«Ոսկե ծիրան»-ում կցուցադրվի Ադրբեջանի մասնակցությամբ նկարահանված ֆիլմ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի ընդլայնել է Եվրոպական երկրների հետ համագործակցությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ իրենք ուրախ են հատկապես Լեհաստանի հետ ակտիվ համագործակցության համար:
«Լեհաստանի կինոինստիտուտի եւ կինոդարանի շնորհիվ այս տարի կունենանք Յեժի Սկոլիմովսկու ռետրոսպեկտիվը, նաեւ երեք նոր ֆիլմեր կցուցադրվեն»,-ասաց Ս.Հարությունյանը:
Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչ Կատաժինա Խորնեցկան ասաց, որ անչափ ուրախ է, որ Լեհաստանին նվիրված է լինելու երկու ամբողջ օր: «Մեզ համար պատիվ է նման ծանրակշիռ փառատոնին այսպես ակտիվորեն ընդգրված լինելը: Հատկանշական է, որ ցուցադրվելու է ոչ թե մեկ կամ երկու ֆիլմ, այլ ամբողջ երկու օր նվիրված է լինելու հենց լեհական կինոյին»,-նշեց Կատաժինա Խորնեցկան :
Ասուլիսին ներկա էր նաեւ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչ Ժան Պոլ Մարտեն: Նա ասաց, որ Ֆրանսիայից այս տարի փառատոնում ընդգրկված են 7 ֆիլմ: «Ես անչափ ուրախ եմ, որ այս փառատոնը միշտ մեծ ուշադրություն եւ տեղ է հատկացնում ֆրանսիական կինոյին: Եւ ուրախ եմ , որ փառատոնը կբացվի հենց ֆրանսիական կինոյով»,-ասաց Ժան Պոլ Մարտեն:
Իսկ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Թոմաս Միթնախտը նշեց, որ իր համար կարեւոր է հատկապես «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը: «Այդ միջոցառումը հնարավորություն է տալիս ռեժիսորներին հանդիպելու եւ քննարկելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները»,- ընդգծեց դեսպանատան ներկայացուցիչը:
Սուսաննա Հարությունյանը ասաց, որ իրենց համար Եվրոպայի հետ համագործակցությունը շատ կարեւոր է, «բայց քանի որ «Ոսկե Ծիրանը» արդեն մեր տարածաշրջանում մեծ կշիռ ունի, այդ պատճառով պետք է ընդգրկել նաեւ մեր հարեւաններին եւ այս տարածաշրջանի այլ երկրներին»:
Նա նշեց, որ ամեն տարի իրենք հրավեր են ուղարկում նաեւ Ադրբեջանին, սակայն վերջիններս ոչ մի կերպ չեն արձագանքում: «Սակայն այս տարի հետաքրքիր մի ֆիլմ կա` «Աբսուրդիստան», որը արված է Ադրբեջանի եւ Գերմանիայի համագործակցությամբ: Ֆիլմն արդեն Վրաստանում եւ Ադրբեջանում ցուցադրվել է»,-ավելացրեց Սուսաննա Հարությունյանը:
Այս տարի երկրորդ անգամ տեղի կունենա նաեւ «Արաբական գիշերներ» ծրագիրը: Համակարգող Վրեժ Քասունին ասաց, որ այս տարի շեշտադրությունը լինելու է հատկապես լիբանանյան ֆիլմերի վրա:
«Այս ծրագրի անցած տարվա հաջողությունը երեւի այն բանից է, որ մեզ դժվար են հասնում արաբական ֆիլմերը, իսկ այս պրոյեկտի միջոցով հանդիսատեսը ծանոթացավ եւ սիրեց այդ շրջանի ֆիլմերը»,- ասաց Վ.Քասունին:
Հիշեցնենք, որ «Ոսկե Ծիրան» փառատոնը 6-րդ անգամ կանցկացվի հուլիսի 12-19:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել