HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անբարեկարգ ճանապարհները հուսահատության գիրկն են նետել գյուղացուն

30_06-motkor_gyughacinerԼոռու մարզի Մարց գյուղի անբարեկարգ ճանապարհների պատճառով գյուղացիներն իրենց գյուղմթերքը չեն կարողանում հասցնել շուկա: «Դրա հետևանքով էլ, օրինակ, կաթի մեկ լիտրը, որը շուկայում արժե 200 դրամ, մեր գյուղացիները ջրի գնով`լիտրը 50-55 դրամով, վաճառում են գյուղապետ Ռոբերտ Գալստյանին: Նա ոչ թե կաթի գնին համարժեք փող է վճարում գյուղացիներին, այլ այն փոխհատուցում է իր սեփական խանութի ապրանքներով»,- պատմեցին մարցեցիներ Ջհան Ոսկանյանն ու Գուրգեն Գևորգյանը: Գյուղապետ Ռոբերտ Գալստյանն էլ այս մեղադրանքներին հետեւյալ բացատրությունը տվեց. «Կաթը գյուղացիներից հավաքել ենք 2009 թ. հունվարից մինչև ապրիլը, որից հետո ապրանքը գյուղացիները տարել են սարը: Հետո ես չեմ հավաքել, տղաս է հավաքել, նա է անհատ ձեռներեցը: Կաթն էլ հավաքել ենք լիտրը 100 դրամով»: Սակայն գյուղացիները հակառակն են պնդում. կաթը իրենցից վերցնում են 50-55 դրամով: 30_06-motkor_roadԱբարեկարգ, երբեմն անանցանելի ճանապարհների պատճառով իրենց գյուղատնտեսական ապրանքները շուկա չեն կարողանում հասցնել նաև հարևան գյուղերը: Ձորագետ-Աթան շուրջ 40 կմ երկարությամբ ճանապարհահատվածից օգտվում են Մոտկորի անտառների փեշերին փռված Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր գյուղերի բնակիչները: Ճանապարհն այնպիսի վիճակում է, որ մարդատար ավտոմեքենաների շատ վարորդներ ուղղակի հրաժարվում են ուղևորներ տեղափոխել այս գյուղեր, մի մասն էլ համաձայնում է գնալ մինչև Մարց: «Ավելի լավ է օրվա մեջ մի քանի անգամ Երևան գնամ-գամ, քան մեկ անգամ` Մոտկորի  գյուղեր, քանի որ վերջինից հետո  ավտոմեքենաները   կապիտալ վերանորոգման կարիք են զգում»,- ասաց վարորդ Արթուրը: Տաքսիների վարորդներից ոմանք Ալավերդուց Լորուտ գյուղ մարդկանց տեղափոխում են 10 հազար դրամով, որն ավելի թանկ է, քան Ալավերդի-Երևան շուրջ 180 կմ երկարությամբ ճանապարհային երթուղու գինը: Վարորդներին վախեցնում են նաև ճանապարհին հարող լեռներից գահավիժելու պատրաստ հսկա քարաբեկորները, որոնք տարիներ շարունակ չեն վնասազերծվել: Քարինջ, Մարց, Լորուտ և Մոտկորի մյուս գյուղերի գյուղացիների համար ճանապարհն ունի կենսական նշանակություն, և  նրանց վաղեմի երազանքներից մեկը այն բարեկարգված տեսնելն է: Ժամանակին Լոռու նախկին մարզպետ  Հենրիկ Քոչինյանը համապետական յուրաքանչյուր ընտրությունից մի քանի օր առաջ ճանապարհի հողահարդարման աշխատանքներ էր կատարում: Ու թեև մի քանի հորդառատ  անձրևներից հետո հեղեղները իրենց հետ տանում էին հարթեցման նպատակով փռված հողը ու ճանապարհը կանգնեցնում հին տաշտակի առաջ, այդուհանդերձ, գյուղացիները, ի նշան երախտիքի, ծանրակշիռ քվեներ էին տալիս մարզպետի պաշտպանած թեկնածուին: Վերջին տարիներին, սակայն, գյուղացիներն իրենց քվեներն իշխանություններին նվիրում են հիմնականում  նպաստների, հարկերի և այլ շահարկումների արդյունքում: Ստեղծված իրավիճակում հուսահատված գյուղացիներն այլևս հույսեր չեն կապում  ճանապարհի բարեկարգման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter