Մասիս Մայիլյան. «Պետք է տանել ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք` ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ»
Հարցազրույց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի հետ:
Ինչպե՞ս կգնահատեիք երեկ կայացած Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումը` ղարաբաղյան կարգավորման համատեքստում:
Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններում ես չեմ նկատել Ռուսաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների փոփոխություններ, բացառությամբ այն բանի, որ Ռուսաստանի նախագահը սատարեց իր ադրբեջանցի գործընկերոջը` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ 1993թ. ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի մասով:
Կարծում եմ, կարգավորման գործընթացի բոլոր մասնակիցներին, առավել եւս այդ գործում ընդգրկված` իրավաբաններին եւ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի շրջանավարտներին հայտնի է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի «ղարաբաղյան» բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ եւ իրենց մեջ ներառում են կոչեր` ուղղված հակամարտության բոլոր կողմերին: Նախքան ուրիշներից ՄԱԿ-ի բանաձեւերի կատարումը պահանջելը` Ադրբեջանը պետք է դադարեցի հայկական պետությունների տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակումը, թշնամական գործողությունները եւ կատարի 16-ամյա վաղեմության քաղաքական այլ խորհրդատվություններ ու հանձնարարականներ:
Իլհամ Ալիեւը դրական է գնահատել Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Խնդրի կարգավորումը, Ձեր կարծիքով, հնարավո՞ր է մոտ ապագայում:
Հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության բոլոր երեք կողմերի դիրքորոշումները, չեմ կարծում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել փոխադարձ ընդունելի որոշման: Ստեղծված իրավիճակում ինչ-որ փաստաթուղթ կարող է ընդունվել կամ Հայաստանի` ԼՂՀ-ի հետ միասին, կամ Ադրբեջանի վրա ուժեղ ճնշում գործադրելու պարագայում:
Արդյո՞ք Իլհամ Ալիեւի նման լավատեսությունը, որով, ի դեպ, նա նախկինում աչքի չէր ընկնում, խոսում է այն մասին, որ բանակցությունները հնարավոր է Ադրբեջանի օգտին են ընթանում:
Ինչպես հայտնի է, վերջին 7-8 ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեք անգամ ԼՂՀ պատգամավորներին եւ քաղաքացիական հասարակությանը ներկայացրել են հակամարտության կարգավորման սխեման` հիմնված այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» վրա: Կարգավորման հրապարակված սխեման հակասում է Հայաստանի եւ ԼՂՀ շահերին եւ բավարարում է Ադրբեջանի հիմնական պահանջները: Ղարաբաղյան կարգավորման հայկական կողմերի համար հնարավոր բացասական հետեւանքների չեզոքացման համար Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիվանագիտությանն անհրաժեշտ է գործի դնել խնդրի լուծման «երկրորդ թրեկը», այսինքն` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին զուգահեռ տանել ակտիվ եւ նպատակասլաց աշխատանք` ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ:
Ակնհայտ է, որ գործընթացում Ռուսաստանը վերջին շրջանում ավելի է ակտիվացել, որի արդյունքում վստահաբար նույնիսկ հայտարարում է հարցի մոտալուտ լուծման մասին: Այս համատեքստում ինչպե՞ս կգնահատեիք Ռուսաստանի դերակատարությունը:
15 տարի առաջ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղացել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման գործում: Ներկայումս Ռուսաստանը ռազմավարական գործընկերության պայմանավորվածություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Մասնակցելով Ադրբեջանի հետ մեր հակամարտության կարգավորմանը` Ռուսաստանը, ինչպես եւ մյուս երկրները, հետապնդում է նաեւ սեփական շահեր: Չի կարելի բացառել մի իրավիճակ, որի դեպքում Ռուսաստանը կարող է զոհաբերել հայկական շահերը` սեփական շահերի ապահովման համար:
Մեկնաբանել