ԿԸՀ-ի նախագահի աշխատավարձը 22 անգամ կգերազանցի թոշակառուին հատկացվող գումարի չափը
ՀՀ կառավարությունը որոշել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձերի բարձրացման համար 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ-ին հատկացնել 14 մլն 529 հազ 500 դրամ: Այդ գումարի շրջանակներում բարձրացվելու է ԿԸՀ-ի անդամների պաշտոնային դրույքաչափերը եւ ֆինանսավորվելու են հանձնաժողովի նորաստեղծ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության աշխատակիցների վարձատրության հետ կապված ծախսերը: Աշխատավարձերի բարձրացման հարցը ներառված է օգոստոսի 25-ի կառավարության նիստի օրակարգում:
Նշենք, որ մինչ այդ, 2011թ. հունիսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի համաձայն, սահմանվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նոր պաշտոնային դրույքաչափերը` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափը հավասարեցվել է Սահմանադրական դատարանի անդամի համար սահմանված դրույքաչափին:
Մինչ օրս ԿԸՀ-ի նախագահը ամեն ամիս ստացել է 300.000 դրամ աշխատավարձ, այսուհետ նրա աշխատավարձը կրկնապատկվելու է` հասնելով ամսական 600.000 դրամի:
Հանձնաժողովի նախագահի տեղակալի դրույքաչափը հավասարեցվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսին, այսինքն, նա էլ նախկին 220.000 դրամի փոխարեն, ամսական ստանալու է 510.000 դրամ: Այդքան աշխատավարձ է ստանալու նաեւ ԿԸՀ-ի քարտուղարը: Ինչ վերաբերում է հանձնաժողովի անդամների դրույքաչափին, ապա վերջիններս էլ ստանալու են 450.000 դրամ աշխատավարձ՝ նախկին 220.000 դրամի փոխարեն:
Հանձնաժողովի նորաստեղծ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարի աշխատավարձը սահմանվելու է 337.500դրամ: Փոխարենը «շեֆերի» համեմատ գռոշներ են ստանալու վերահսկիչ-վերստուգիչ ծառայության իրական աշխատողները, որոնց վրա դրվելու է մեծ պատասխանատվություն: Գլխավոր մասնագետները ամսական ստանալու են 97.200 դրամ, իսկ առաջին կարգի մասնագետները՝ 53.600:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե քանի որ ԿԸՀ-ն, ինչպես նաեւ «շատ անկախ» մարմինների՝ լինի դատական իշխանության, տարբեր մարմինների եւ հիմնադրամների աշխատակիցները, շատ ավելի «կարեւոր» գործ են անում, քան, ասենք, պատգամավորը, բնականաբար շատ բարձր աշխատավարձ պիտի ստանան:
«Եթե իրենք իսկապես պատվով կատարեին այդ գործը եւ հասարակության մոտ վստահություն ունենային, որ իրենք իսկապես անկախ մարմիններ են, ոչ թե իշխանական պատվեր են իրականացնում, բնականաբար, ես էլ որոշակիորեն ըմբռնումով կմոտենայի այդ հարցին` որպես կարեւորագույն պետական ֆունկցիա իրականացնողի: Բայց, քանի որ իրենց աշխատանքը հասարակությունը չի տեսնում, կամ ինչ էլ որ տեսնում է, խիստ բացասական գնահատականի է արժանանում եւ թվանկարիչ որակավորումն է տալիս, բնականաբար, ինձ համար աշխատավարձերի նման բարձրացումն ընդունելի չէ»,-ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուներին նշանակված միջին թոշակի չափը կազմել է 27.095 դրամ՝ մոտ 22 անգամ պակաս, քան ԿԸՀ-ի նախագահինը: Իսկ միջին աշխատավարձը Հայաստանում մոտ 5 անգամ է պակաս ԿԸՀ-ի նախագահի աշխատավարձից՝ հունիսի 1-ի դրությամբ 114.000 դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել