի պետի գրավոր որոշման և անհրաժեշտ այլ ձևակերպումների, դուրս է հանել խցից և ներգրավել տնտեսական աշխատանքներին:
Ա. Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել քր. օր. 309 հոդվածի 1-ին մասի` պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով: Գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ Արշակ Աղաբաբյանը մինչ օրս չի հայտնաբերվել:
Խուժանապետության կանոններով
Այս ամիս կայացած հանրահավաքի ընթացքում Լևոն Տեր-Պետրոյանը հայտարարեց, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաև բուն պետական համակարգեր:
Եվ ահա օրերս տեղեկություն ստացանք այն մասին, որ ԱԺ պատգամավոր Լյովիկ Սարգսյանի` Ալրաղացի Լյովի թիկնապահների մեծ մասն աշխատում է ոստիկանության համակարգում: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ոստիկանի խղճուկ աշխատավարձով են ապրում ու վզերը հաստացնում այդ մարդանման գազաները: Սակայն ակնհայտ է, որ հարկ եղած դեպքում նրանք կարող են հանդես գալ օրենքի անունից: Բայց միայն նրանք չէ, որ ունեն ոստիկանի վկայական:
Հիշեցնենք, որ երբ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի թիկնապահներին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով «հավաքել» էին, ոստիկանությունում էին պարզել, որ թիկնապահներից մի երկուսը ոստիկաններ են, այսինքն` ունեն ոստիկանի վկայական:
Որպես սրտի մխիթարանք` ոստիկանապետը Բուռնաշի թիկնապահներին հեռացրեց ոստիկանության համակարգից: Բայց ո՞վ գիտի, գուցե նրանք կամ նրանց նմանները դարձյալ սողոսկել են այդ համակարգ:
Պարտքերը վճարելու սհաթը
Երեկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մեկնել է Ադրբեջան, որտեղ Իլհան Ալիևի հետ հանդիպումից հետո «Գազպրոմն» Ադրբեջանի պետական նավթընկերության հետ պայմանագիր է ստորագրել ադրբեջանական գազի մատակարարման մասին: 2010 թ. հունվարի 1-ից «Գազպրոմը» տարեկան 500 մլն խ/մ գազ է գնելու Ադարբեջանից:
Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն կարող է ունենալ այդ պայմանագիրը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, հետևաբար` նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ դիրքորոշման վրա: Այդ մասին հենց իրենք` ադրբեջանցիներն են ուղիղ տեքստով խոսում:
Երեկ` Մեդվեդևի այցից առաջ, ադրբեջանցի քաղաքագետ, հիմնականում իշխանական տեսակետներն արտահայտող Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է. «Բաքուն անվանել է ԼՂ-ի համար իր գինը, դա գազն է: Եթե ՌԴ-ն համաձայնի մեր առաջարկության հետ, ապա կարծում եմ` կարելի է այն կնքել: Սակայն ՌԴ-ն կարող է մեզ զիջել միայն 5-6 գրավյալ շրջան, իսկ ԼՂ-ի և Լաչինի միջանցքի հարցը կարող է հետաձգվել»:
Ինչպես ասում են` տեղ հասանք: Ադրբեջանում առանց ավելորդ այլևայլությունների ԼՂ հարցով բանակցում են ՌԴ-ի հետ: Այսինքն` գործնականում իրականացնում են այն, ինչի մասին ասել էր Իլհամ Ալիևն այն բանից հետո, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը հայտարարեց, թե «Հայաստանը ՌԴ-ի ֆորպոստն է տարածաշրջանում»:
Իսկ «ՌԴ-ն կարող է մեզ զիջել միայն 5-6 գրավյալ շրջան» ձևակերպումն արտահայտում է ինչպե ԼՂ հարցի կարգավորման բանակցություններում ՀՀ-ի իրական դերակատարությունը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականության ողջ էությունը: Եվ ամենևին պետք չէ զարմանալ, որ երեկ ռուսական մամուլը հեղեղված էր ՀՀ-ի մասին, բառի բուն իմաստով, «քլնգոցներով»:
Դրանց հեղինակները ՌԴ Պետդումայի` քաղաքական գրեթե ողջ սպեկտրն արտահայտող պատգամավորներն են: Իսկ պատճառն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Միխայիլ Սահակաշվիլիին պարգևատրել է Պատվո շքանշանով: Այսինքն` ռուսներն ուղղակիորեն ՀՀ-ին ասում են` «չափդ ճանաչիր»:
Ու երբ այս իրադարձությունների համատեքստում դիտարկում ենք Մեդվեդևի երեկվա այն հայտարարությունը, թե «ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում առաջշարժումը շարունակվի», ապա հերթական անգամ ստիպված պետք է արձանագրենք, որ եկել է «ռուս բարեկամներից քաշվելու» հերթական պատմական պահը: Սակայն այդ հարցում ռուսներին մեղադրելը, մեղմ ասած, սխալ կլինի:
ՀՀ իշխանությունները վերջին 10 տարիներին ՀՀ-ում հաստատված «կայունության» համար ամեն ինչով պարտական են ռուսներին, և այսօր եկել է պարտքերը վճարելուժամանակը: Ցավոք, արդեն ոչ գույքով:
Դեպի օֆշորային Հայաստան
Հայաստանի մասին ԵԽԽՎ ընդունած հերթական` 1677 բանաձևը, իհարկե, տեղավորվում է կանխատեսելիության շրջանակներում: Նրա բովանակության մեջ հետաքրքիր նրբերանգներ կան, բայց քաղաքական իմաստով փաստաթուղթն այնպիսին է, ինչպիսին և սպասվում էր: ՀՀ իշխանությունների հասցերին ուղղված եվրաոջույններն ընդամենն արձանագրմն են այն բանի, որ իշխանությունը հնազանդ է եվրոպական բոսերին:
Բայց եվրոպացի բոսերը, այնուամենայնիվ, չեն պատրաստվում կորցնել ազդեցության լծակները և ուրեմն` արձանագրում են այն բազմաթիվ խնդիրները, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան Հայաստանի իշխանությունների աչքը մտցնել: Եթե անգամ իշխանությունն ազատ արձակեր բոլոր քաղբանտարկյալներին, Հայաստանը, միևնույն է, մնալու էր մոնիտորինգի տակ, և 1677 բանաձի առանձնահատկությունը հենց սրանում է. արտաքուստ քաղցր-մեղցր լինելով` այն ի ցույց է դնում հետագա բանաձևերի խստացման, կոշտաման ողջ պոտենցիալը:
Թե երբ կկոշտանան դիրքորոշումները, կախված է արդեն տասնյակ գործոններից, մասնավորապես նաև այն գործընթացներից, որ տեղի կունենան Ղարաբաղի հարցի կարագավորման շուրջ` մինչև ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Համենայնդեպս, 1677 բանաձևը տոգորված է անորոշ շարունակականության հատուկ տրամաբանությամբ. ԵԽԽՎ-ն շարունակելու է հետևել, շարունակելու է ուսումնասիրել, շարունակելու է դիտարկել, շարունակելու է քննարկել:
Միջազգային բոսերը, այս շրջանում կենտրոնոցած լինելով Հարավային Կովկասի վրա, մտադրվել են Հայաստանին կաշկանդել ոչ միայն բարոյական կամ քաղաքական բնույթի բեռներով: Վարկեր և տոկոսներ` ահա հաջորդ կարևորագույն լծակը:
Հայաստանում տնտեսական ճգնաժամի գոյությունը շարունակաբար հերքող իշխանությունը տնտեսական անկման վերջին թվերի տպավորության տակ, սկսել է խուճապահար վարկեր վերցնել բոլորից` չունենալով անգամ այդ վարկերը նպատակային ծախսելու հիմնավորված և ընդունելի բինես-ծրագիր: Իսկ վարկեր տալիս է ոչ միայն Ռուսաստանը, այլև Արևմուտքը, ըստ էության` այս գլխից պատրաստակամություն հայտնելով հետագայում նոր վարկեր տրամադարել` հին վարկերը փակելու համար: Եվ սրանում է ստացվող վարկերի հիմնական հմայքը:
Դոնոր կազմակերպությունները լավ գիտեն, որ ստացվող վարկերն անարդյունավետ են ծախսվելու, ինչը նրանց ձեռնտու է աննկարագրելիորեն: Սա մոտավորապես նման է այն իրավիճակին, երբ հանցավոր խմբավորումները որևէ մեկին սեփական ազդեցության տակ գցելու համար նրան նստեցնում են ասեղի վրա: Զոհը սկզբում, իհարկե, աջուձախ կայֆ է անում, բայց գալիս է պահը, երբ ավարտվում են փողերը, և վրա է հասնում լոմկան: Ահա այսպես հասնում է հատուցման ժամը:
Իշխպանությունը սա, իհարկե, հասկանում է, բայց երբ պետությունը նրանց համար ընդամենը փող աշխատելու միջոց է, վերը նկարագրվածի մեջ ոչ մի ողբերգություն չկա:
Հա՛մ կհետևեն, հա՛մ նոր զեկույց կներկայացնեն
Փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը երեկ «Առավոտին» փոխանցեց, որ ինքն ու Սեդա Սաֆարյանը հետևելու են, թե ինչ ճակատագիր է ունենալու ինչպես օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ու Փատահավաքի իշխանական թևի ներկայացուցիչներ էին պնդում` «լարված մթնոլորտում» ստեղծված Փաստահավաքի 2000 էջանոց զեկույցը, և թե դրանից ինչ հետևություններ է անելու հանձնաժողովը:
«Այնտեղ բավականին նյութեր կան, այդ թվում` ժամերով տեսանյութեր: Եթե մի կտոր պակասել է... Բնականաբար, մենք այդ ընթացքում կկազմենք մեր հաջորդ զեկույցը»,- ասաց Ա. Քոչարյանը:
Հատուկ զեկույց կգրի
Դիտորդ անդամի կարգավիճակով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրադարանական ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցած ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանն իր դիրտորդական զեկույցը կներկայացնի մարտյան դեպքերի վերաբերյալ, քանի որ գտնում է, որ հանձնաժողովի զեկույցն օբյեկտիվ չի լինելու:
Երեկ 2 ամսով Մոսկվա մեկնելուց առաջ «Առավոտին» տված հարազրույցում պրն. Կարապետյանը տեղեկացրեց, որ զեկույցը պատրաստ կլինի սեպտեմբերի վերջերին: Զեկույցի օրինակները կուղարկվեն նաև Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովին, ինչպես նաև եվրոպական այլ ատյաններ:
Ադրբեջանը մեղադրվում է Իրանում «նարնջագույն հեղափոխության» կազմակերպման մեջ
Իրանի MehrNews լրատվական գործակալությունը մեղադրում է Ադրբեջանին Իրանում «նարնջագուն հեղափոխության» կազմակերպման մեջ: «Իրանում նախագահական ընտրություններից կես տարի առաջ ԿՀՎ գործակալները հանդիպել են իրանցի ընդդիմադիրների հետ և հանձնարարականներ տվել նրանց Թուրքիայում, Ադրբեջանում, Քուվեյթում ու ՄԱԷ-ում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը նշում է, որ իրանցի մարզիկները, մշակույթի գործիչները, գործարարները այդ երկրներում մշակվում էին ԿՀՎ-ի կողմից: Իրանում հեղափախության ծրագիր կազմելու համար մեղադրվում են նաև Վուդրո Վիլսոնի և Սորոսի հիմնադրամները: Նշվում է նույնիսկ այդ նպատակների համար ամերիկյան հիմնադրամների հատկացրած գումարը` 32 մլն դոլար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել