Բացահայտվել է քրեական հեղինակություն Պալի Անդոյի սպանությունը
Իրավապահները տեղեկություններ են ստացել, որ հունիսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող, «Ալիկ» ՍՊԸ-ին պատկանող ռեստորանում 44-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանը (հանցավոր աշխարհում հեղինակություն է և հայտնի է Պալի Անդո մականունով) ծեծել է 25-ամյա Իլյա Ղ.-ին:
Վերջինս դեմքի վնասվածքներով տեղափոխվել էր Գավառի հիվանդանոց, սակայն հայտարարել էր, որ դրանք ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետեւանքով:
«Իլյա Ղ.-ն բուժօգնություն ստանալուց հետո մեկնել էր Գավառ քաղաքից, և նրա գտնվելու վայրը հայտնի չէր»,- մանրամասնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
ՌԴ քաղաքացի Իլյա Ղ.-ն հունիսի 22-ին Հայաստանից մեկնել էր Մոսկվա, իսկ հաջորդ օրը ընկերների` ՌԴ քաղաքացիներ` 27-ամյա Ավեդիս Ս.-ի և Արթուր Ղ.-ի հետ, Անդրանիկ Մարտիրոսյանից վրեժխնդիր լինելու նպատակով, վերադարձել էր Հայաստան: Վերջիններս ՀՀ քաղաքացի, 33-ամյա Ռոբերտ Խ.-ի հետ միասին, 27-ամյա Արման Հ.-ի և 22-ամյա Կարեն Ա.-ի ավտոմեքենաներով ու նրանց ուղեկցությամբ, մեկնել են Գավառ քաղաք:
«Գավառի Բոշնաղյան փողոցում գտնվող, Անդրանիկ Մարտիրոսյանին պատկանող շուկայում Իլյա Ղ.-ն, Ավեդիս Ս.-ն, Արթուր Ղ.-ն և Ռոբերտ Խ.-ն մահակներով ծեծի են ենթարկել Անդրանիկ Մարտիրոսյանին: Բացի այդ, Իլյա Ղ.-ն ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով դիտավորությամբ կրակոց է արձակել Անդրանիկ Մարտիրոսյանի ձախ ոտքին, ինչից հետո նրանք դիմել են փախուստի»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Ա. Մարտիրոսյանը օգնության համար բուժհիմնարկներ չի դիմել: Սակայն ժամեր անց վերջինս անգիտակից վիճակում տեղափոխվել է Օրթոպեդիայի և վնասվածքաբանության կենտրոն` «ձախ ազդրի հրազենային վնասվածք, ձախ ազդրի միջին երրորդական բեկորային կոտրվածք, տրավմատիկ 2-րդ և 3-րդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ:
Հունիսի 25-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցում, գիտակցության չգալով, Անդրանիկ Մարտիրոսյանը մահացել է:
«Արման Հ.-ն և Կարեն Ա.-ն ստորագրությամբ բաց են թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ Իլյա Ղ.-ին, Ավեդիս Ս.-ին, Արթուր Ղ.-ին և Ռոբերտ Խ.-ին, ինչպես նաև ատրճանակն ու մահակները հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի 1 պարկուճ»,- հաղորդում են ոստիկանությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել