HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Հակակարկտակայաններն էլ չփրկեցին բերքը

Կիրակի օրը տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Արմավիրի մարզի 13 գյուղական համայնքներին: Տուժել են հիմնականում մրգատու այգիներն ու բարջար-բոստանային մշակաբույսերը: Վնասի չափը, ըստ մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի` 25-40 տոկոս է:

Կարկուտի հասցրած վնասը հավասարապես կիսել են թե հակակարկտակայան ունեցող համայնքները, թե` չունեցողները: Շենավանցիներն այս տարի առատ բերքի ակնկալիք ունեին. իրենց ապահովագրած էին համարում բնակլիմայական քմահաճույքներից: Ասում էին, թե գյուղում տեղադրված արգենտինական արտադրության հակակարկտակայանն իրենց բերքը կպաշտպանի կարկուտից: Վաղինակ Մանուկյանը 1 հա սոխ է ցանել: Իր ասելով` տեղ-տեղին մշակել ու պարարտացրել է այն հաստատ համոզմամբ, որ տարին բարեբեր է լինելու: «Է, ինչ իմանայի, որ էս հակակարկտակայանն էլ մեզ չի փրկի: Բերքս ընենց ա վնասվել, որ վերականգնելու ոչ մի ճար չկա: Էնա, սոխն արդեն նեխում ա, էլ իմաստ ունի՞ դրա վրա փոխ ծախսել»,-ասաց 500.000 դրամ վարկով ցանքս արած շենավանցի Վաղինակ Մանուկյանը: Վ.Մանուկյանի բախտը չի բերել այնքանով, որ իր հողը հակակարկտակայանից  շուրջ 600 մետր հեռավորության  վրա է գտնվում: Իսկ հակակարկտակայանը, մարզպետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետի տեղակալ Սանասար Բաղդասարյանի ասելով` պաշտպանության 500 մետր ընդգրկման շառավիղ ունի: Վերջինիս փոխանցմամբ` յուրաքանչյուր գյուղին նվազագույնը երկու հակակարկտակայան է պետք, որովհետև «... մեկը շատ թույլ է, չի օգնում»: Ըստ նրա` դեռ խորհրդային տարիներին Արմավիրի տարածաշրջանը համարվել է կարկտային տարածք: Նախատեսված է եղել գյուղերում եռագիծ հակակարկտակայաններ տեղադրել: «Ու հիմա, ամբողջ մարզում ընդամենը 7 հակակարկտակայան կա: Բա, էս պայմաններում գյուղացին իր բերքը ո՞նց ապահովագրած համարի»,-ասաց Ս.Բաղդասարյանը: Գյուղմասնագետի համոզմամբ` մինչև գյուղացիական ապահովագրական գործակալություններ չլինեն` գյուղացին իր բերքը լիարժեք ապահովագրած համարել չի կարող: «Պետությունը որքան էլ ցանկանա` չի կարող հողագործին հասցրած վնասը 100 տոկոսով փոխհատուցի: Իսկ գործակալությունները, որոնցում նաև հենց իրենք` գյուղացիներն են ընդգրկվում և անդամավճարի պես մի բան մուծում, նեցուկ են դառնում գյուղացիներին. վնասի դեպքում էլ` եթե ոչ 100, ապա 90 տոկոսով փոխհատուցում են: Միայն, ափսոս, որ մեր հանրապետությունում նման գործակալություններ չկան»,-ասաց Ս.Բաղդասարյանը:

Կարկուտից տուժած 13 գյուղերի բնակիչները սակայն, սպասելիքներ ունեն կառավարությունից: Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը թեև մարզում էր և իրազեկվեց վիճակին ու վնասի չափերին, բայց փոխատուցման հույսի ակնկալիք անգամ չտվեց գյուղացիներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter