HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ըստ Դավիթ Հարությունյանի` թշնամուն դիմելն անթույլատրելի է

30_06-D-Harutyunyan«Ինչո՞ւ 300-ից ավել պատգամավորներից ընտրվեցին հատուկ այն 4-ը, որոնք ուղղակիորեն ներգրավված են Հայաստանին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու գործում, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված: Ընդ որում, բոլոր 4-ը, ԼՂ-ի հետ կապված, արտահայտել են իրենց դիրքորոշումները, որոնք ամենևին բարենպաստ չեն: Եթե դուք համարում եք, որ կարելի էր անգամ գնալ համագործակցության թշնամու հետ, երբ դու ունեիր կողքդ բազմաթիվ այլ հնարավորություններ, դու պետք է գոնե դրա հիմնավորումը ունենաս:

Նրանց դիմելն ինքնին ես համարում եմ անթույլատրելի»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով թուրք և ադրբեջանցի պատգամավորների կողմից «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ Հայաստանի վերաբերյալ բանաձևի լրացումները ստորագրելուն:

Հաջիևան «համարում է», որ Երևանը Հայաստանին այսպես կոչված «զիջել է» Ադրբեջանը

Դավիթ Հարությունյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկները ստորագրած ադրբեջանցի պատվիրակ Գյուլփեկին Հաջի Բեյլին (նախկինում `Հաջիևա) մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ում հույս էր հայտնել, որ «ի վերջո մի օր կգտնվի ընդդիմություն ներկայացուցիչ մի ազնիվ անդամ, որը կընդունի նաև մեր դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հետ կապված»: «Ընդհանրապես Հաջիևան հայտնի է իր ծայրահեղ հայտարարություններով: Մասնավորապես, կարող եմ տրամադրել նաև արձանագրությունն այդ նիստի, երբ նա հայտարարում է, որ «հայերը ընդհանրապես չեն ունեցել տարածք, և 1918 թ., երբ հայերը որոշեցին հայտարարել անկախություն, Ադրբեջանի պետությունը նրանց զիջեց Երևանը, որից հետո նրանք ագրեսիվացան և սկսեցին զավթել Ադրբեջանի նորանոր տարածքներ, այդ թվում` Զանգեզուրը և այլն: Հետագայում սկսեցին նվաճել սարեր Ադրբեջանի տարածքից, և այժմ բոլորին հայտնի է իրավիճակը»: Նա շարունակում է իր խոսքը` հակադարձելով Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքին` Ջուղայի գերեզմանատան ոչնչացման հետ կապված` նշելով, որ «Ջուղայում գտնվել է հին քրիստոնեական ալբանական գերեզմանատուն, իսկ քրիստոնյա ալբանացիներն իրենց արմատներն են, այնպես որ հայերը ընդհանրապես հերթական անգամ փորձում են հավակնել ադրբեջանական մշակութային արժեքներին և հարցեր բարձրացնել` դրա հետ կապված»: Երբ մարդը նման հայտարարություններով է հանդես գալիս, կարծում եմ` իսկապես նրան դիմելուց առաջ անհրաժեշտ է լինել ծայրահեղ ուշադիր: Ինձ թվում է` սա սխալ է: Բոլորս ենք սխալներ անում, բայց կան սխալներ, որոնք անթույլատրելի են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

«Պարզ է, թե պրն. Լիբլանտը ում հետ է կապված»

Անդրադառնալով առաջարկությունը ստորագրած մյուս պատվիրակին` շվեդ պատգամավոր Լիբլանտին` Դավիթ Հարությունյանն ասաց, որ նա ևս հարցականներ է առաջացնում: Լիբլանտի «առաջացրած հարցականները» Դավիթ Հարությունյանը հիմնավորեց հետևյալ կերպ: 2010 թ. նախատեսվում է Հայաստանում անցկացնել «Ժողովրդավարության ապագան» հերթական ֆորումը, որի նախաձեռնող երկրներից է նաև Հայաստանը: Ֆորումն ամեն տարի անցկացվում է անդամ երկրներից որևէ մեկում: Հայկական կողմը ընտրել էր «Հանրաքվեները` որպես ժողովրդի կամքի արտահայտման միջոց» թեման: «Կարծում եմ` բոլորին պարզ է ենթատեքստը, ինչու է ընտրված «Հանրաքվեն` որպես ժողովրդի կամքի արտահայտման միջոց»: Անմիջապես դրանից հետո պրն. Լիբլանտը սկսեց պայքարը, որպեսզի Հայաստանում չանցկացվի այդ ֆորումը` ասելով, որ «դա ժողովրդավարական երկիր չէ, անթույլատրելի է ֆորումն այնտեղ անցկացնելը»: Չնայած ուղղակիորեն դրանք իրար հետ կապված չեն. ընդամենը տեղի մասին է խոսքը: Ուղղակի թեման, որպես կանոն, ընտրում է այն երկիրը, որտեղ անցկացվում է ֆորումը: Կապերը շատ թափանցիկ են: Պարզ է, թե պրն. Լիբլանտն ում հետ է կապված»,- ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը: Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի առաջարկությունը ստորագրած մյուս պատգամավորին` սոցիալիստների խմբի ղեկավար Անդրեաս Գրոսին` Դավիթ Հարությունյանը նշեց, որ վերջինը նախկինում եղել է Ադրբեջանի զեկուցողներից մեկը մոնիտորինգի հանձնաժողովում: «Այսինքն` ընտրված կազմը շատ մտահոգիչ է ինձ համար: Եվրախորհրդում 300-ից ավելի պատվիրակներ գտնվում էին շենքում, և ստանալ ցանկացած 5 կամ այլ 4 պատվիրակի ստորագրություն` ամենևին դժվար չէ»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ ԵԽԽՎ վերոնշյալ պատվիրակները բացարձակապես մտահոգված չեն Հայաստանի ժողովրդավարության վիճակով, և իրենց նախորդ ելույթներում բազմիցս «ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշում» են որդեգրել Հայաստանի նկատմամբ:

Զարուհի Փոստանջյանի առաջարկությունները շատ հասկանալի և «ողջամիտ են ձևակերպված»

Պատասխանելով այն դիտարկմանը, որ, ըստ Զարուհի Փոստանջյանի` այդ պատվիրակներն իրենք են մոտեցել և առաջարկել ստորագրել լրացումները` Դավիթ Հարությունյանն ասաց. «Մի պահ նա ասում էր, որ ես նրանց պարտավորեցրի, որ նրանք հայանպաստ առաջարկությունների տակ ստորագրեն, մյուս պահին ստացվում է, որ նրանք եկել, իրենք են դիմել իրեն: Այդ հակասություններն ակնհայտ խոսում են նրա մասին, որ փորձվում է ոչ թե սխալն ընդունել, այլ որոշակի հիմնավորումներ գտնել»: Դավիթ Հարությունյանի խոսքերով` Զարուհի Փոստանջյանն իրեն ևս առաջարկել է ստորագրել առաջարկությունները, սակայն ինքը մերժել է, քանի որ իրենց քաղաքական դիրքորոշումներն այլ են, և հենց «դրանով է տարբերվում դիմությունը ընդդիմությունից»: Միաժամանակ նա նշեց, որ ասել է, թե Զարուհի Փոստանջյանի առաջարկությունները շատ հասկանալի և «ողջամիտ են ձևակերպված»` հաշվի առնելով ընդդիմության պլատֆորմը: Դավիթ Հարությունյանի միակ վերապահումը վերաբերում է այդ առաջարկությունները ստորագրելու համար թշնամուն դիմելուն. «Ես համարում եմ շատ ճիշտ և ողջունելի, որ ընդդիմությունը պետք է քննադատի իշխանություններին և առավելագույնն անի, որպեսզի իր քաղաքական պլատֆորմը ևս արտացոլվի բանաձևերում: Բայց ես չեմ համարում նորմալ` ստորագրություններ հավաքելու հարցում դիմել այլ պատգամավորների, որոնց դիրքորոշումը` Հայաստանի հետ կապված, շատ կանխակալ է»: Հարց հնչեց, որ եթե իրականում Զարուհի Փոստանջյանի դիրքորոշումը հայանպաստ չէր, ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցները չեն փորձում դա ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ կամ առնվազն իրենց օգտին դիվիդենտ: Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս թեման այսքան մեծ ուշադրության արժանի չէ. «Ինձ թվում է` այստեղ շատ պարզ ծուղակ էր, որի մեջ ընկել է Զարուհի Փոստանջյանը, ու ես չէի ուզենա, որ այս ծուղակ ընկնելը շարունակվի: Ցավոք սրտի, նա շարունակում է պնդել, որ «ապագայում էլ ես պատրաստ եմ դիմելու հենց նույն քայլին»: Ես չէի ասի` ադրբեջանցիներն են շահել: Ես կասեի, որ մենք հայտնվել ենք բավականին երկիմաստ և ոչ շատ հաճելի իրավիճակում:

Դավիթ Հարությունյանը չի քվեարկել ադրբեջանամետ հակահայ բանաձևի օգտին

Ասուլիսին լրագրողներից մեկը նշեց, որ երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ասել է, որ Դավիթ Հարությունյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ավետ Ադոնցը քվեարկել են «Ժողովրդավարական հաստատությունների գործառնությունը Ադրբեջանում» բանաձևի օգտին, որում նշվում է, թե, իբր, «Ադրբեջանում կայուն ժողովրդավարական զարգացումը չափազանց դժվար է լինելու, քանի դեռ չի վերականգնվել երկրի տարածքային ամբողջականությունը»: Իսկ բանաձևի մեկ այլ կետում Հայաստանի ազատագրված տարածքները նշվում են որպես, այսպես կոչված, «Ադրբեջանի գրավված տարածքներ»: «Թերևս անտեղյակությունն է պատճառը, որ թե Ստեփան Սաֆարյանը, թե Զարուհի Փոստանջյանն ապակողմնորոշել են ձեզ: Այդ նախագծի տակ չկա մեր ստորագրությունը:  Նախագիծն ընդհանրապես քվեարկվում է հանձնաժողովներում հետևյալ ձևով. առանձին նշվում է` ովքեր են մասնակցել հանձնաժողովի նիստին, որից հետո նշվում է քվեարկության արդյունքը: Գրված է, որ այդ նախագիծը հանձնաժողովում ընդունվել է միաձայն, ինչը չի արտացոլում բոլոր նրանց, ովքեր բոյկոտում են այդ քվեարկությունը: Եվ ես, և Ավետ Ադոնցը այդ քվեարկությունը բոյկոտել ենք, որից հետո` երբ նախագիծը ներկայացվել է Վեհաժողովին, հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց առաջարկությունները հենց այն կետերի հետ կապված, որոնց վրա ուշադրություն է հրավիրում Ստեփան Սաֆարյանը»,- ասաց նա: Սակայն, այդ առաջարկությունները չեն ընդունվել լիագումար նիստի ժամանակ: «Այդ իսկ պատճառով մեր պատվիրակությունը, այդ թվում և ես, դեմ ենք քվեարկել այդ նախագծին: Այսինքն` առաջին` հանձնաժողովի քննարկման ժամանակ մենք բոյկոտել ենք այդ նախագիծը և չենք մասնակցել որևէ քվեարկության: Իսկ Վեհաժողովում և առաջարակություններ ենք ներկայացարել, և դեմ ենք քվեարկել: Դա արձանագրված է: Պետք է նաև նշեմ, որ մեր առաջարկությունների պաշտպանության հետ կապված Վեհաժողովում հանդես են եկել Արմեն Ռուստամյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Դավիթ Հարությունյանը կոսմետոլոգիական կենտրոն չի այցելել

Ասուլիսին լրագրողներից մեկը անդրադարձ կատարեց նաև «Ժառանգության» այն «մեղադրանքներին», որ երբ ԵԽԽՎ-ում հակահայկական ելույթներ էին հնչում, հայկական պատվիրակության մյուս անդամները զբաղված էին միջանցքներում շրջելով, գնումներ կատարելով, կոսմետոլոգիական կենտրոններ հաճախելով: Դավիթ Հարությունյանն այս առթիվ նշեց, որ «սա այն դեպքն է, երբ քննադատողները չափը անցել են»: «Յուրաքանչյուրը պատասխանատու է իր աշխատանքի համար: Հայաստանի բանաձևը մեզ համար առաջնահերթ հարց էր այս նստաշրջանում: Մեր կողմից առաջարկությունները ներկայացվել են և ընդունվել են, ընդ որում` ընդունվել են մոնիտորինգի հանձնաժողովում, Վեհաժաղովի կողմից: Եթե ձեզ թվում է, որ սա ուղղակի երկնքից է ընկնում և չի ենթադրում շատ քրտնաջան աշխատանք, ապա դա այդպես չէ»,- ասաց նա:

Գինի, կոնյակ, ժամացույց, գրիչ

Լրագրողներից մեկը հարց տվեց, թե արդյո՞ք 30 մեծ արկղ կոնյակ և նկար է տեղափոխվել Հայաստանից Ստրասբուրգ, ինչի մասին նշել է Զարուհի Փոստանջյանը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ Եվրախորհուրդ է տարվել «6 կոնյակի շիշ` իրենց տուփերով և միայն բարձրաստիճան պաշտոնյաներին փոխադարձ նվերներ հանձնելու» համար: Նրա խոսքերով` նվերներ տալը դիվանագիտական արարողակարգի մաս է: «Վերջում նվերներ են հանձնում միմյանց: Կարծեմ 11 հանդիպում է եղել, որոնցից 6-ի պարագայում նվիրվել է 1-ական շիշ կոնյակ, 3-ի պարագայում նվիրվել է նկար, 2-ի պարագայում` ոչինչ»,- ասաց Դավիթ Հարությունյանը` հավելելով, որ դիվանագիտական պրակտիկայում ընդունված է փոխադարձաբար նվիրել և գինի, և կոնյակ, և ժամացույց, և գրիչ: Անշուշտ, նվերներ տրվում են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահին, սակայն Դավիթ Հարությունյանը չի ստուգում, թե ինչ նվերներ են դրանք: Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ վերջին բանաձևը «շատ օբյեկտիվ է: Միշտ չէ, որ բանաձևերը լինում են օբյեկտիվ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter