Հայտնաբերվել են որսագողեր
Երեկ երեկոյան տեղեկություն ստանալով, որ Քաջարանի տարածաշրջանի «Գյոլ-գյոլ» լճի մերձակայքում անհայտ անձանց կողմից կատարվում է որս, բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Սյունիքի տարածքային բաժանմունքի աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի ներկայացուցիչների հետ կազմակերպել են շուրջկալ:
Արդյունքում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 4 միավոր հրազեն («Կարաբին» տեսակի ակոսավոր ինքնաշեն և ողորկափող երկուական որսորդական հրացաններ), ինչպես նաև 2 բեզոարյան այծի մաշկազերծված մարմին:
«Ոստիկանության կողմից սկսված է հետաքննություն և համապատասխան քայլեր են ձեռնարկվում որսագողության մասնակից` փախուստի դիմած այլ անձանց հայտնաբերելու համար»,- տեղեկացնում է Բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը:
Ի դեպ, վերջերս Գերմանիայի Դաշնության «Բնության պահպանության միության» հետ համագործակցության շրջանակներում բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնին կից ստեղծվել է որսագողության դեմ պայքարի խումբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել