HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ջիլիզայի անտառտնտեսության» նախկին տնօրենի դատավարությունը շարունակվում է

18_05-kochinyanՀունիսի 30-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվեց «Ջիլիզայի անտառտնտեսության» նախկին տնօրեն Հովհաննես Քոչինյանի գործով  դատաքննությունը: Դատարանում վկայություն տվեց վկա Արման Լորսաբյանը:  Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2003թ.-ից մինչև 2006թ.-ի հունիսը աշխատելով «Ջիլիզայի անտառտնտեսություն»  ԴՓԲԸ-ի  տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հովհ. Քոչինյանը միաժամանակ ղեկավարել է իր կողմից 2000թ.-ին հիմնադրած «Էրիկ-Էդիկ» արտադրական կոպերատիվը և 2002թ.-ին հիմնադրած «Շնող» ՍՊԸ-ն: Իր պաշտոնական դիրքը օգտագործելով Հ.Քոչինյանը  «Շնող» ՍՊԸ-ի ենթադրյալ նախագահ Արման Լորսաբյանի անվամբ  2005թ.-ի նոյեմբերի 13-ին կազմել է «Ջիլիզա անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի  պահեստից 10 813 851 դրամ արժողությամբ` 10 558 լիտր բենզին և 22 755 լիտր դիզելային վառելիք ի պահ ընդունելու կեղծ գրություն և այդ կերպ  յուրացրել է դրանք: «Ես աշխատել եմ Ալավերդու Կախոյան փողոցի վրա գտնվող բենզինի լցակայանում, որպես լիցքավորող,  լցակայանը պատկանում է Հովհ. Քոչինյանին: Այդքան», - սկզբում ասաց վկան Արման Լորսաբյանը:  Ապա ավելացրեց, որ լցակայանում ընդամենն աշխատել է լիցքավորող: Դատավոր Ս. Բաղդասարյանի` իրեն երբևէ բենզին ի պահ տալու մասին հարցին, Արման Լորսաբյանը պատասխանեց.«Չէ, չէ»: Արման Լորսաբյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը  որևէ ընկերության տնօրեն կամ նախագահ չի աշխատել: Վկան  չկարողացավ հիշել, թե երբվանից է Հովհ. Քոչինյանին պատկանող լցակայանում աշխատել, հայտնեց, որ լցակայանում աշխատանքի ընդունման հրաման կամ պայմանագիր  չի ունեցել: «Ես թղթաբանության հետ գործ չեմ ունեցել, իմ պարտականությունների մեջ էլ մտել  միայն վաճառել վառելիքը»,-ասաց  Արման Լորսաբյանը: Լցակայանի վառելիքի տարողության մասին հարցին պատասխանեց. «Եթե չեմ սխալվում մեկը 3 տոննա է, մեկը 6 տոննա, բայց բազայից բերվում էր, Հաղպատի տակի լցակայանից, որ նույնպես պատկանում էր Հովհաննես Քոչինյանին: Վառելիքի ընդունման հետ կապված ես ընդհանրապես թղթաբանությամբ չեմ զբաղվել»,-կրկնեց Արման Լորսաբյանը: Հ. Քոչինյանի հարցին Արման Լորսաբյանը պատասխանեց, որ եղել են դեպքեր, երբ Շամլուղի անտառտնտեսությունից Հ. Քոչինյանի հանձնարարական գրությամբ տակառներով բենզին են տարել: «Ձեզ չեն ասել այդ մարդիկ ու՞ր են տանում այդ վառելիքը»,-վկային հարցրեց Հ. Քոչինյանը: «Ոչ, ես չեմ հարցրել և չգիտեմ ուր են տարել այդ վառելիքը»,- պատասխանեց Արման Լորսաբյանը: Հ. Քոչինյանը վկային հիշեցրեց, որ իրեն պատկանող լցակայանում նա աշխատել է 1999թ.-ից մինչև 2005թ.-ը: Դատավոր Ս. Բաղդասարյանի հարցին, թե վկան «Ջիլիզայի անտառտնտեսություն» ԴՓԲԸ-ի հետ որևէ գործարք, կամ պայմանագիր կնքել է, թե` ոչ, Արման Լորսաբյանը պատասխանեց, որ նման գործարքներ չի կնքել: «Եթե Ձեր անվամբ որևէ նման փաստաթուղթ լինի կազմված, ինչ կասեք այդ մասին»,- վկային հարցրեց դատավոր Ս. Բաղդասարյանը, որին էլ Արման Լորսաբյանը պատասխանեց. «Ես թղթաբանության հետ ոչ շփվել եմ, ոչ էլ գործ ունեցել, ես միայն վառելիքն ընդունել եմ, որը կամ վաճառել եմ, կամ էլ իրենց տված չեկերով բաց եմ թողել»: Այստեղ էլ Հ. Քոչինյանը միջամտեց. «Խոսքը վերաբերվում է այն փաստաթղթին, որ քո անունից ես եմ կազմել, նաև քննիչի մոտ փոխադարձ առերեսման ժամանակ, հետո եմ ես դա ասել, չէի էլ, իմ աշխատողին ասելու, թե, որն ում համար է: Որևէ մեկը չի էլ ասում, որ դու գրություն ստորագրել ես, վերաբերվում է ի պահ տված էն 20տ վառելիքին: Ես եմ քո փոխարեն գրել, ու քո անունից»:  Դատարանում փաստորեն Հովհաննես Քոչինյանը խոստովանեց իր կողմից կատարված կեղծիքի փաստը: Արման Լորսաբյանը դատարանին նաև հայտնեց որ «Ջիլիզայի անտառտնտեսությունից»  «Շնող» ՍՊԸ-ին 10 558լիտր բենզինը և 22 755 լիտր դիզելային վառելիքն ի պահ տալու  գրության  տակ դրված ստորագրությունն իրենը չէ: «Դուք գրությունով չեք գրել, բայց «Ջիլիզայի անտառտնտեսության» համար բենզին բաց եք թողե, չէ՞,- վկային հարց ուղղեց Հ. Քոչինյանը: «Նու ստորագրությունը, քոնը չէ, բովանդակությունը ճիշտ է՞»,- վկային հարցրեց  Հ. Քոչինյանի ներկայացուցիչ փաստաբան Կարեն Թումանյանը: «Ես ընդհանրապես թղթերի հետ գործ չեմ ունեցել, ես տենց աբիոմ չէի  էլ կարող միանգամից ընդունել, մենք վառելիքն ընդունել ենք Հաղպատի լցակայանից»,-  պատասխանեց վկան: Դատարանը սրանով ավարտեց գործի հետ առնչվող վկաների հարցաքննությունը: Այնուհետև Կարեն Թումանյանը պատճառաբանելով,  որ,   քրգործով բոլոր գործողությունների վնասը հասցվել է  «Հայանտառ» ՊՈԱԿ-ին , միջնորդեց  վերջինիս ճանաչել տուժող և ներգրավել գործում: Միջնորդությանը մեղադրող կողմն առարկեց, պատճառաբանելով, որ  միջնորդությունն արվում է դատաքննությունը ձգձգելու նպատակով և դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը: Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  հուլիսի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter