International Alert-ին կլոր սեղան է կազմակերպել Ստեփանակերտում
Ռուսաստանի ակտիվությունը Ղարաբաղյան կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում եւ այլ միջոցառումներում վերջին շրջանում առավել նկատելի է դառնում: Դրա վառ ապացույցը ռուսաստանցի քաղաքագետների ու վերլուծաբանների հնչեցրած ամենատարբեր հայտարարություններն են` որոշ դեպքերում նույնիսկ Ռուսաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման մասին:
Անկախության ճանաչմանն ուղղված քայլերի մասին էլ Ղարաբաղում վերջերս խոսել են նաեւ REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը եւ «Քվորում» ժողովրդավարական գործընթացների դիտարկման կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Կոչետկովը` ԱԺ պատգամավորների, հանրապետության արտաքին գերատեսչության դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած փակ կլոր սեղանի ընթացքում:
Մոդեստ Կոլերովն ասել է, որ Լեռնային Ղարաբաղն անկասկած կայացած պետություն է, սակայն նրան անհրաժեշտ է ակտիվացնել իր գործունեությունն արտաքին ոլորտում` մասնավորապես փորձագիտական մակարդակով ապահովել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային միջոցառումներին:
Ղարաբաղի կողմից իր դիրքորոշումն ավելի ակտիվորեն արտահայտելու անհրաժեշտությունն օրերս Ստեփանակերտում կայացած կլոր սեղանի ընթացքում շեշտել է նաեւ Ռուսաստանի առաջին ալիքի «Դատեք ինքներդ» հեռուստահաղորդման հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն, որը Ղարաբաղ էր եկել մասնակցելու International Alert բրիտանական ոչ կառավարական կազմակերպության կողմից անցկացրած կլոր սեղանին: Հուլիսին Մոսկվայում նախատեսվող հայ-ադրբեջանական քաղաքացիական խաղարարար համաժողովին Մաքսիմ Շեվչենկոն հանդես է գալու որպես համամոդերատոր:
«Կան սկզբունքներ, որոնցից կողմերը չեն կարող հրաժարվել, բայց դրանք պետք է հրապարակել ու դրանց մասին պետք է խոսել»,-ասել է լ Մ.Շեւչենկոն ` ի պատասխան կլոր սեղանի ընթացքում Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների կոչմից ներկայացրած տարբեր դիրքորոշումների: Նա միաժամանակ շեշտել է, որ Ղարաբաղի ինքնորոշումը կասկածանքի ենթակա չէ:
Կլոր սեղանի մասնակիցները հաճախակի էին անդրադառնում Շեւչենկոյի մինչեւ Ղարաբաղ գալը հնչեցված ադրբեջանամետ տարբեր հայտարարություններին:
Եւ Շեվչենկոն ստիպված էր ամեն անգամ պատասխանել իր այդ անդրադարձներին: Մասնավորապես ղարաբաղցիներին «կովկասյան ալբանացիներ» անվանելու մասին,նա խոստովանեց, որ հնարավոր է սխալվել է, հիմք ընդունելով իր ձեռքի տակ եղած գրականությունում ներկայացված փաստերը: Նրա հավաստմամբ, դրանց առավել մանրամասն ծանոթանալու եւ ղարաբաղցիների կարծիքներն իմանալու նպատակով է հենց եկել Ղարաբաղ:
Մասնակիցների կարծիքներից կարելի էր մի եզրահանգում անել` պատրաստ են խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով:
«Մենք դրա համար շատ թանկ ենք վճարել: Մեր տղաները զոհվել են մեր անկախության եւ ազատության համար, եւ մենք չենք կարող դա անտեսել»,-նշել է Արցախի պետհամալսարանի դասախոս, «Շարժում 88» կուսակցության փոխնախագահ Գագիկ Բաղունցը:
Նա միաժամանակ հավելել է, որ ոչ մի քաղաքական որոշում կյանքի չի կոչվի, եթե այն չբխի ԼՂՀ ժողովրդի շահերից:
Միջազգային կառույցներն ամեն կերպ փորձում են ղարաբաղա-ադրբեջանական հանդիպումները տեղափոխել միջհամայնքային ձեւաչափ, որին կտրականապես բազմիցս դեմ են արտահայտվել Արցախի հասարակական կազմակերպությունները: Ակտիվ քննարկումներ էր ծավալվել նաեւ այս հարցի շուրջ:
Մասնակիցները մեկ անգամ եւս International Alert կազմակերպության մենեջեր Դեսիսլավա Ռուսանովային հիշեցրել են, որ ղարաբաղցիները նման ձեւաչափով հանդիպումներ երբեք էլ չեն ունենա, այդ թվում նաեւ Մոսկվայում կայանալիք համաժողովի ընթացքում:
Կոշտ դիրքորոշումների արդյունքում Դ. Ռուսանովան հայտարարեց, որ «դա ամենեւին էլ միջհամայնքային հանդիպում չի լինելու», խոստացավ նաեւ իրենց կայքում նման մի հայտարարություն տեղադրել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել