Նոր առաջարկ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար փոխզիջումների նոր առաջարկ են արել: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության երեկ տարածած հայտարարությունում:

«Փարիզյան հանդիպմանը քննարկվել է Սանկտ- Պետերբուրգում Սարգսյան-Ալիեւ բանակցությունների արդյունքում արձանագրված առաջընթացի շարունակման հնարավորությունը: Բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը ամրագրելու նպատակով ԵԱԿՀ ՄԽ նախագահները փոխիջումների վերաբերյալ նոր առաջարկներ են արել»,- ասվում է հայտարարության մեջ:
Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ԼՂ հարցի վերաբերյալ երեկ սենսացիոն հայտարարություն է արել: Մեդվեդեւը համաձայնել է հարցի առնչությամբ Ադրբեջանի նախագահի բոլոր մտքերի հետ եւ ասել, որ հարցը պետք է կարգավորվի ԼՂ հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւերի շրջանակներում:
Տանում են ԱԱԾ
Պարզվում է, որ պետական միասնական քննությունների ընթացքում ԱԱԾ են հրավիրվել բազմաթիվ դիմորդներ: ԱԱԾ-ն ցանկացել է պարզել, թե նրանք ինչպես են բարձր միավորներ վաստակել, մասնավորապես անգլերենի քննությունից:
ԿԳ նախարարությունից «ՀԺ»-ին ասել են, որ որոշ դիմորդների նախապես հայտնի են եղել թեստերի պատասխանները, ու այդ առիթով հենց նախարարությունն է դիմել ԱԱԾ-ին:
Հարվածել է
Նախօրեին Կոմպոզիտորների միությունում երիտասարդ կոմպոզիտորների հետ ունեցած քննարկման ժամանակ միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը հայհոյել, ապա հարվածել է երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանին:
Ըստ ականատեսների` պատճառն այն է, որ Ա. Բաբաջանյանը Ամիրխանյանին ասել է, թե երիտասարդ կոմպոզիտորների առաջիկա համերգաշարի ընթացքում պետք է կատարվեն նաեւ կոմպոզիտոր Պապալով Անդրանիկի ստեղծագործություններից: Եւ քանի որ դրան դեմ է եղել Ամիրխանյանը, նա երիտասարդին անվանել է «կռիս»: Երբ Բաբաջանյանը հետաքրքրվել է, թե ինչու է իրեն վիրավորում, Ամիրխանյանը բազմաթիվ կոմպոզիտորների ներկայությամբ հայհոյել է նրան, ապա բռունցքով հարվածել է դեմքին:
Երեկ Ամիրխանյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, իսկ Բաբաջանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում ոչինչ ասել, քանի որ չի ուզում խնդիրներ ունենալ:
Փայլուն դիվանագիտություն
«Ամպերը նորից կուտակվել են, եւ տեղեկություններ կան, որ առաջիկայում կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի օրակարգում լինելու է նաեւ ԼՂՀ հարցը: Եվրոպան եւ արեւմտյան թեւը` ի դեմս ԱՄՆ-ի, ունեն իրենց պատրաստած լուծման փաթեթը, որը պարտադրվելու է կողմերին:
Այս իմաստով վիճակը նորից լրջացել է, եւ մենք փորձելու ենք ինչ-որ քայլեր ձեռնարկել` հերթական անգամ վիժեցնելու հերթական վտանգը: Բայց որեւէ անհատի պայմանավորվածությունը «ոչ ընտիրի» հետ հայ ժողովրդի համար որեւէ ուժ չունի»,- «Առավոտին» ասաց «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սէֆիլյանը:
Պարզվում է` ՀՅԴ-ի շնորհիվ էր
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե Դաշնակցության` կոալիցիայից դուրս գալն օգտակար է եղել Հայաստանի համար, օրինակ` կասեցվել են հայ-թուրքական բանակցությունները:
«ՉԻ» - ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալը, իհարկե, իսկապես էլ օգտակար է եղել Հայաստանի համար: Բայց դա նաեւ նշանակում է, որ տարիներ շարունակ կոալիցիայում լինելով` ՀՅԴ-ն վնասում էր Հայաստանին:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կասեցմանը, ապա, որքան հասկանում ենք, հիմա «գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում», եւ եթե անգամ բանակցություններն իսկապես կասեցվել են, անհասկանալի է, թե ինչ կապ ունի դա կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու հետ: Հազիվ թե Թուրքիայի իշխանություններն իրենց արտաքին քաղաքականությունը պայմանավորեն Դաշնակցության քայլերով:
Ամեն դեպքում, լավ է, որ Դաշնակցությունը երկրագնդի վրա տեղի ունեցող բոլոր իրադարձությունների պատճառը համարում է Բյուրոյի որոշումները: Ափսոս միայն, որ ՀՅԴ-ն մի քիչ ուշ դուրս եկավ կոալիցիայից, թե չէ` ո'չ համաշխարհային ճգնաժամ կլիներ, ո'չ` ռուս-վրացական պատերազմ:
Գլուխ գովելու առիթ չունեն
Նշելով, որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը բավարար փաստեր ունի «տեղի ունեցած բռնությունների, ոստիկանության գործողությունների իրավաչափության, ինչպես նաեւ նման իրադարձության կրկնում բացառող քաաքական, իրավական եւ այլ լուծումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար», եւ այդ հարցերի շուրջ եզրակացությունն արդեն պատրաստվում է, Սամվել Նիկոյանը հայտարարել է.
«Եթե խոսքը վերաբերում է` ով է մահ պատճառել կամ սպանություն կատարել, այդ հարցում հանձնաժողովը, ցավոք սրտի, այսպես ասեմ` գլուխ գովելու որեւէ առիթ չունի: Այդ հարցը նախաքննական մարմնի պարտականությունների մեջ է մտնում»:
ՄԻ պաշտպանը ճամփորդում է գրասենյակի հաշվին
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Հայաստան կատարած կարճաժամկետ այցելությունները շատ արդյունավետ է օգտագործում` անմիջապես հարցազրույցներ է տալիս մամուլին եւ էքսպերտի կարգավիճակով խոսում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա թերությունների մասին:
Սակայն արժե, որ ինչ-որ մեկը ստանձնի նրա ղեկավարած կառույցի աշխատակիցների իրավունքների պաշպանությունը: Մեր տեղեկություններով` գրեթե միանման գործառույթներ իրականացնող աշխատակիցները խիստ տարբեր են վարձատրվում: Հատկապես բարձր են վաստակում օմբուդսմենի կնոջ մտերիմները:
Արտասահմաններում ողջ տարին շրջագայող օմբուդսմենը հսկայական գումարներ է ծախսում իր գործուղումների ու ռոումինգ կապի վրա եւ աշխատավարձերը բարձրացնելու հնարավորություն չի տեսնում: Նրա գործուղումների հոդվածն այնքան կայուն է եւ այնպես է կարեւորվում, որ ՄԻՊ աշխատակազմում հատուկ հաստիք են պահում, որը կոչվում է «ՀՀ ՄԻՊ ավիատոմսերի ամրագրման պատասխանատու», այն զբաղեցնում է ոմն Կարինե Կուրղինյան:
Իրանը հետ է կանչել Բաքվում իր դեսպանին
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը արագ հետ է կանչվել խորհրդակցության համար: Իրանի իշխանությունների այդ որոշումը կայացվել է երկրի հասցեին Բաքվում հնչած սպառնալիքների պատճառով: Դեր է ունեցել նաեւ այն փաստը, որ հունիսի 21-ին, մեկնաբանելով Իրանի ընտրությունները, Իսրայելի նախագահ Պերեսը հույս է հայտնել, որ ներկայիս Իրանի կառավարությունը «կանհետանա»:
Հունիսի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին դատապարտել է Իսրայելի նախագահի այցը Բաքու, ինչպես նաեւ ծրագրվող Ադրբեջանի դեսպանատան բացումն Իսրայելում: Նա հայտարարել է, որ Թեհրանը ձգտելու է սահմանափակել իսրայելական ադեցությունը հարեւան պետություններում: Որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ եւ լրագրողներ Ֆիրուզաբադի խոսքերն ընդունել են որպես կոպիտ միջամտություն պետության ներքին գործերին, հաղորդում է newsru.co.it-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել