
«Հայք» օրաթերթի դեմ վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 13-ին
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ Սուսաննա Բաղդասարյանի հայցը՝ ընդդեմ «Հայք» թերթի և նախկինում այդ թերթի, այժմ` «Ժամանակ» օրաթերթի լրագրող Արման Գալոյանի:
Հայցն առնչվում է 2008թ. փետրվարի 8-ին «Հայք» օրաթերթում հրապարակված «Սպանության հետքերով» հոդվածին:
Հայցվորը պահանջում է դատարանից «Հայք» թերթին և լրագրող Արման Գալոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորելու և զրպարտելու համար, իսկ եթե հնարավոր չէ պահանջն իրականացնել «Հայք» թերթի միջոցով, քանի որ օրաթերթն այլևս լույս չի տեսնում, ուրեմն հերքել հրապարակած տեղեկատվությունը զանգվածային լրատվական այլ միջոցներով:
Դատական նիստին հերթական անգամ ներկա չէր պատասխանող կողմը: Դատավորը վճռի հրապարակումը հետաձգեց, քանի որ Սվետլանա Առաքելյանի պատշաճ ծանուցումը վկայող կտրոնը դատարանը դեռ չէր ստացել: Դատավոր Կարինե Պետրոսյանը ենթադրեց, որ հնարավոր է` խնդիրը փոստային ծառայության հետ է կապված:
Հիշեցնենք, որ դատարանը հաստատել էր հայցվոր կողմի միջնորդությունը՝ լրագրողին տեղեկություններ հայտնած Սվետլանա Առաքելյանին որպես պատասխանող գործում ներգրավելու մասին:
Դատարանը վճիռը կհրապարակի սեպտեմբերի 13-ին:
Մեկնաբանել